HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիրդուսի նախագիծը փորձաքար է Երևանի քաղաքաշինության հետագա ընթացքի համար. զրույց ճարտարապետ Միսակ Խոստիկյանի հետ

Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման վերաբերյալ «Հետք»-ի հարցերին պատասխանել է ճարտարապետ Միսակ Խոստիկյանը:

Պրն Խոստիկյան, սոցիալական ցանցի Ձեր գրառումներում Ֆիրդուսն անշարժ գույք դարձնելը վտանգավոր եք որակել: Որո՞նք են այդ վտանգները:

Ճարտարապետական նախագծի ուղերձը թղթից կամ վաղուց արդեն թվային կրիչից շինարարությունը փոխանցում, ամրագրում է ֆիզիկապես խորը գրի` կոնկրետ հողատարածքում ծանր, կարծր նյութերով ու խոշոր ծավալով: Ճարտարապետությունն այդպիսով դառնում է տվյալ հողի ճակատագիրը. այն վկայում է իր ծագման հանգամանքները և իր գոյության փաստով պայմանավորում գալիքը ոչ միայն որպես ասույթ, այլև արդեն որպես նյութական հանգամանք: Տվյալ պարագայում անհանգստացնող է գաղափարաբանական կողմից բացի նաև առաջարկից բխող ֆիզիկական հանգամանքները:

Ծանո՞թ եք 33-րդ թաղամասի կառուցապատման նախագծին, այն ինչ դրական և բացասական կողմեր ունի:

Դրական եմ համարում միասնական ծրագրով կառուցելու նախատեսումը, գլխավոր` ընդհանուր հատակագծի գերակայությունը, որը սակայն, ցավոք, ստեղծման և ընդունման ավելի պատշաճ ընթացակարգ` մրցույթ, գուցե մրցույթներ հանրային և մասնագիտական հանգամանալից, մանրամասն ու հետևողական քննարկում, վերամշակման ու վերանայման գործընթաց է կարոտել:

Այդ ծրագիրն ու հատակագիծը լիովին ակնառու կերպով մարմնավորում են այն քաղտնտեսական խիստ կենտրոնացված ու բռնացող պայմանները, որը հստակորեն մերժվել է հանրության զանգվածների կողմից:

Հողակտորների բաժանման սկզբունքն ու սեփականաշնորհման ռազմավարությունը, դրա ընկերային և քաղաքական կանխադրույթները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, առավել ևս, որ չեն բացատրվում և արդարացվում:

Նախագծի բացասական կողմերից են, օրինակ, տվյալ առաջարկի բերած տրանսպորտային հետևանքները: Ներկայում տարածքի հարակից փողոցների ծանրաբեռնվածության պատճառով հաճախ լուրջ խցանումներ են լինում, իսկ այսպիսի նախագիծը ենթադրում է լրացուցիչ մարդկային մեծ հոսքեր նույն հանգամանքներում, որը միանգամայն կաթվածահար կանի ճանապարհային ցանցը, ուրեմն նաև հենց այդ հրապարակի գործառույթները:

Մեկ այլ հանգամանք ևս` նախատեսվող  մոտավորապես 160 մետր տրամագծով հետիոտն, շրջանաձև լերկ հրապարակը` Երևանի կիզիչ արևի տակ շիկացող սալահատակով, չի կարող հարկ եղած կերպ ծառայել հանրությանը` չհաշված ձևից բխող հնարավոր ակուստիկ գործոնները, որոնց անդրադառնում են ճարտարապետ բարեկամներս: Այդպիսի կենտրոնական ուղղաձիգ առանցքով հրապարակը համազգային կենտրոնի նշանակություն ունեցող Հանրապետության Հրապարակի օվալի սերտ հարևանությամբ նաև իմաստային տեսակետից անհասկանալի, անտեղի, անընդունելի է:

Խնդրահարույց է համալիրի բարձրության և զանգվածների բաշխման խտության նկարագիրը, գոյություն ունեցած ու առկա պատմամշակութային, քաղաքաշինական միջավայրի հետ առնչության առումով:

Քաղաքի կենտրոնում հնարավորինս մեծ եկամտաբեր մակերես ապահովելու ձգտումը տեղանքի հենց այդ իսկ հնարավորությունների ավելի սթափ վերլուծություն և հաշվառում է  պահանջում:

Բոլորովին  կարևորված չէ Երևանի գլխավոր հատակագծում հիմնարար Օղակաձև զբոսայգու և Տիգրան Մեծ փողոցի` հյուսիս հարավ առանցքի հատումը, որը առնվազն պարզաբանման կարիք ունի և այլն...

Ասում եք` գլամուրը դժվար է հաղթահարել: 33-րդ թաղամասի կառուցապատումը գլամուրին տուրք տա՞լ է, թե՞ բիզնես-քաղաքաշինություն հերթական հաջողված համագործակցությունը: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն հայտարարությանը, թե բիզնեսն ու քաղաքաշինությունը նույն բանն են: Ֆիրդուսի նախագիծը բիզնե՞ս է, թե՞ ճարտարապետական արժեքավոր ներդրում Երևան քաղաքի համար:   

Գլամուրը պատվիրատուի անմիջական միջամտումն է մասնագիտական, ստեղծագործական աշխատանքին ու դրա հետևանքը: ԽՍՀՄ տարիներին դա երբեմն կուսակցական ղեկավարների ամբարտավանությամբ էր արտահայտվում, ներկայում` փոքր ու մեծ քսակների ու կառավարիչների: Պատվիրատուի դերը դժվար է թերագնահատել, եթե նա իրոք ստանձնում է պատշաճ դիրքը: Այն վճռական է: Բայց սա չի նշանակում, որ նա, օրինակ, պիտի ներգրավվի մրցույթի ժյուրիի մեջ, որը իրավամբ բաղկացած է տարբեր ասպարեզների փորձագետներից, չասած, որ զերծ պիտի մնա իր սիրողական, սկսնակ կամ երբեմնի արվեստագետի զեղումներով անմիջական միջամտություններից, որոնք, ցավոք, հաճախ բացառված չեն:

Ցավոք, այդ անպատեհությանը նպաստում է հենց մասնագետների թերացումն իրենց գործում, որոնք արդյունքում տրտնջում են այդ հղումով` խուսափելով պատասխանատվությունից:

Գլամուրի հաղթարշավն է ազդարարվում հենց այն մասնագիտության կապիտուլացիայում, որը հնչեց գլխավոր ճարտարապետի խոսքի փութկոտ  վրիպման մեջ, թե իբր քաղաքաշինությունը բիզնես է: Նույնիսկ նախագծի քննադատների խոսքում կարելի է նկատել մասնագիտության այդ կապիտուլացիան: Բիզնեսի, ավելի ստույգ` տնտեսական հրամայականների նկատմամբ քաղաքական, սոցիալական և էկոլոգիական նկատառումներն իրավամբ առաջնային են` չհաշված մշակութային կոորդինատները, որքան էլ փոխկապակցված են այս ամենը: Նույնիսկ այս տեքստի լեզուն տուրք է տալիս տախտակե պատկառելիության, պաշտոնականության որոգայթին:

Այդուհանդերձ, կա ստեղծված իրավիճակ` գերակա շահ ճանաչված տարածք, նախկին իշխանություններից ժառանգած նախագիծ, կիսաքանդ Ֆիրդուս, որոշակիորեն փոխհատուցված ընտանիքներ, միաժամանակ` շենքեր, որոնց քանդմանը դեմ են մշակութային ժառանգության պահպանման աջակիցները: Ի՞նչ անել Ֆիրդուսի հետ, ինչպե՞ս վարվել այս իրավիճակում:

Գիտակցումը, որ ճարտարապետությունը, առավել ևս քաղաքաշինությունը հիմնովին ճակատագրական է, կուղղորդի դեպի անհրաժեշտ քայլեր: Դա հեռավոր և մոտիկ ապագան որոշադրող բոլորին այսպես կամ այնպես առնչվող խնդիր է: Սա ոչ այնքան ներառական, այլ իրոք մասնակցային ամենաընդգրկուն ջանքն է պահանջում բարդության, բազմակողմանիության առումով, որքան էլ այս բառերը չարչրկված լինեն: Հնարավոր առավելագույն ներուժի մասնակցային ընդգրկումն ապահովելու, թյուրիմացությունները հաղթահարելու և կանխելու համար կազմակերպչական լարված ջանք և առաջին հերթին հաստատ կամք է պահանջվում բոլոր մակարդակներում ու շրջանակներում:

Փոփոխություններ զգո՞ւմ եք` հեղափոխութունը որևէ բան փոխե՞լ է քաղաքաշինության ոլորտում, տեղաշարժեր նկատելի՞ են Երևանի նկատմամբ ավելի սրտացավ, հոգատար, բարեխիղճ վերաբերմունքի տեսակետից:

Այս հարցի պատասխանը կտան խնդրո առարկա թաղամասի զարգացումները մայրաքաղաքի հեռանկարի ընդհանրության համածիրում և քաղաքաշինության հետագա ընթացքը:

Լուսանկարը` Մ. Խոստիկայնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter