HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինձ ոգևորել են մասնակցել քանդակագործական սիմպոզիումին

Մհեր Ենոքյան,

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և քանդակագործ Վիգեն Ավետիսը նախաձեռնել և կազմակերպել են «Սասնա լանջ կամ Մհերի դուռը» քանդակագործական սիմպոզիումի անցկացումը, որի մեկնարկը տրվեց հունիսի  15-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը: Հիշեցնեմ` հենց նրանք են ինձ հնարավորություն տվել, որ շարունակեմ զբաղվել կավագործությամբ. կրթահամալիրում բացված կավագործության դպրոցում են թրծվում պատրաստածս աշխատանքները, և դա արվում է անշահախնդիր: Այժմ էլ ինձ ոգևորել են մասնակցել քանդակագործական սիմպոզիումին: Արդեն մտովի պատկերացրել եմ, թե ինչ քանդակ եմ պատրաստելու: Ընտանիքս արդեն բերել է մեծ քանակությամբ կավանյութ, և շաբաթ-կիրակի օրերը կսկսեմ ստեղծագործել` սիմպոզիումի թեմային համահունչ… 

Բոլոր ցանկացողները աշխարհի յուրաքանչյուր ծայրից կարող են իրենց աշխատանքները ներկայացնել նաև համացանցի միջոցով` տեսակապ հաստատել և անձամբ ներկայացնել քանդակի մեջ ներդրված գաղափարը, շփվել կազմակերպիչների հետ: Հոյակապ գաղափար է, որը ևս մեկ անգամ հաստատում է` արվեստի համար չկան սահմաններ և նույնիսկ կորոնավիրուսը չի կարող խանգարել ստեղծագործելուն:

Բանտի ՍՀԻԱ՝ սոցիալ, հոգեբանական, իրանական աշխատանքների բաժնի գործառույթները կատարում են բարի, սրտացավ արվեստագետ և առհասարակ իրավագիտակից Մարդիկ` ստեղծագործելու հնարավորություն տալով նաև ազատազրկված մարդկանց: Իսկ ՍՀԻԱ բաժինը հավանաբար ուրախացել է` դե՛, կորոնավիրուս է, բան չեն կազմակերպի, մարդկանց տեսակցություններն էլ արգելված են, ահա, կնստեն իրենց աշխատասենյակներում և ոնց կհրահանգեն, կամ կախված օգուտից` ում ոնց կցանկանան`այդպես էլ կբնութագրեն: 

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վերահսկող բաժնի դատախազի ջանքերով խափանվեցին այստեղ նոր-նոր սկսած արվեստագիտական և սպորտային միջոցառումները: Դատախազի կարծիքով դատապարյալի վարքագիծը չի կարող դրական համարվել, եթե նա ստեղծագործում է, աշխատում է, սովորում է, դրսևորում օրինապահ վարքագիծ, մարզվում է և մասնակցում տարատեսակ միջոցառումների, քանի որ դատախազը, անտեսելով օրենքները, կարծում է, որ դրական լինելու համար «էլ ավելի ինչ-որ բան պետք է անի» ազատազրկվածը: Եվ այս մոտեցումը պարտադրվում է նաև քրեակատարողական համակարգին: Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ ավելին պետք է անի ազատազրկված մարդը, ում պետությունը ոչ աշխատելու, ոչ ստեղծագործելու, ոչ ԲՈՒՀ-ում սովորելու հնարավորություն չի տալիս: 

Այդ նույն դատախազական մարմինը մատը մատին չի կպցրել և իր ուղղակի գործառույթը տասնամյակներ չի կատարել, երբ բանտերում ու այլ ազատազրկման վայրերում մարդկանց էին խոշտանգում, երբ հազարավոր տոննաներով սնունդ էին յուրացնում, երբ բանտարկյալի ջուրը անջատում էին տարիներվ` 24 ժամվա փոխարեն 2 ժամ տալիս, ու ջուրն էլ գողանում, ինչպես նաև օդը` ամենօրյա առնվազն մեկ ժամ զբոսանքի փոխարեն տարիներով առհասարակ զբոսանք չէր լինում: Ինչպես դատական համակարգում, այդպես էլ դատախազական համակարգում մինչ օրս ոչ մի հեղափոխություն չի եղել:

Մինչև վերջին տարիները, դեռ խորհրդային ոգով և խորհրդային օրենսդրությամբ առաջնորդվելով` դատախազությունը յուրօրինակ վերահսկողություն ուներ դատարանների նկատմամբ: Հենց այս պատճառով էր, որ դատավորները հլու հնազանդ ենթարկվում էին դատախազների պահանջներին, որոնք շատ հաճախ կարող էին լինել անօրինական և հակաիրավական: Հիմա օրենսդրությամբ դատախազների վերահսկողական գործառույթ սահմանված չէ դատարանների նկատմամբ` դատարանը անկախ է: Ցավոք, խորհրդային ոգով դատախազությունը դեռ շարունակում է իր պատժողական քաղաքականությունը թելադրել ՀՀ քրեակատարողական ծառայությանը, այն պարագայում, երբ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ամրագրել է, որ ՀՀ քրեակատարողական ծառայությունը արագ պետք է անցում կատարի վերականգնողական քաղաքականության: 

Մինչ այդ`շնորահակալությունս են հայտնում բոլոր այն արվեստագետներին և պարզապես արդարամիտ, իրավագիտակից Մարդկանց, ովքեր անշահախնդիր տարիներ շարունակ աջակցում են ինձ և այլ ազատազրկված անձանց, որպեսզի մենք կարողանանք ստեղծագործել, աշխատել, սովորել, և մեր կյանքը լինի իմաստավորված:  



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter