HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

60 տարի ձգվող անդավաճան սեր

«Ջրի հոսքը համ կհանգստացնե, համ էլ շատ նայելուց կբըժժիս, կռնա շաշնաս էլ պապլավոկին(լողակին) անընդհատ նայելուց, հմի տարիքիս հետ կապված երկար չեմ նստի՝ շուտ կհոգնիմ»,-փոքրիկ աթոռակի վրա սֆինքսի հանդարտությամբ բազմած տղամարդը քթի տակ ծիծաղում է: 60 տարի ձգվող ու չմարող սերը ձկնորսության հանդեպ գյումրեցի Կարապետ Խնուսյանին ոտքի է հանել լուսադեմին:

«Սաղ գիշեր չեմ քնել,-խոստովանում է զրուցակիցս,-ամեն անգամ ըսպես կեղնի, ինչխօր առաջին անգամ գամ, աչքերս բաց կլուսացնեմ, մինչեւ ընկերներս գուկան հետեւիցս, էսօր ժամը 5-ին արդեն ճամփա ենք ընկել»

Կորոնավիրուսի վտանգների հետ կապված երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Կարապետ Խնուսյանի վախերն ու անհանգստությունն ավելի շուտ պտտվել են ձկնորսության հնարավոր արգելքի շուրջ:

«Կվախենայի, թե կարգելեն ձկնորսությունն ու ես ավելի շուտ ըդուրից կմեռնիմ, քան թե վիրուսից: Բնության մեջ էղնելն ընձի օդ ու ջրի պես պետք է, ես առանց ըդուր չեմ դիմանա, օր արգելեին, չիդեմ, թե ինչ բդի էղներ,-նկատում է Կարո քեռին(այդպես նրան կոչում են բոլոր երիտասարդ ձկնորսները-հեղ.),-էն է լավ է, թույլ տվեցին, հենց հաջորդ օրը գնացել ենք ձկի»:

67-ամյա Կարապետ Խնուսյանի սերը ձկնորսության հանդեպ ծնվել է 1960թ-ին, երբ ընդամենը 7 տարեկան էր ու իրենից 4 տարի մեծ ընկերոջ հետ, հարեւանի նավթ տեղափոխող մեքենայով առաջին անգամ հասել է Արփի լիճ:

«Մեր շենքի Սուրոյի հետ ենք տնից փախել: Ամասիայի վերեւի գյուղեր մեր հարեւանը նավթ կբաժներ, իրա ավտոյով հասանք մինչեւ հիմիկվա Զորակերտի(նախկինում՝ Բալըխլի) մոտ, հարեւանս մեզի ըդտեղ իջեցրավ, ինքը գնաց Գառնառիճ: Տնից վերցրել էի մորս բրդի չիբուխը՝ վրեն ռեզկեն կապած: Էդ օրն էրկու հոգով մե մեշոկմ ձուկ բռնինք,-հիշում է Կարո քեռին ու դեմքը կրկին պայծառանում է,-ինձնից մեծ ախպերս, իրա ընկերները Արփա չայ կերթային, ըդպես ես էլ վարակվա, ըսիկ հիվանդություն է, 60 տարվա հիվանդություն, ըսուր հեչ մե վիրուսմ չի հաղթե»:

43-ամյա Էդուարդ Մաթեւոսյանը, որ ձկնորսական կարթն առաջին անգամ բռնել է 5 տարեկանում, «հիվանդություն» բառի վրա ծիծաղում է: Ասում է՝ կան բուժվող հիվանդություններ եւ կան՝ անբուժելիներ, ձկնորսությունը երկրորդ տարբերակն է:

«Կարո քեռու հետ ձկնորսության սկսել եմ գնալ 2014 թ-ին ու էդ ժամանակվանից, առ այսօր, բան չի փոխվել: Համարյա 30 տարի է Լենինգրադում կապրինք, բայց ամեն տարի եկել եմ Գյումրի ու միշտ որսի սեզոնին: Անցած տարվանից հիմնականում ծննդավայրումս եմ: Էդ ընթացքւմ համ որսի ենք գնացել, համ՝ ձկի: Էս տարի անհամբեր կսպասեինք օրերը տաքանալուն, որ դուրս գայինք ու մեկ էլ՝ վիրուս: Ճիշտն ըսած, անհանգստություններ կային, որ կարող է չթողնեին, արգելեին, բայց պիտի ասեմ, որ հենց ձկնորսության ժամանակ կարող ես լավագույնը ինքնամեկուսանալ,-վստահեցնում է Էդուարդը,-նախ ձկնորսներն իրարից հեռու են նստում ու դա հաստատ 1,5-2 մետրից շատ է: Ընդհանրապես, եթե խոսքը կերթա իմունիտետի բարձրացման մասին, բնության մեջ լինելուց, արեւի տակ գտնվելուց լավ բան երեւի էս պահին չկա: Էս էլ սպորտի տեսակ է, օրինակ, որսի ժամանակ, եսիմ քանի կմ կարող է քայլես»:

Զրույցի ընթացքում պարզում եմ, որ Կարապետ Խնուսյանը օրագրեր է պահում, որտեղ գրառում է, թե երբ, ում հետ եւ ուր են գնացել ձկնորսության, հաջող, թե անհաջող է անցել տվյալ օրը: Խնդրում եմ մի հատված տրամադրել այդ հուշերից՝ չի մերժում: Օրագիր պահել է 1970-80թթ-ից, ասում է, հիմա, երբ բացում, կարդում է, ընկնում է հուշերի գիրկը, դրա հետ մեկտեղ էլ հետաքրքիր է, թե ասենք 20 տարի առաջ նույն վայրից, նույն ժամանակահատվածում ինչքան ձուկ են բռնել: Առավել վաղ տարիներին Կարո քեռին հրաժարվում է անդրադառնալ, տրամադրում է համեմատաբար վերջին շրջանի հուշագրություններից: Եվ այսպես. «2014թ. ապրիլի 19: Ես, Արմանը, Էդոն, Էդոյի «օպելով» գնացինք Արփա գյոլ ժամը 6-ին: Ճամփեքը դզել էին, շուտ հասանք, քամի չկար, երկու ժամ հետո քամի էղավ, ես բռնեցի 1,5 կգ-ոց գալավնյակ: Ժամը 14-ին եկանք Շաքրոյի լիճ, կլյով չկար, հետ էկանք տուն»

Այս մեկ գրառումն էլ վերաբերում է 2016թ-ին. «Ես ու Նարեկը գնացինք ժամը մեկին Սմավերդի՝ Ախուրյանի ջրամբարի կողմը, ջուր չկար գյոլը, իջանք Արփաչայ, գետը ելած էր, կլյով չկար, դառանք տուն լրիվ դատարկ»: Եվս մեկ գրառում 2014թ-ից, այս անգամ խումբը մեկնել է Վրաստան. «Ես ու Արմանը Էդոյի ավտոյով գնացինք Վրաստան՝ Կարծախ լիճ, հեչ մե ձուկմ չբռնեցինք, բայց վրացիք լավ խոշոր ձկներ հանեցին»: Կարո քեռին խոստանում է, որ մեր՝ հունիսի 15-ի հանդիպումն եւս տեղ կգտնի օրագրում, մանավանդ, որ հաջողել էին բավականին ձուկ որսալ: 

Կարապետ Խնուսյանի ամենասիրած վայրը Արփի լիճն է, ուր ձկնորս ընկերներով գալիս են ոչ միայն ամռանն, այլեւ՝ ձմռանը: 1971թ-ի ձմեռը թերեւս ամենահիշարժաններից է, երբ ընկերոջ հետ լիճ են հասել սայլակավոր մոտոցիկլով: «Պաղակնի կողմից իջանք լճի վրա, նստած ձուկ կբռնենք, մե տեսակմ վատ կզգամ ընձի, բայց չեմ հասկնա պատճառը, կմտածեմ ճամփից է երեւի, դե 45 կմ եկել ենք մոտոյով էդ ձյանը: Ուազով հիդրոմետ ծառայության աշխատակիցներն եկան, հարցրինք հմի քանի՞ աստիճան է, ըսին արդեն երեք օր է Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել՝ մինուս 41 աստիճան: Հետո իմացա, օր Շուռաբաթ, այսինքն հիմիկվա Պաղակնում, կարծեմ 60-ականներին, ռեկորդային ամենացածր ջերմաստիճանն է գրանցվել՝ մինուս 46»,-զրուցակիցս կարթը նորից նետում է ջուրը՝ քթի տակ փնթփնթալով, թե ջուրը ճիճուն սրբեց տարավ:

Փորձում եմ ճշտել, թե ձկնորսներին վերագրվող պարծենկոտության մեղադրանքի արմատները որտե՞ղ են թաղված: Կարո քեռին, մի քանի վայրկյան լռում է, հետո նկատում, որ ոչ բոլորն են բռնած որսի հաշվին ինքնահաստատվում: Էդուրադին եւս խորթ են նման բնույթի խոսակցությունները: Ասում է, որ ձկնորսության բազմիցս գնացել է նաեւ ՌԴ-ում, ամենամեծ քաշով ձուկը, որ բռնել է Հայաստանում եղել է 2,5 կգ-ոց ծածան, իսկ Ռուսաստանում՝ 6-7 կգ քաշով щука (գայլաձուկ): «Ստելու բան չկա, էդ ամենը ֆոտոներով ունեմ»,-ասում է Էդուարդը:

«Ինձ համար էական չէ ոչ քաշը, ոչ քանակը,-նկատում է Կարո քեռին,-ինձ պրոցեսն է գրավողը: Եղել է դեպք, օր առանց ձուկ բռնելու տուն ենք գնացել, բայց կյանքում խանութից չեմ առել տարել: Եղել է երկու կարթաձողով 50 կգ ձուկ եմ բռնել, մանրերը լցրել եմ ջուրը, խոշորն էլ տարել բաժնել հարեւանի, բարեկամի: Ձկնորսները սովորաբար ստում են քաշի հետ կապված, բայց ես էդ տեսակը չեմ, ինչ կա էդ էլ կըսեմ: Իմ բռնած ամենախոշոր ձուկը եղել է 2 կգ 400 գրամ, տեսել եմ, օր կողքինս 5 կգ  է բռնել ուդչկով, բայց ես չէ»

Ձկան հարցում չէ, բայց հանուն ձկնորսության Կարո քեռին ստել է, այն էլ ապագա կնոջը: Պատմում է, որ ժամադրության փոխարեն գնացել է ձկնորսության: Դեպքը տեղի է ունեցել 1971թ-ին, այն ժամանակ դեռ նշանածի՝ Եվգենիայի հետ պայմանավորվել են հանդիպել Երկաթգծի տեխնիկումի դիմաց, բայց դրա փոխարեն գնացել է ձկնորսության: Հետո, որպես արդարացում, ստել է, թե տղաներով կռիվ են արել ու իրեն տարել են ոստիկանություն: Ճշմարտությունը շատ արագ է բացահայտվել եւ մեղքը քավելու համար, Կարո քեռին Եվգենիային հրավիրել է ռեստորան:

Ձկնորսների շրջանում հումորային պատմություններն եւս քիչ չեն: «Երկաթգծի հիվանդանոցում մի լավ համեստ բժիշկ կար, էդ օրը ինքն էր հետներս ձկի,-պատում է Կարո քեռին,-Արփի լճի դամբի տակը նստած ենք, մուրզի կհանենք, սովետի ժամանակ կթողնեին, օր ըդտեղից ձուկ բռնեինք, հմի չեն թողնի: էս բժիշկը հավեսին մարդ էր, կիրթ, ընձի ըսավ, թե Կարապետ ջան, ուդչկին նայե, գնամ չիշիկ անեմ գամ: Ես էլ հետս պերերիվ կապչոնի ձուկ եմ տարել, գլուխը կտրի, ուդչկեն հանի, զարկի չանգյալին ու էլի գցի ջուրը: Բժիշկս եկավ, քաշեց ուդչկեն ու կճվա՝ վայ, վայ էս ինչ խոշոր ձուկ է: Խեղճ մարդը զարմացել էր՝ հերիք չէ մենակ գլուխն է, հետն էլ՝ կապչոնի(ծխահարված), մենք ընկել էինք գետնին խնդալուց: Վերջը բժիշկս ջոկեց, որ մենք ենք, դառավ, թե՝ այ սրիկաներ, ձեր արածն է»:

Կարապետ Խնուսյանի համար ամենահամեղը Արփի լճի ձուկն է՝ տիղմի համ չունի, ինչպես Ախուրյանի ջրամբարից բռնվող ձկնատեսակը: Արփի լճում հանդիպող ձկնատեսակներն են՝ ծածան, ծիածանափայլ իշխան, կողակ, կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս: Ձկնորսների սիրելի ձկնապուրից զատ, Կարո քեռին սիրում է ձկան քյաբաբ, որը պատրաստում է հիմնականում իշխան ձկից: «Ձկից պիտ ֆիլե հանես ու 100 գրամ էլ խոզի սալ է պետք, մեկ էլ  մանի կրուպա՝ գաղտնիքն էդ է, շատ համով քյաբաբ կստացվի,-ասում է Կարո քեռին՝ խոստանալով մի օր պատրաստել,-էն խեղճ կնիկս սկզբի վախտերն օր ձուկ կտանեի, սուսուփուս կմաքրեր, էս վերջին տարիները սկսել է բողոքել, թե իմանայի սաղ կյանքս բդի ձուկ մաքրեմ՝ քեզի չէի առնի: Հմը արդեն ուշ է փոշմնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter