HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արդյո՞ք օդորակիչները տարածում են կորոնավիրուսը

Աշխարհի տարբեր երկրներում մեղմացվել են կարանտինային սահմանափակումները, մարդիկ աստիճանաբար վերադառնում են բնականոն կյանքին, գործում է տրանսպորտը, գրասենյակները, սրճարաններն ու խանութները։ Եղանակը դարձել է ավելի տաք, ինչը մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք անհրաժեշտ է ամռան շոգին միացնել օդորակիչները, երբ շուրջդ կորոնավիրոսի համավարակ է։ 

«BBC»-ն փորձել է հասկանալ, թե արդյոք օդորակիչները չեն մեծացնում վարակման հնարավոր ռիսկայնությունը։ Եթե կարճ, ապա այո՛։ Գիտնականների կարծիքով՝ օդորակիչները կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը։ Սակայն դրանք չեն կարող լինել վիրուսի աղբյուր։ Այդ իսկ պատճառով կարևոր է հաշվի առնել, թե որտեղ և ինչպես են դրանք օգտագործվում։

Ի՞նչ է ասում գիտությունը

Այս թեմայով գիտական աշխատությունները շատ քիչ են, իսկ դրանց արդյունքները չի կարելի համարել ներկայացուցչական։ Կորոնավիրուսի տարածման հարցում օդորակիչների ունեցած դերի մասին առաջին անգամ խոսել են չինացի մասնագետները, երբ իրականացրել էին հետազոտություն՝ Ուհանի ռեստորաններից մեկում վարակման սխեման ուսումնասիրելու ժամանակ։ Գիտնականները պարզել էին, որ օդորակիչի մոտ գտնվող սեղանին նստած 9 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ 

Գիտնականների խոսքերով վիրուսի տարածողը եղել է հաճախորդուհիներից մեկը, որի մոտ չէին արտահայտվել COVID-19 տիպի կորոնավիրուսի ախտանիշներ։ Նա նստած է եղել օդորակիչի դիմաց։ Ավելի ուշ, 9 մարդկանց մոտ, որոնք նստած էին օդորակիչի մոտ գտնվող սեղանի շուրջ և ուղղակիորեն շփման մեջ չեն եղել կնոջ հետ, կորոնավիրուսի թեստը եղել է դրական։

Բայց պետք չէ մոռանալ, որ այդ հետազոտության ընտրանքը շատ փոքր է եղել, իսկ պայմանները՝ հեռու լաբորատոր պայմաններից։ Այդ իսկ պատճառով գիտական աշխարհի շատ ներկայացուցիչներ կասկածի տակ են դնում սույն հետազոտության ներկայացուցչականությունը, ինչը միանգամայն հիմնավոր է։

Չինական հետազոտության թեման վերցրել է ուկրաինացի հայտնի բժիշկ Կոմարովսկին։ Իր տեսաբլոգում նա մեջբերել է արդյունքները և արել հիասթափեցնող եզրակացություն. «Եթե վիրուսը, որը մենք շնչում ենք, ընկնում է արհեստականորեն ստեղծված կլիմայի հսկողության օդային հոսքի մեջ, ապա ամեն ինչ արդեն շատ լուրջ է»։

Բացի այդ, շատերը հիշում են «Diamond Princess» զբոսանավը, որտեղ շուրջ 3000 ուղևորներից և նավի անձնակազմից վարակվել էր 700-ից ավելին, իսկ նրանց մի մասի վարակումը տեղի էր ունեցել նավի վրա կարանտին հայտարարելուց հետո։ Բժիշկները կարծում են, որ նավի վրա վիրուսի տարածման կարևոր նախադրյալներից մեկն էլ եղել է զբոսանավի օդափոխիչ համակարգը։

Ինչպես է տեղի ունենում վարակումը

Բոլոր փորձագետները, որոնց հետ խոսել է «BBC»-ն, ընդգծում են, որ օդորակիչը կորոնավիրուսի տարածման աղբյուր ինքնին չի կարող լինել, քանի որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Սակայն օդորափոխիչ համակարգերն իսկապես կարող են մեծացնել վարակման գոտու սահմանները, եթե փակ տարածությունում կա հիվանդ մարդ։ Սա կապված է նրա հետ, թե ինչպես է աշխատում օդորակիչների մեծ մասը։

Չնայած շոգ օրերին օդորակիչը թարմացնում է փակ տարածություններում առկա գաղջ օդը, այն, ըստ էության, իրականացնում է միևնույն օդի շրջանառություն։ «Կա այդպիսի պրակտիկա։ Եթե միացվում է օդորակիչը, ամբողջությամբ փակում են պատուհանները։ Օդորակիչն աշխատում է այնպես, որ վերցնում է օդը, սառեցնում այն և հետ բաց թողնում։ Սա ստեղծում է շրջանառություն»,- նշում է Ուկրաինայի առողջապահության նախարարության Հանրային առողջության կենտրոնի բժիշկ, հիգիենայի մասնագետ Դանիլա Բրինդակը։  

Այդ իսկ պատճառով, երբ մարդը, որը վարակված է կորոնավիրուսով, փռշտում կամ հազում է, օդորակչից եկող օդային հոսանքը կարող է տարածել այդ կաթիլները, չնայած ոչ շատ հեռու։ Նաև պետք է հիշել, որ օդային հոսանքի ուղղությունը նույնպես մեծ նշանակություն ունի։

Արդյո՞ք պետք է հրաժարվել օդորակիչներից

Եթե պատասխանենք մեկ բառով, ապա՝ ոչ։ Առաջին հերթին, ձեր բնակարանում կամ տանն առկա օդորակիչը առավել անվտանգ է, քան հանրային վայրերում, եթե իհարկե դուք կամ նրանք, ում հետ ապրում եք, առողջ են։ Կամ էլ եթե ձեր տուն չեն այցելում այնպիսի մարդիկ, որոնց մեջ կարող է լինել վիրուսի անախտանիշ կրող։

Ինչ վերաբերում է գրասենյակներին և ռեստորաններին, ապա ռիսկը, իհարկե, մեծ է։ Սակայն ամբողջությամբ հրաժարվել կլիմայի հսկողությունից, մասնագետները խորհուրդ չեն տալիս, քանի որ ծանր օդի առկայությունը կարող է առավել վտանգավոր լինել, հատկապես մեծահասակների համար։

Մասնագետների գլխավոր խորհուրդն է մշտապես օդափոխել տարածությունը բնական ճանապարհով։ «Իմաստ չունի մարդկանց արգելել օգտագործել օդորակիչներ, քանի որ դրանք անհրաժեշտ են հարմարավետության համար։ Սակայն պարտադիր է բնական ճանապարհով մշտական օդափոխումը»,- նշում է Դանիլա Բրինդակը։

Բացի այդ, կորոնավիրուսը սովորաբար դժվար է տարածվում օդի բարձր ջերմաստիճանի պարագայում, այնպես որ եթե կարող եք կարգավորել օդափոխիչի աշխատանքը, ապա դրեք այն ավելի բարձր ջերմաստիճանի վրա, քան նախկինում։ Վերջիվերջո, պետք է հիշել փակ տարածություններում համակեցության ընդունված կանոնները. պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը և չդիպչել դեմքին։

Մասնագետները, այդուհանդերձ, կարծում են, որ մակերևույթների և ուղիղ շփման միջոցով վարակման ռիսկն առավել բարձր է, քան օդորակչի միջոցով։

Ինչ անել, եթե տանը հիվանդ կա

Եթե տանը կորոնավիրուսով հիվանդ կա, ապա լավագույն տարբերակը կլինի օդորակիչն անջատելը ու օդափոխման նպատակով լուսամուտները բացելը։ «Բացելով լուսամուտները՝ դուք ստանում եք առավել շատ մաքուր օր, դա կնվազեցնի փակ տարածությունում կորոնավիրուսի հնարավոր կոնցենտրացիան»,- նշում է Զաբոլոտնիի անվան միկրոկենսաբանության և վիրուսաբանության ինստիտուտի վիրուսների վերարտադրության բաժնի վարիչ Սվետլանա Զագորոդնյան։ Իսկ եթե փոշուց ալերգիայի պատճառով հնարավոր չէ բացել լուսամուտները, միացրեք օդորակիչը, սակայն մի թողեք, որ այն խիստ սառեցնի օդը, քանի որ կորոնավիրուսն արագ տարածվում է սառը օդային հոսանքի պայմաններում։

Բժիշկները խորհուրդ են տալիս փակ պահել այն սենյակի դռներն ու պատուհանները, որտեղ գտնվում է հիվանդը, որպեսզի օդորակիչը օդային հոսանքը չտարածի ողջ բնակարանով մեկ։ «Այս պարագայում կարևոր է հիվանդին որքան հնարավոր է հեռու պահել օդափոխիչ համակարգից»,- նշում է Սվետլանա Զագորոդնյան։ Նա նաև հիշեցնում է, որ գոյություն ունեն օդորակիչների շահագործման կանոններ։ «Անհրաժեշտ է դրանք ճիշտ ժամանակին մաքրել, ճիշտ ուղղել սառը օդային հոսանքները, պահպանել սենյակի և դրսի ջերմաստիճանի առնվազն 6-10 աստիճանով տարբերությունը, ինչպես նաև ամեն օր օդափոխել տարածությունը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter