HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տարոն Սիմոնյան. «Եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանն ուժի մեջ է»

Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննվող գործի դիմումը, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրության փոփոխության սահմանադրականության քննության հարցով ՍԴ դեռ չի դիմելու: Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը վիճարկելու համար, ինչպես իրենք են հայտարարել, կդիմեն այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունն ավարտված լինի:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` այդ կերպ իրենք չեն առնչվի քաղաքական պրոցեսին` թույլ տալով Սահմանադրության փոփոխության սահմանադրականության որոշման հարցն իրականացնել միայն իրավական գործընթացում:

Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարություններին ծանոթացել է:

«Իմ լավ բարեկամ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին էն հարցին, թե ինչ կապ ունի դիմումը հետ վերցնելը ՍԴ-ում քննող գործի քննության հետ, գործը քննվելու է»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով` իրենց հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ-ում քննվելու է հուլիսի 7-ին, և որպեսզի իրավական գործընթացի վրա քաղաքական ներազդեցություն չլինի, չստվերվի իրավական գործընթացը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները իրավական գործընթաց կսկսեն այն ժամանակ, երբ Քոչարյանի գործի քննությունը կայացած լինի:

«Անկախ նրանից, որ դիմումը հետ են վերցնում, գործը քննվելու է, եթե ՍԴ-ն ասի, որ գործը չի քննելու, մեր պայմանը ուժի մեջ է։ ՍԴ-ն է որոշում` քննի, թե չէ: Մենք ասել ենք, եթե ՍԴ-ն որոշում է կայացնելու, դրանից հետո համապատասխան իրավական գործընթաց կկազմակերպենք»,- ասաց Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով` այդ գործի քննությունից հետո պատրաստ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ դիմել ՍԴ` Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականության քննության հարցով:

Ըստ նրա` Քոչարյանի փաստաբանական թիմը, դիմումը հետ վերցնելով, քաղաքականացնում է գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter