
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմեց Սահմանադրական դատարան
Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց դիմումը մուտքագրեցին Սահմանադրական դատարան (ՍԴ)` վիճարկելու խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականությունը:
Հիշեցնենք, որ ըստ այդ նախագծի` այսօրվանից ՍԴ երեք անդամ-դատավորների` Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվելու են: Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով` դիմումի ներքո ստորագրել է 26 պատգամավոր:
Երեկ գիշերվանից, երբ հայտնի դարձավ ԲՀԿ-ի` ՍԴ դիմելու մասին, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները պնդում էին, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը ոչ թե 26-ն է, այլ 27-ը, հետևաբար դիմումը չի կարող մուտք արվել:
Զոհրաբյանն այս հարցի վերաբերյալ չցանկացավ մեկաբանություն տալ:
Զոհրաբյանի խոսքով` երեկոյան ՍԴ են ուղարկել դիմումի էլեկտրոնային տարբերակը, այժմ բերել են բնօրինակը: Պատգամավորը հայտնեց, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարն ասել է, որ սահմանված ընթացակարգերի համաձայն` կորոշվի դիմումը վարույթ ընդունվում է, թե ոչ: Դրա համար անհրաժեշտ է առավելագույնը 15 օր:
Մեկնաբանել