HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եռակողմ համաձայնագրի արդյունքում Վանաձորի Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում բնակվող 16 ընտանիքի համար բնակարաններ կկառուցվեն

Լոռու մարզպետարանը հայտնում է, որ հունիսի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրով տրվել է տնակային ավանների բնակիչներին բնակարաններով ապահովելու նախաձեռնության մեկնարկը:

Լոռու մարզպետարանի` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի` ի դեմս տնօրեն Հրահատ Ստեփանյանի, և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի` ի դեմս նախագահ Աշոտ Եղիազարյանի, միջև կնքվեց համաձայնագիր Վանաձոր համայնքի տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար բնակարաններ կառուցելու նպատակով:

Ըստ համաձայնագրի, առաջին փուլով շահառուները կընտրվեն Սանկտ Պետերբուրգի տնակային ավանում բնակվող ընտանիքներից, որոնց համար Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա, կկառուցվեն բնակարաններ՝ նախատեսված առայժմ 16 ընտանիքի համար:

Լոռու մարզպետարանը համաձայնագրի շրջանակներում պարտավորվում է իրականացնել ինժեներական ցանցերի կառուցումը (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, ճանապարհներ), ըստ նախահաշվի մոտ 50 միլիոն դրամի չափով, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը կհատկացնի 144 միլիոն դրամ՝ քարե տների շինարարության իրականացման համար և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն, որը պատասխանատվություն կկրի ծրագրի իրականացման ողջ ընթացքի համար՝ 16 միլիոն դրամ:

Բնակարանների արժեքից 5 մլն դրամը շահառուների համար լինելու է անհատույց նվիրատվություն, մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով՝ բնակարանամուտից հետո, 10-15 տարվա ընթացքում, թեև շահառուների նկատմամբ այս հարցում կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանց համար ֆինանսական ծանր բեռ չառաջանա: Այս փուլում նախապատվությունը կտրվի 4 և ավելի անդամ ունեցող ընտանիքներին:

-Այս ծրագրի շնորհիվ նպատակ ունենք լուծելու մարզի տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը ու նաև վերջնականապես ազատվելու տնակային ավաններից: Առաջին փուլի համար ընտրել ենք Սանկտ Պետերբուրգի տնակային ավանը, քանի որ այն ամենամեծն է Վանաձորում և բացի այդ, լուրջ կարևորություն ունի քաղաքաշինական առումով,-ասաց մարզի ղեկավարը՝ նաև շեշտելով, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:

Անդրադառնելով խնդրի լուծման կարևորությանը՝ մարզպետը նաև նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվանից: Հսկայածավալ աշխատանք է իրականացվել. գույքագրվել են բոլոր տնակները, հանգամանորեն պարզվել է տնակներում բնակվող ընտանիքների կարգավիճակը:

-Մեր կարգախոսն է՝ Լոռու մարզն առանց տնակային ավանների: Այս նպատակի իրականացման համար մենք պետք է անենք ամեն հնարավորն ու անհնարինը,-ասաց Ա. Ղուկասյանը:

«ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Լոռու մարզպետարանին՝ ի դեմս մարզի ղեկավարի, գործընթացի արագ կազմակերպման և ակտիվ համագործակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter