HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերից մեկի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ առկա տեղեկատության՝ «Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության, (2007 թվականի փետրվարի 3-ից ` ռազմական ոստիկանության)  վարչության պետի, ապա Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի,  տեղյակ լինելով Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ,  ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 մլն   և 10 մլն  դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող  ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի՝ Վլադմիր Գասպարյանը նաև  կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` Ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ոստիկանության ծառայողին:

Լևոն Երանոսյանը, ով  2012-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը, մեղադրվում է 2015-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի։

Վարդան Թունյանը մեղադրվում է Լևոն Երանսոյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը, ըստ մեղադրանքի դրսևորվել է ոստիկանության զորքերից մեկի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու ձևով։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վարդան Թունյանը, զբաղեցնելով Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Թունյանն, ըստ մեղադրանքի, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:

Գործով մյուս մեղադրյալ Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում է Լևոն Երանոսյանին Վահրամ Ղազարյանին պարտականությունների կատարումից ազատելուն հարցում օժանդակելու մեջ։

Բոլոր մեղադրյալները նախկինում չդատված են, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նշենք, երեկ մեկ այլ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես նաև հայտնել, որ այս գործի շրջանակներում, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter