Պարզեցվում է պետական սահմանը հատելու ընթացակարգը
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմը, պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով` պետական սահմանի անցման կետերը, սահմանանշանների ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը, պետական սահմանի խնամքի կանոնները, անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողնման կանոնները։
Փաստաթղթերի ընդունումը հնարավորություն կտա ամբողջությամբ ապահովել օրենսդրության համապատասխան դրույթներից բխող պահանջները, կարգավորել ոլորտում պատասխանատու լիազոր մարմինների իրավասությունների և համագործակցության շրջանակները, վերահսկողական և հսկողական գործառույթները, իրականացնել անցման կետերի արագ և արդյունավետ աշխատանքը։
Վարչապետն առաջարկել է ընդունել նաև արձանագրային որոշում:
«Մենք մեր քաղաքացիներից շարունակում ենք ստանալ բողոքներ, որ սահմանը հատելիս բավական երկար ժամանակ են ծախսում բոլոր ընթացակարգերի վրա, այժմ ավելացել է նաև պարտադիր ապահովագրության խնդիրը, հերթեր են առաջանում,- ասել է Տիգրան Սարգսյանը։ - Մենք նաև դիմել ենք Կենտրոնական բանկին՝ խնդրելով, որ այս հարցը քննարկվի։ Այնտեղ անցկացվել է խորհրդակցություն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք պատրաստ են այդ ծառայությունները մատուցել սահմանակետերում` իրենց տրամադրված տարածքներում։ Եթե նրանք ունեն այդ պատրաստակամությունը, ապա արձանագրային որոշմամբ հանձնարարականներ տանք մեր երեք մարզպետներին, Տարածքային կառավարման նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետում հատկացնեն այդ տարածքները` համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, հրավիրելով ապահովագրական ընկերություններին, որպեսզի նրանք այդ տարածքներում ի վիճակի լինեն այս ծառայությունները մատուցել, և մենք հերթերից հնարավորին չափ սեղմ ժամկետում ձերբազատվենք»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել