
12 տարի ազատազրկում՝ Հայաստանից Ճապոնիա 5,1 կգ մեթամֆետամին առաքելու փորձի համար
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սաման Ղոլամի Ղարաբին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ Իրանից 5190,89 գրամ մեթամֆետամին Հայաստան տեղափոխելու, այնուհետեւ այն բեռնափոխադրման միջոցով Ճապոնիա առաքելու փորձի համար։ 2020թ.-ի հունվարի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցը։
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ ամբաստանյալը, բնակվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, թմրամիջոց իրացնելու և գումար աշխատելու նպատակով՝ քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգությամբ տեղափոխելու, այնուհետև փոստային առաքման միջոցով Ճապոնիա ուղարկելու դիտավորությամբ, այն թաքցրել է հարսի շորի համար նախատեսված երկու արկղերում` քողարկելով ստվարաթղթով։
Սաման Ղոլամի Ղարաբին Հայաստան է եկել Մեղրիի անցակետով, սահմանը հատելիս կարողացել է թաքցնել թմրամիջոցը։ Իսկ «Զվարթնոց» օդանավակայանում մեթամֆետամինը հայտնաբերելուց հետո մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 267.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-267.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացման, թմրամիջոցների առաքելու, պահելու, բաց թողնելու կանոնները խախտելու, եւ առաքելու փորձի համար։
Գործը քննվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի։ Դատաքննությունը տեւել է 4 ամիս։
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Սաման Նադերի Ղոլամի Ղարաբն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ ԻԻՀ-ում ձեռք է բերել թմրամիջոց և այն Ճապոնիա ուղարկելու նպատակով բերել է Հայաստան ու բեռնափոխադրող ընկերության միջոցով հանձնել է առաքման:
Դատավճռում դատավորը ամբաստանյալ Սաման Նադերի Ղոլամի Ղարաբի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարել այն, որ վերջինիս երիտասարդ է, ըստ գործի տվյալների նախկինում դատապարտված կամ արատավորված չի եղել, զղջացել է կատարածի համար և տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ՝ աջակցելով քննությանը: Դատարանն արձանագրել է նաև, որ գործով բացակայում են ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները, թեեւ արարքը որակվել է որպես հանրության համար վտանգավոր։
Դատարանը հունիսի 15-ին հրապարակել է դատավճիռը, ըստ որի՝ ամբաստանյալ Սաման Ղոլամի Ղարաբին մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 266-րդ, 267.1, 34-267.1 հոդվածներով եւ 12 տարով դատապարտվել ազատազրկման։
Մեկնաբանել