HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծաղկեվանքի ճանապարհները դառնում են անանցանելի

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի տուրիզմի ակտիվ սիրահարները սահմանափակվում են միայն ներպետական երթուղիներով: Սահմանները փակ են, մարդիկ չեն կարող երկրից դուրս գնալ: 

Հատկապես ոչ աշխատանքային օրերին, մարդիկ փորձում են իրենց հանգիստը կազմակերպել քաղաքից դուրս՝ այցելելով սրբավայրեր, պատմամշակութային վայրեր: Այցելում են նաև այնպիսի վայրեր, որտեղ նախկինում մարդկային մեծ հոսքեր չեն եղել:

Ծաղկեվանքը, որը հայտնի է նաև Կույս Վարվառա անունով, Արա լեռան քարանձավում գտնվող վանք է: Ներսում, բացի մոմ վառելուց, մարդիկ հավաքում են «սուրբ ջուր»՝ հիվանդներին դրանով բժշկելու նպատակով: Շատերը հենց այդ ջրի համար են գնում Ծաղկեվանք: Ջուրը հավաքում են կաթիլ-կաթիլ, որը գալիս է հսկա քարերի արանքից: Տարածքին քաջատեղյակները սրբավայր են հաճախում վաղ առավոտյան և ջուրը վերցնում վանքի կենտրոնում գտնվող փոսից, որը կեսօրին գրեթե դատարկ է լինում:

Ծաղկեվանքի մերձակա տարածքում զարդերի ու սրբապատկերների վաճառք իրականացնողներից Կարենը պատմեց, որ Ծաղկեվանք միշտ էլ մարդկիկ այցելել են, սակայն, այս տարի հոսքն ավելի շատ է:

«Երևի ուրիշ գնալու տեղ չկա, Քոբուլեթի չեն կարում գնան, ստեղ են գալիս»,-կատակեց նա: Սակայն, Կարենին այդքան էլ չէր գոհացնում առկա իրավիճակը: Ասում էր, որ այս տարի այցելուները «ժլատ» են, շատ առևտուր չեն անում:

Թեև բուն սրբավայրի տարածքը բարեկարգ էր, հանգստի համար տրամադրող, սակայն իսկական փորձություն է սրբավայր հասնելը: Սրբավայր տանող ճանապարհները վատ վիճակում էին: Ասֆալտապատ ճանապարհներին մեծ փոսեր էին գոյացել, որը շրջանցելը երբեմն անհնար է լինում, իսկ գրունտային ճանապարհները դարձել էին անանցանելի՝ անձրաջրերի և ձյան հալոցքի պատճառով:

Արմեն Գևորգյանը ծանոթ չլինելով ճանապարհներին, ընտանիքի հետ Ծաղկեվանք էր եկել սեդան դասի ավտոմեքենայով և հասցրել էր 35 կմ ճանապարհին  3 անգամ ավտոմեքենայից իջացնել ուղևորներին, որպեսզի հեշտ հաղթահարի ճանապարհային խութերը: Կինն ու երկու մանկահասակ երեխաները ստիպված են եղել ճանապարհի որոշ մասը ոտքով անցնել:

«Ավտոմեքենաս մի քանի տեղ վնասել եմ: Սա էլ իշխանություններից ինձ նվեր եղավ»,-ասաց Արմենը:

Արագածոտնի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Հակոբ Ստեփանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի 22 ասֆալտապատման ծրագիր ունեն, որոնք սուբվենցիոն ծրագրերով ներկայացրել են համայնքները: Ծաղկեվանքի ճանապարհներն այդ ցանկում չկան:

«Սուբսիդիայով ծրագրեր համայնքներն են ներկայացնում: Մինչև 2017թ-ը մարզպետարանը հրատապ ծրագրեր է ներկայացրել կառավարություն: Այդ ժամանակ Կառավարությունը գումարը տալիս էր մարզպետարանին այդ ծրագիրն իրականացվում էր, բայց հիմա մարզպետարանը, որպես պատվիրատու հանդես չի գալիս: Եթե հրատապ ծրագիր լինում է, ներկայացնում ենք Կառավարություն, այնտեղից էլ այդ ծրագիրը տալիս են Տարածքային զարգացման հիմնադրամին»,- ասում է Հակոբ Ստեփանյանը:

Նա տեղյակ չէր, թե ի վերջո, երբ կվերանորոգվի զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում հայտնված Ծաղկեվանքի ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter