HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ներառական կրթության փորձն ու առաջացած խնդիրները. քննարկում

Պարադիգմա կրթական հիմնադրամը կազմակերպել էր քննարկում նվիրված ներառական կրթության փորձին, կիրառմանն ու առաջացած խնդիրներին։ Քննարկմանը ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ ոլորտում լուրջ հաղթահարումներ են ունեցել, եւ որոշ դպրոցներում կա լավագույն փորձ, որը կարող են օգտագործել այլ դպրոցների ներգրավելու գործում։ Նա ներառական կրթության անցկացման գործում կարեւորեց եւ' աշակերտների, եւ ' ուսուցիչների, եւ' ծնողների դերը։

Ըստ Հովսեփյանի՝ դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը նվազել է։ Կան մարզեր, որտեղ չեն գրանցում կրթությունից դուրս մնացած երեխաներ։ «2000-ական թվականներին անգամ Երեւանում շատ երեխաների դպրոց չէին բերում, որովհետեւ երեխան կարող էր տարբերվել, այլ ընկալում ունենալ, միգուցե նրան ծաղրեին։ Այս մտահոգություններն ունեին ծնողները, սակայն սա արդեն անցյալում է, ծնողները մի օր շուտ են երեխաներին տանում դպրոց՝ հասկանալով, որ եթե երեխան ունի աջակցության կարիք, ապա այն կարող է ստանալ կրթական ոլորտում, հաղորդակցման շնորհիվ», - նշեց ԱԺ պատգամավորը։

Անդրադարձավ այն հարցին, որ ԿԳՄՍՆ այս տարի վերանորոգելու է 49 դպրոց, որոնցից մեծ մասը ֆիզիկական հարմարություններին է ուղղվելու։ «Եթե երեխան կրթական միջավայրում սոցիալիզացված է, ապա պետք է սոցիալիզացվի նաեւ ֆիզիկական առումով եւ չունենա դժվարություններ», - նշեց Սոֆիա Հովսեփյանը։

Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ ներառական կրթությունը Հայաստանում այլընտրանք չունի, այն պետք  է լինի բոլոր մարզերում։ Ըստ նրա՝ առաջացած խնդիրները լուծելի են. ժամանակ է պետք։ 

Արմավիրի մարզի Հացիկ համայնքի դպրոցի տնօրեն Տաթեւ Մկրտչյանը ներկայացրեց ներառականությունն իրենց դպրոցում անցկացնելու ճանապարհը։ 2016-ի սեպտեմբերից դպրոցն անցել է ներառական կրթության, որին թե համայնքում, թե մանկավարժական կոլեկտիվում քննադատաբար են մոտեցել։ «Ուսուցիչների կարծիքով՝ կատարվում էր հավելյալ աշխատանք, իսկ ծնողները գտնում էին, որ մենք պիտակավորում ենք իրենց երեխաներին», - նշեց դպրոցի տնօրենը։ Մկրտչյանի պնդմամբ՝ յուրաքանչյուր երեխայի համար մշակել են ռազմավարական պլան, որով պետք է ուսուցանվի։ Դպրոցում 2016-ին ունեցել են 33 գնահատված աշակերտ, որոնք տարբեր խնդիրներ են ունեցել։ Նպատակ են ունեցել հետեւել տարբեր երկրների փորձին, մասնակցել սեմինարների եւ կատարել փորձի փոխանակում, որի շնորհիվ անցել են ներառական կրթության։ Նա կարեւորեց դպրոցն ազատ գաղափարների իրականացման կենտրոնի վերածելու գաղափարը, որով իրենք աշխատում են։ Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել, որ աշակերտն առանց երկմտելու, ցանկացած հարցով ազատ լինի դիմելու ուսուցչին, տնօրենին։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի պնդմամբ՝ խնդիրները առկա են, բայց կարեւորը դրանք լուծելն է։ Նա նշեց, որ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերն այս տարի անցնում են համընդհանուր ներառականության։ 

Տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանում դպրոց են հաճախել 8169 կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներ, որոնցից միայն 2734-ը՝ Երեւանում։

Նախարարության հետ ներդրել են ուսուցիչների եւ օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում ծրագիր, որը նպատակ ունի զարգացնել մանկավարժների աշակերտակենտրոն աշխատելու կարողությունները՝ շեշտը դնելով կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների կրթության վրա։ Ծրագիրը ներկայումս իրականացվում է Երեւանում, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, սակայն այն շարունակական է լինելու։ Ըստ նրա՝ թեեւ շատ է խոսվում ներառականության մասին, բայց շատ դպրոցներում մանկավարժները դեռեւս պատրաստ չեն, կարողությունները բավարար չեն, չենք տիրապետում մեթոդներին, որոնք հնարավորություն կտան աշխատելու կրթության առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։

Սվաճյանը պնդում է, որ «Հանրակրթության մասին օրենքում» 2014թ.-ին փոփոխություններ կատարելուց հետո էլ մշակվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք ներկայումս վերանայման եւ փոփոխության կարիք ունեն, օրինակ՝ «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը» որտեղ կան կետեր, որոնք չեն արտացոլում այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը գույքագրում է այն փաստաթղթերը, որտեղ կան խնդիրներ, հետագայում շտկումներ կատարելու համար։

Արաքսիա Սվաջյանի պնդմամբ՝ մարզերում նեղ մասնագետների պակաս կա։

Աշխատանքի գնահատման վերաբերյալ վերջինս կարեւորեց մշտադիտարկում անցկացնելը, որի համար պետք է մշակել ընթացակարգեր եւ գործիքակազմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter