HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արամի 23-ը՝ հեղափոխականության փորձաքար. Կառավարության նպատակը հուշարձան-շենքը վերականգնելը չէ

2019 թ. փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանում հնգակողմ պայմանագիր ստորագրվեց, որով կողմերն ստանձնեցին Արամի փողոցի 23 հուշարձան-շենքի վերականգնումը: Պայմանագիրն ստորագրելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ անմիջապես կսկսեն վերականգնման աշխատանքները: Այդ օրից անցել է մոտ 1,4 տարի և դեռևս ոչ մի աշխատանք չի կատարվել: Կառավարությունը մեկ հաստատում, մեկ մերժում է պատվիրված նախագիծը՝ անթաքույց սպասելով շենքի վերջնական փլուզմանը:

«Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան-շենքի կառուցապատողը և այդ տարածքի սեփականատերը չեն կատարում իրենց պարտականությունները՝ վերականգնման աշխատանքներ չեն իրականացվում-, ահազանգում է իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա»  կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ճարտարապետ-վերականգնող Դավիթ Նահատակյանը: 

Շենքի վերականգնման նախագիծը պատվիրվել էր այս կազմակերպությանը: Պայմանագիրն ստորագրել են՝ նախագծի հեղինակ «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա»  կազմակերպությունը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացա»-ի նախագահ Տիգրան Հեքեքյանը, որը Արամի 23 հասցեի շենքի սեփականատերն է, «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն, որն զբաղվում է այդ տարածքի կառուցապատմամբ, Երևանի քաղաքապետարանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը:

Իտալական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ և նախագծի համահեղինակ Դավիթ Նահատակյանն ասում է, որ մարտի 20-ին «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա»  կազմակերպությունը քաղաքապետարանի հաստատմանն է ներկայացրել հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման նախագիծը: 

Ճարտարապետը նշում է, որ Արամի 23 հասցեի շենքի նախագծային աշխատանքերը բաժանված են երեք փուլերի, որի առաջին փուլն իրենից ենթադրում էր շենքի խիստ անհրաժեշտ ամրակայումները: Այսինքն՝ փոսորակից սկսած հիմքերի և ամբողջ կառույցի խիստ անհրաժեշտ միջամտությունները, որի հետևանքով շենքն ուղղակի չէր շարունակի քանդվել: Երկրորդ և երրորդ  փուլերն արդեն շենքին պատճառված մյուս վնասների ամբողջական վերացումն էր փուլ առ փուլ:

Շենքի վերականգնման նախագիծը իտալական կազմակերպությանը պատվիրել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացա»-ի նախագահ Տիգրան Հեքեքյանը: Ասոցիացիան հուշարձան-շենքը տնօրինում է դեռևս 1995 թ.-ից, իսկ 2002 թ.-ից դրա սեփականատերն է: 19-րդ դարի այս շենքը գերակա հանրային շահ ճանաչված Հյուսիսային պողոտայի իրացման տարածքում գտնվող եզակի կառույցներից է, որը դեռևս կանգուն է: 2018 թ.-ից «Հայաստանի փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացա»-ի նախագահ Տիգրան Հեքեքյանն ահազանգում է շենքի փլուզման մասին: Արամի 23-ն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում և գտնվում է այն տարածքում, որտեղ կյանքի է կոչվելու «Հին Երևան» նախագիծը։

Շենքը 4-րդ կարգի վթարային է դարձել «Հին Երևան» նախագծի շրջանակում սկսված փորման աշխատանքներից հետո

«Հին Երևան» նախագծի կառուցապատման իրավունքը Կառավարությունը հանձնել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին: 

Տիգրան Հեքեքյանն ասում է, որ շենքի փլուզվելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին  գրել է 2018 թ. օգոստոսից: 2018 թ. նոյեմբերի 23-ին, Ն. Փաշինյանը տասնյակ լրագրողների և կառավարության աշխատակիցների մի խմբով անակնկալ մտել է տարածք: «Պատը փլվում էր արդեն: Նա նայեց, ասաց՝ կարելի՞ է սա վերականգնել: Իրեն ասացին՝ այո: Ասաց՝ վերականգնե՛ք»,- պատմում է Տ. Հեքեքյանը:

Վերջինիս ասելով՝ վարչապետի հեռանալուց ուղիղ 2 ժամ հետո վերադարձել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը: Նրա հետ էին շինարարների միության նախագահը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորը, մշակույթի նախարարի նախկին տեղակալ Տիգրան Գալստյանը: «Պատմական» պատին, որն արդեն փլվել է, Ա. Էլոյանը նրանց ցույց է տվել շենքը վերականգնելու իր պատկերացրած տարբերակը, որին նրանք հավանություն են տվել: Հայտնել են, որ երկու շաբաթը բավական է շենքը վերականգնելու համար և հեռացել են:

Անվանի խմբավարն ասում է, որ նրանց հեռանալուց հետո երկար ժամանակ հարցը մոռացության է տրվել: «Այդ ժամանակ հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանի անակնկալ այցը խորհրդարանական արտահերթ ընտրությունից առաջ արված պարզ փիար էր: Այդ ընթացքում շենքի պատը փլվեց, մենք մեծ աղմուկ բարձրացրինք, որն էլ, հավանաբար, Ն. Փաշինյանին հարկադրեց հանձնարարել Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ աղմուկը լռեցնելու միջոցներ գտնել»,- ասում է Տ. Հեքեքյանը: 

Կառավարության աշխատակազմի ղեկավարը բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկում է նախաձեռնել, որի ժամանակ որոշել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ»ն տարածք տրամադրել, որպեսզի անգործ չմնան, իսկ շենքն սկսեն արագ վերականգնել: 

Պրն Հեքեքյանին խիստ զարմացրել է, որ քննարկումից հետո իրեն են ասել, որ ճարտարապետ գտնի և սկսի շենքի վերականգնման աշխատանքները: «Նրանք պետք է անեին այդ ամենը, բայց այդ դեպքում բացահայտ կերևար, որ ձգձգում են: Որոշեցին մեզ վրա թողնել՝ համոզված լինելով, որ մենք չենք կարող: Ասացի՝ բայց ինչո՞ւ մենք, ժողովի ժամանակ այդպես չպայմանավորվեցինք: Ասացին, թե այդպես որոշվեց, որ հետո ձեր սրտով լինի»,- պատմում է Տ. Հեքեքյանը: 

Ասոցիացիայի նախագահն ասում է, որ այդ ժամանակամիջոցում Հայաստանի ճարտարապետների լիցենզիաների ժամկետը լրացել էր և գիտեին, որ ոչ ոք չի համաձայնի վերականգնման նախագիծ անել: Ավելին, ճարտարապետներն, ում դիմում էին շենքը վերականգնելու համար, պայմանավորվելուց երկու օր հետո հրաժարվում էին: Հասկացել են, որ նրանց թույլ չեն տալիս: 

Իտալիական կազմակերպությունը համաձայնել է նախագիծ պատրաստել: 2019 թ. փետրվարի 8-ին կողմերը կնքում են շենքի վերականգնման պայմանագիրը և արդեն մարտի 20-ին «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» կազմակերպությունը նախագիծը ներկայացնում է քաղաքապետարանի հաստատմանը: «Հարցն այսպես էր դրված՝ արագ ենք անում, որովհետև սա սովորական կառույց չէ, չենք ձգձգում: Ուստի, ակնկալում էինք, որ մեկ շաբաթից կասեն՝ սկսեք ամրակայման և վերականգնման աշխատանքները»,- այդ օրերի տրամադրություններն է վերհիշում պրն Հեքեքյանը:

ԿԳՄՍ նախարարությունը համաձայնությունը տալիս է իտալական կազմակերպության ներկայացրած նախագծով շենքը վերականգնելուն, իսկ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը շինթույլտվությունը ձգձգում է այնքան ժամանակ, մինչև պայմանագրի ժամկետը լրանում է: 

«Պայմանագիրը 4 ամսով էր կնքվել, գործողության ժամկետը մինչև 2019 թ. մայիսի 31-ն էր, իսկ քաղաքապետարանը ճարտարապետահատակագծային առաջադրանքը միայն հունիսի 24-ին տվեց: Պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել էր»,- հայտնեց Դավիթ Նահատակյանը:  

Տիգրան Հեքեքյանն ասում է, որ այդ ընթացքում իրենք անընդհատ գրություններ էին ուղարկում պատկան մարմիններին, ասուլիս էին հրավիրում և ահազանգում էին շենքի քանդվելու մասին: Զուգահեռաբար Ա. Մեսչյանը և մյուսները սցենարներ էին գրում, թե ինչպես խուսափեն շենքը վերականգնելուց, և որոշեցին կրկին ժողով հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ: 2019 թ.-ի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ մասնակիցների մեջ նոր մարդ է հայտնվում՝ «Ամուր քնսթրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունին, որը Վարդան Սրմաքեշի շինարարն է: 

«Նախարարը հարցնում է՝ եկեք մտածենք, թե ինչպե՞ս փրկենք շենքը: Ես ասացի, որ իտալական կազմակերպությունը նախագիծ է ներկայացրել: Այդ ժամանակ Ավետիք Էլոյանն ասում է՝ ի՞նչ եք կպել իտալացիներից: Ասացի՝ մեզ խնդրել եք ճարտարապետ գտնել՝ մենք էլ գտել ենք: Հարցրեց՝ Հայաստանում չկա՞ր: Ասացի՝ ոչ, Հայաստանում բոլորի լիցենզաներն այդ ժամանակ ավարտված էին: Իսկ իրենք ունե՞ն: Ասացի՝ այո, և՛ Իտալիայում ունեն, և՛ Հայաստանում է գործում նրանց լիցենզիան: Ասում է՝ կարո՞ղ եմ տեսնել նախագիծը: Ներկայացնում եմ, նայում է ու շպրտում սեղանին՝ ասելով, թե հիմար նախագիծ է: Ասացի՝ այս հիմար նախագիծը հաստատել են Երևանի քաղաքապետարանը և ԿԳՄՍ նախարարությունը»,- քննարկման ժամանակ ծավալված երկխոսությունն է ներկայացնում Տիգրան Հեքեքյանը: 

«Հայաստանի փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացա»-ի հիմնադիր-ղեկավարը նշեց, որ մինչ այդ անընդհատ շրջանառվում էր, թե Ա. Մեսչյանը Արամի 23-ը վերականգնող 4 նախագիծ է ներկայացրել, որը ԿԳՄՍ նախարարությունը չի հաստատում: «Ա. Մեսչյանն ընդամենը մի նախագիծ է ներկայացրել, որը չի ընդունվել: Մեսչյանին այդտեղ «մերկացրի», նա սկսեց գոռգոռալ, թե՝ «ես եմ մեղավոր, ես այդ շենքը պետք է քանդած լինեի: Հետո անընդհատ կրկնում էր՝ «քանդելու եմ ես էդ շենքը»,- պատմում է Տ. Հեքեքյանը:

Քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարը Սևակ Արզարունուն հարցնում է, թե քանի՞ օրում նախագիծ կարող է ներկայացնել: Նա 2 օր ժամանակ է խնդրում նախագիծ պատրաստելու համար: Ս. Արզարունին նախագիծը ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հաստատմանն է ներկայացնում 2 ամիս անց: «Նախարարությունը մերժեց նրա նախագիծը, որովհետև այն շենքը քանդելու նախագիծ էր»,- ասում է Տ. Հեքեքյանը: Երբ այլընտրանքային նախագիծն այդպես էլ չի գտնվում, դարձյալ վերադառնում են «Լուչիո Սպեկա» ՍՊԸ-ի ներկայացրած տարբերակին:

Իտալական կազմակերպությունը աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին առաջարկում է փոփոխված ժամանակացույցով պայմանագիր կնքել և վճարել պատվիրված նախագծի համար: 2019 թ. դեկտեմբերի 30-ին դիմել են Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով շինարարության թույլտվությունը ձևակերպել «Ամուր քնսթրաքշնս» ՍՊԸ-ի անունով: «Ասում եմ՝ երկարացրեք ժամկետը, որպեսզի իտալացիները շարունակեն աշխատանքը: Ասում են՝ այո և ձգձգում են այնքան ժամանակ մինչև շենքը քանդվի»,- ասում է Տիգրան Հեքեքյանը: 

Պատմամշակութային հուշարձան-շենքի պահպանման համար պայքարող պրոֆեսորն ասում է, որ այդ ընթացքում ևս մեկ դերակատար է հայտնվում այս պատմության մեջ՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը: «Նա փետրվար ամսին ինձ հրավիրում է իր մոտ, համոզում է հրաժարվել իտալացիների նախագծից և նոր նախագիծ պատվիրել՝ բերելով անհասկանալի և անհիմն պատճառաբանություններ»,- ասում է պրոֆեսորը: 

Պրն Հեքեքյանի ասելով՝ նախարարի խորհրդականի դիրքորոշումը պատճառ հանդիսացավ, որպեսզի պայմանագիրը չստորագրվի և շինարարությունը չսկսվի: Նա այդ եզրահանգման է եկել «Ամուր Քնսթրաքշնս» ՍՊԸ-ի մայիսի 15-ի նամակն ընթերցելով, որն ուղղված էր շահագրգիռ կողմերին: Ընկերության տնօրեն Ս. Արզարունին հայտնում է, որ պատրաստակամ են սկսելու Արամի 23 շենքի ամրակայման աշխատանքները հաստատված նախագծով, սակայն չեն կարողանում, քանի որ «ամրակայման նախագծի վերաբերյալ ընդհանուր հայտարար չի ձևավորվում ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «ՀՓԵ» ասոցիացիայի միջև»: 

«Իտալացիների նախագիծը նրանց ձեռտնու չէ, որովհետև դրանով շենքը պետք է վերականգնել, իսկ նրանք ասում են՝ քանդելու ենք այդ շենքը»,- չարչրկված նախագծից հրաժարվելու պարտադրանքներն այսպես է մեկնաբանում պրն Հեքեքյանը:

Տ. Հեքեքյանն ասում է, որ 5 օր անընդմեջ ինքը և Ս. Արզարունին իրար հաջորդելով նամակներ են գրել ԿԳՄՍ նախարարություն: Դրանից հետո նախարարությունն իրենց ուղարկած պատասխանում սքողված մի միտք է նշել, որ դեմ չեն շինարարությունն այդ նախագծով իրականացնելուն: «Ոչ թե՝ «այո» են ասում, այլ՝ ուղղակի դեմ չեն»,- ընդգծում է շենքի սեփականատերը: 

Ի վերջո, գրությունը տալիս են Ս. Արզարունուն և ասում, որ նախարարությունը թույլ է տալիս աշխատանքներն սկսել, քաղաքապետարանից էլ շինթույլտվությունն ունեն՝ եկեք սկսենք աշխատանքները: Հունիսի 6-ին Ս. Արզարունին պատասխանում է, որ ֆինանսական սղության պատճառով չեն կարող նախագիծն ամբողջությամբ իրականացնել: Կարող են ընդամենը ամրակայման նախագծի մի քանի հատվածն իրականացնել, «այդքանը լիովին բավարար է շենքի պատի ամրացումն ապահովելու և հետագա փլուզումները կանխելու համար»: 

«Այդ առաջարկով «Ամուր Քնսթրաքշնս»-ը էապես շեղվում է հաստատված նախագծի թե՛ ընթացակարգից, թե՛ ծավալներից: Նրան ասում ենք, որ օրենքի համաձայն՝ պետք է շինարարությունը կատարեք փուլերով, բայց անպայման պահպանելով փուլերի հերթականությունը: Պնդում ենք, որ պետք է ամրակայել հուշարձան շենքը, այսինքն՝ նախևառաջ փոխհատուցել այն վնասները, որ կրել է շենքը: Պետք է հուշարձանը բերել նախկին վիճակին, ինչպիսին եղել է, որից հետո շարունակել «Հին Երևան» բիզնես ծրագիրը: Այդ հարցում մենք տեսնում ենք ԿԳՄՍ նախարարության և քաղաքապետարանի տկարությունը: Երբ նրանք կարողանան լուծել այս հարցը, «Հին Երևան» նախագիծը կարելի է սկսել»,- հայտնում է նախագծող ճարտարապետ Դավիթ Նահատակյանը:  

Հունիսի 17-ին «Ամուր Քնսթրաքշնս» ՍՊԸ-ն նրանց վերջնականապես պատասխանել է, որ մտադիր չէ շինարարությունն իրականացնել հաստատված նախագծով:

Վերականգնող-ճարտարապետ Դավիթ Նահատակյանն ասում է, որ ժամանակին թե՛ տարածքի սեփականատերը, թե՛ կառուցապատող «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն հավաստիացրել են, որ շուտով կսկսեն աշխատանքները, ոչ մի խոչընդոտ չկա, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի իրականացվել: «Հիմա էլ ասում են, որ իրենք բավարար ֆինանսներ չունեն աշխատանքներն սկսելու համար: Դա ուղղակի անհեթեթ է և 2020 թ.-ից ասում են՝ մենք պատրաստ ենք սկսելու, հանկարծ գրություն են գրում, որ գումար չունենք սկսելու համար»,- հայտնեց ճարտարապետը: 

Դ. Նահատակյանն ասում է, որ նախագիծը պատրաստելու համար «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա»  կազմակերպությանը պետք է վճարի «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն, որը հանդես է գալիս իրացման տարածքի սեփականատեր, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի անունից: Պատվիրատուն մինչ օրս չի վճարել իրենց գումարները: Նա ասում է, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո իտալական կազմակեպությունը չշտապեց դատական գործընթաց սկսել, որպեսզի չխոչընդոտի աշխատանքներին: Իտալական կողմը պատրաստվում է դատարան դիմել, որպեսզի վճարեն նախագծի համար: «Սպասում ենք մեր իտալացի գործընկերոջ ժամանելուն, որը դժվարացավ այս ամիսներին: Երբ եկավ՝ կդիմենք դատարան կամ կդիմենք Եվրոպայում արբիտրաժային դատարան»,- հայտնեց նախագծի համահեղինակ Դ. Նահատակյանը: 

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռևս պայմանագիրն ստորագրելու օրերին լրագրողներին հայտնեց, որ կառուցապատողը 14 մլն դրամ կհատկացնի իտալացի ճարտարապետին՝ Արամի 23 շենքի վերականգնման նախագիծը պատրաստելու համար։

Արամի 23-ի շենքի վերականգնման չարչրկված պատմության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար մի քանի հարց էինք ուղղել Երևանի քաղաքապետին: Մեր գրավոր հարցմանը Երևանի քաղաքապետարանից բանավոր պատասխանեցին, թե իրենք շինթույլտվություն տրամադրել են և իրենց գործառույթն այդքանով սահմանափակվում է: Թե ինչու շենքի վերականգնման աշխատանքներ չեն իրականացվում, միգուցե ԿԳՄՍ նախարարությունը կպարզաբանի, դիմենք նրանց: 

Մենք, իհարկե, պարզաբանումների համար դիմել ենք նաև ԿԳՄՍ նախարություն և սպասում ենք պատասխանին:  Անկախ տրված պատասխանից այս պատմության գլխավոր հերոսը՝ Տիգրան Հեքեքյանը, իր երկամյա պայքարից եզրահանգումներ արել է:

«Արամի 23-ը դարձավ այն փորձաքարը, որը պիտի ապացուցեր, իրո՞ք, այս իշխանությունը հեղափոխական է, թե՞ ընդամենը դերակատարներն են փոխվել»,- շենքի ոդիսականը եզրափակում է Տիգրան Հեքեքյանը:  

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter