HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սոցապը 6 ամիս առաջ «հրատապ» կարգով տարեցների համար տներ է գնել, սակայն դրանք մինչ օրս բնակեցված չեն

Արմավիրի մարզի Մրգաստան, Ակնաշեն և Գեղակերտ համայնքներում, տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը բարելավելու անհրաժեշտությունից ելնելով` արդեն գնվել է 3 տուն: Դրանցից երկուսի շուկայական արժեքից թանկ գնելու հարցում կասկածներ ունի նույնիսկ պատվիրողը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:

2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, փորձնական ծրագրով նախատեսվում է ստեղծել խնամքի համայնքային 5 փոքր տուն՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար:

Նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ համայնքային փոքր տունն ունի ընտանեկանին առավելագույնս մոտ պայմաններ, և կարող է ապաստանել տվյալ համայնքում կամ հարևան համայնքներում բնակվող, ինչպես նաև տուն-ինտերնատներում խնամվող՝ տվյալ տարածաշրջանի նախկին բնակիչների: Այնտեղ կարող են մնալ կացարանի ու խնամքի կարիք ունեցող այն տարեցները, որոնք ունեն նաև ընտանեկան ջերմության, շփման, հասակակիցների հետ հաղորդակցման, զբաղմունքի նախընտրելի տեսակներով զբաղվելու, համայնքի կյանքին մասնակցելու կարիք և այլն:

Մեկ համայնքային փոքր տանը կարող են բնակվել առավելագույնը 10 տարեց: Ըստ Սոնա Մարտիրոսյանի՝ նախընտրելի է, որ տներն ունենան տնամերձ հողամաս, ինչը կապահովի տարեց անձանց զբաղվածությունը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մրցակցային հիմունքներով՝ դրամաշնորհի տրամադրման մրցույթում հաղթող կազմակերպությունների միջոցով: Կազմակերպությունը պետք է պարտադիր հավաստագրված լինի օրենքով սահմանված կարգով:

Մասնավորապես, նախատեսվում է դրամաշնորհ տրամադրել փոքր տանը բնակվող յուրաքանչյուր տարեցի հաշվարկով՝ օրական 4500 դրամի չափով: Նախարարությունը համեմատության համար նշում է, որ ընդհանուր տիպի տուն-ինտերնատում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսի գումարը տատանվում է 4700-5100 դրամի սահմաններում:

Տների գնումները՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Արմավիրի մարզում ձեռք բերված 2 փոքր տների գնումն իրականացվել է «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգերով։

Նախարարության՝ «փոքր տների և պաշտպանված բնակարանների» գնման հայտարարությունը վերաբերում էր 10 անշարժ գույք ձեռք բերելուն: Առանձնատները և բնակարանները պետք է գտնվեին Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: Շինության տեսակը՝ կապիտալ, քարե կամ մոնոլիտ, իսկ բնակելի մակերեսն առնվազն 250 քմ և առնվազն 300 քմ տնամերձ հողատարածք: Առանձնատունը պետք է ունենա առնվազն 2 սանհանգույց։

Մեկ առանձնատան առավելագույն արժեքը սահմանվել էր 27 մլն դրամ, իսկ բնակարանների համար՝ 15 մլն:

Նախարարությունից տեղեկացնում են, որ գնման ընթացակարգերի հայտարարությունը և հրավերը ոչ միայն հրապարակվել է գնումների պաշտոնական տեղեկագրում և armeps.am կայքում, այլև առավել բարձր մասնակցություն ապահովելու նպատակով համապատասխան հայտարարություններ են հրապարակվել նախարարության պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև spyur.am կայքի միջոցով գնման ընթացակարգի վերաբերյալ տեղեկացվել են անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում բոլոր մասնագիտացված կազմակերպությունները։

Գնման ընթացակարգի հրավերով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսվում էր մեկ կամ երկհարկանի առանձնատուն։

Թեև նախարարությունը հայտարարում է, որ առավել բարձր մասնակցություն ապահովելու նպատակով հայտարարությունները հրապարակվել են տարբեր աղբյուրներում, պարզեցինք, որ հայտ ներկայացնելու ժամանակահատվածն այնքան կարճ է եղել, որ այդ պայմաններում տեսականորեն հնարավոր չէ ապահովել բարձր մասնակցություն, հետևաբար նաև մրցակցություն: Մասնավորապես, gnumner.am-ում և armeps.am-ում հայտարարությունը հրապարակվել է դեկտեմբերի 11-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում դեկտեմբերի 12-ին: Իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է դեկտեմբերի 16-ը: Գնահատող հանձնաժողովի 2019թ. դեկտեմբերի 17-ի թիվ 3 որոշմամբ հաստատվել էին ընթացակարգի բոլոր մասնակիցների կողմից ներկայացված հայտերի` հրավերի պահանջներին համապատասխանության գնահատման արդյունքները։

Ստացվում է, որ հայտեր ներկայացնելու համար մասնակիցներն ունեցել են ընդամենը 5 օր:

Հայտեր են ստացվել միայն փոքր տների վերաբերյալ՝ «Լեքսհաբ» ՍՊԸ-ի, «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ի և «Լաուրա Բարսեղյան ժորժիկի» ԱՁ-ի կողմից: Նույն չափաբաժնի առանձնատան վերաբերյալ կրկնվող հայտեր չեն եղել, այսինքն՝ չի եղել գնային մրցակցություն, թեև ընտրված մասնակցին որոշելու համար կիրառված չափանիշը նվազագույն գինն է:

«Լեքսհաբ» ՍՊԸ-ն դիմել էր 7-8-րդ չափաբաժնի տների համար, որոնք պետք է գտնվեին Արմավիրի մարզում: «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ի հայտը վերաբերել է 9-րդ չափաբաժնին, ըստ որի՝ առանձնատունը պետք է գտնվեր Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: 10-րդ չափաբաժնով նշված տան գնման համար հայտ էր ներկայացրել «Լաուրա Բարսեղյան ժորժիկի» ԱՁ-ն: Այս չափաբաժնով առանձնատունը ևս պետք է գտնվեր Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում:

Արդյունքում 19.12.2019թ. 7-8-րդ չափաբաժինների վերաբերյալ պայմանագիր է կնքվել միայն «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ: Մյուս երկու ընտրված մասնակիցներն ընթացքում փաստաթղթերի հետ կապված դժվարություններ են ունեցել և դուրս մնացել գործընթացից:

Ուշագրավն այն է, որ «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ն «Լեքսհաբ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Պավել Թադևոսյանի մորեղբոր որդին է: Պավել Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մորեղբոր որդու հետ պայմանավորվածություն չի եղել, պարզապես նկատել են հայտարարությունը և որոշել մասնակցել գնման գործընթացին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գնումների համակարգման բաժնի պետ Կարեն Բաբախանյանը նշեց, որ երկու անգամ հայտարարվել է գնման ընթացակարգ, սակայն ընդհանրապես մասնակից չի եղել: Երրորդ անգամ նոր միայն եղել են վերը նշված 3 մասնակիցները: Երեք մրցույթներն էլ հայտարարվել են մեկ ամսվա ընթացքում:

«Քանի որ նույն չափաբաժնի մասով երկու մասնակից չկար, յուրաքանչյուրը տարբեր չափաբաժինների համար էին դիմել, ըստ էության, բանակցություն չէր կարող լիներ: Երկու չկայացածի պատճառով գնման ընթացակարգը բավականին ուշացավ և արդեն դեկտեմբեր ամիսն էր, շատ կարճ ժամկետ էր մնացել: Մյուս երկու մասնակիցներն ուղղակի փաստաթղթեր չհասցրին ներկայացնել, որպեսզի նրանց հետ պայմանագիր կնքվեր»,- ասում է Կարեն Բաբախանյանը՝ հավելելով, որ իրենք այլընտրանք չեն ունեցել ժամկետի առումով, ստիպված էին կարճ ժամանակահատված ընտրել, որպեսզի տարին չավարտվեր:

Կարեն Բաբախանյանը նշեց, որ հայտ ներկայացրած մասնակցին հրավիրել են բանակցության, առաջարկել են նվազեցնել գինը, սակայն, չի համաձայնել, իրենք էլ օրենսդրությամբ առաջնորդվելով, կնքել են պայմանագիրը:

«Անձամբ իմ մոտ տները թանկ գնելու մտավախություն կա, բայց ես ի՞նչ անեմ, օրենքով եմ առաջնորդվել»,- հավելեց Կ. Բաբախանյանը: Նախարարության պաշտոնյան ասաց, որ իրենք կնախընտրեին, որպեսզի մրցույթին մասնակցեին հենց ֆիզիկական անձինք՝ տան սեփականատերերը, սակայն նման առաջարկ չեն ստացել:

Ստորև ներկայացնում ենք «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ կնքված երկու տների վերաբերյալ տեղեկությունները և գնված երրորդ տան պատմությունը:

Տուն 1. Արմավիրի մարզ գյուղ Ակնաշեն

Ակնաշեն գյուղը Երևանից հեռու է ընդամենը 30 կմ: Գյուղի Թումանյան փողոցում է գտնվում այն երկհարկանի տներից մեկը, որն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնել է ծերերի խնամքի համար:

Նախարարության կարիքների համար «անշարժ գույքի մատակարարման» պայմանագիրը կնքվել է 2019թ. դեկտեմբերի 19-ին: Մատակարարը «Լեքսհաբ» ՍՊԸ-ն է: Պայմանագրի համաձայն՝ տան բնակելի տարածքը 282 քմ է, հողամասի մակերեսը՝ 870 քմ: Ունի 10 քմ գոմ, 9,1 քմ թոնրատուն, 4,5 քմ կաթսայատուն: Սակայն, 2020թ. փետրվարի 18-ին տրված սեփականության վկայականի տվյալներով, բնակելի տան քառակուսին 289,9 մ է, անասնաշենքը՝ 9,2 քմ, թոնրատունը՝ 7.9 քմ, իսկ կաթսայատունը՝ 3,7: Ըստ կադաստրային գործի տվյալների, տունը կառուցվել է 1988թ-ին:

2016թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ տան կադաստրային արժեքը կազմել է մոտ 7 մլն 866 հազար դրամ, իսկ հողամասինը՝ 7856 դրամ: Դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրով տունը և տնամերձ հողամասը ձեռք է բերվել 26 մլն 950 հազար դրամով, այսինքն՝ ընդամենը 50 հազար դրամ պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից:

Տունն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է 4 անձի, որոնց անունից, առուվաճառքի պայմանագիր կնքելիս հանդես է եկել «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրեն Պավել Թադևոսյանը:

Երբ այցելեցինք Ակնաշեն, որպեսզի տեսնենք նախարարության կարիքների համար գնված տունը, ոչ համայնքապետարանում, ոչ տան հարևանությամբ ապրող բնակիչները չգիտեին, որ տունը վաճառված է և այնտեղ ծերեր են ապրելու: Տան դռները փակ էին: Հարևանները պատմեցին, որ սեփականատերերն այդ տանը չեն ապրել, հաճախ գտնվել են Ռուսաստանում: Նկատեցինք, որ տան պատուհանները փայտից են, տանիքն ունի վերանորոգման կարիք: Հարևանների ասելով՝ բնակելի հատվածում ևս վերանորոգման կարիք է զգացվում:

Տուն 2. Արմավիրի մարզ գ. Մրգաստան

Նույն սկզբունքով «Լեքսհաբ» ՍՊԸ-ն նախարարությանը մատակարարել է Մրգաստան գյուղի 7-րդ փողոցի երկհարկանի տունը: Գյուղը գտնվում է Երևանից մոտ 26 կմ հեռավորության վրա:

Ըստ մատակարարման պայմանագրի՝ Մրգաստանի ծերերի խնամքի տունն ունի 370,9 քմ ընդհանուր մակերես, 1730 քմ մակերեսով հողատարածք. 2 սանհանգույց, օժանդակ կառույցներ: Ըստ կադաստրային փաստաթղթերի, տունը կառուցվել է 1995 թ-ին:

2016թ. հուլիսի 1-ի դրությամբ այս բնակելի տան կադաստրային արժեքը կազմել է 3 մլն 25 հազար դրամ, իսկ տնամերձ հողամասինը՝ 24 հազար 514 դրամ: Սակայն, առուվաճառքի պայմանագրով նախարարությունը տունն ու հողամասը գնել են 26 մլն 730 հազար դրամով՝ 270 հազար դրամով պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից:

Մրգաստանի համայնքապետարանում ևս չգիտեին, որ իրենց գյուղի հաշվառում ունեցող, սակայն ոչ մշտական բնակություն հաստատող Ա. Մարտիրոսյանը տունը վաճառել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Իսկ հարևանները լսել էին, որ տունը վաճառվում է, նույնիսկ մոտավոր գին էին իմացել՝ 35-40 հազար դոլար, սակայն չգիտեին, որ տունն արդեն վաճառվել է ու թանկ գնով, և այն ծառայելու է որպես ծերերի խնամքի տուն:

Հեռախոսազանգով կապ հաստատեցինք նաև Ա. Մարտիրոսյանի հետ, որպեսզի տեղեկանանք, թե ինչ արժեքով է տունը վաճառել: Լսելով հարցը՝ պատասխանեց, թե վատառողջ է, չի կարող խոսել:

Հարևանների և համայնքապետարանի աշխատակցի հետ այցելեցինք նախարարության կարիքների համար գնված տան տարածք: Արտաքինից արդեն զգացվում էր, որ այն խիստ վերանորոգման կարիք ունի: Պատուհանները փոխված չէին՝ հին էին ու փայտից: Տեղ-տեղ բացակայում էին նույնիսկ ապակիները և դրանց փոխարեն փակցված էին պոլիէթիլենային տոպրակներ: Իսկ տանիքն արդեն վնասված էր: Ազբեստե հերձաքարերը տեղ-տեղ կոտրված էին, իրարից հեռացած։

Առաջին հարկը, որն ավելի շատ կիսանկուղ էր հիշեցնում, անխնամ տեսք ուներ, վերածվել էր «աղբանոցի»: Խոնավությունից թափված էր պատերի, առաստաղի ծեփը, վնասված էր հատակը: Թափված էր նաև երկրորդ հարկի բաց պատշգամբի գաջը: Բացի այդ, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեին նորմալ բազրիքներ: Վերևից չընկնելու համար, իբրև պատնեշ, պատշգամբի եզրերին ամրացված էին ազբեստե հերձաքարեր:

Առաջին հարկում թեև կար սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատերն էին: Ստացվում է, թղթով երևում է սանհանգույց, սակայն, իրականում այն չկա: Հարևանները պատմեցին, որ ներսում վիճակը ևս բարվոք չէ, տունը վերանորոգման կարիք ունի:

Տուն 3. Արմավիրի մարզ գ. Գեղակերտ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կարիքների համար` երրորդ տան ձեռքբերման նպատակով  հայտարարվել է «գնանշման հարցում»:  Հայտ է ներկայացրել երկու մասնակից՝ «ԱԼՊԱՆՈ» ՍՊԸ-ն և Աննա Երիցյան ԱՁ-ն:

Նախարարության կողմից տարածած հայտարարության համաձայն՝ տունը դարձյալ պետք է գտնվեր Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում: Արդեն հստակ պահանջ էր դրվել, որ այն պետք է լինի առնվազն երկհարկանի, իսկ շինության ընդհանուր մակերեսը՝ ոչ պակաս 250 քմ: Բացի այդ, ի տարբերություն նախորդ երկու տների, այստեղ պահանջ կար, որ առանձնատունը չպետք է ունենա հիմնանորոգման կարիք և պետք է լինի բնակության համար պատրաստի վիճակում:

Հունիսի 11-ին նախարարությունը հայտարարություն տարածեց, որ տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցների խնամքը համայնքային փոքր տանը իրականացնելու նպատակով արդեն իսկ ձեռք է բերել համապատասխան շինություն, որն առաջիկայում կվերանորոգվի և կհարմարեցվի նոր բնակիչների համար: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նախարարության և Ամստերդամում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռոբ Զիկի գլխավորած «Avondglans»  հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ, որի համաձայն համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո գումար կտրամադրի նախարարությանը:

«Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ շինության գնման, վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման և կահավորման: Ըստ էության, ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է, առջևում՝ վերանորոգման և կահավորման փուլն է»,- նշված է հայտարարության մեջ:

Մայիսի 13-ին պայմանագիր է կնքվել Աննա Երիցյանի հետ, քանի որ նա է առաջարկել ամենացածր գինը՝ 15 մլն 974 հազար դրամ: Մյուս մասնակիցն առաջարկել էր 52 մլն 800 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ Աննա Երիցյան ԱՁ-ն սկզբում առանձնատուն է առաջարկել 21 մլն 115 դրամով, սակայն վերջում պայմանագիրը կնքվել է մոտ 16 մլն դրամով:

Ի վերջո, ավելի լավ պայմաններով, բարեկարգ և ավելի մատչելի գնով առանձնատունը գնվել է Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում, որը Երևանից հեռու է 30 կմ: Տունն ունի ընդհանուր 386,4 քմ: Գեղակերտի համայնքապետարանից փոխանցեցին, որ տան կադաստրային արժեքը 4 մլն 325 հազար դրամ է:

Արտաքինից էլ զգացվում էր, որ համեմատած մյուս երկու տների հետ, որոնք մատակարարվել են «Լեքսհաբ» ՍՊԸ-ի կողմից և ավելի թանկ գնով, Գեղակերտի առանձնատունը վերանորոգման քիչ կարիք ունի: Տանիքը փոխված էր, տարածքը՝ մի մասով քարե պարիսպով ցանկապատված: Սակայն, փոխված չէին տան պատուհանները:

«Լեքսհաբ» ՍՊԸ. դատավորի որդին՝ անշարժ գույքի մատակարար

«Լեքսհաբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ-ին՝ Մառլեն Սմբատյանի կողմից: Վերջինս իրավաբան է, մասնակցել է նաև դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությանը:

2019թ-ի մարտի 19-ին ընկերության 100 % բաժնեմասի սեփականատեր է դարձել Պավել Թադևոսյանը: Նա է նաև ընկերության տնօրենը:

Պավել Թադևոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է:

Նշենք, որ մինչ այս պահը «Լեքսհաբ» ՍՊԸ-ն առաջին անգամ է մասնակցել պետական գնումներին և դա վերը նշված երկու տներն են, որոնց պայմանագրային ընդհանուր գումարի չափը կազմել է 53 մլն 680 հազար դրամ:

Պավել Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթի հիման վրա, գտել են մարդկանց, ովքեր տուն են վաճառել: Իրենք պարզապես միջնորդ են եղել և յուրաքանչյուր տնից ունեցել են ընդամենը 500 հազար դրամի եկամուտ:

«Մրցույթի հայտարարությունը տեսել եմ, ընկերներ ունեմ, ովքեր բրոկերներ են, հարցրել եմ, թե ովքեր են տուն վաճառում, գտել եմ: Այնտեղ բարդ պրոցես չկա»,-ասաց Պ. Թադևոսյանը:

Թեև Պավել Թադևոսյանը նշում է, որ յուրաքանչյուր տնից 500 հազար դրամ եկամուտ են ունեցել, սակայն, «Լեքսհաբ» ՍՊԸ-ն գնային առաջարկ ներկայացնելիս բոլորովին այլ գումարի չափ է նշել: Մասնավորապես, ըստ այդ առաջարկի՝ Մրգաստան գյուղի առանձնատան ինքնարժեքը եղել է 24 մլն 300 հազար դրամ, իսկ շահույթը՝ 2 մլն 430 հազար դրամ, որի հանրագումարով էլ տան ընդհանուր գինն առաջարկվել է 26 մլն 730 հազար դրամ:

Նույնը նաև Ակնաշեն համայնքում գտնվող տան դեպքում է: Ըստ գնային առաջարկի՝ տան ինքնարժեքը եղել է 24 մլն 500 հազար դրամ, շահույթը՝ 2 մլն 450 հազար դրամ: Հանրագումարով տան ընդհանուր գինն առաջարկվել է 26 մլն 950 հազար դրամ:

Նշենք, որ առաջարկած հենց ընդհանուր գնով էլ նախարարությունը «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ կնքել է մատակարարման պայմանագիրը:

Ինչ վերաբերվում է ձեռք բերված երկու տների թանկ լինելուն, Պավել Թադևոսյանն ասաց, որ ինքը գին է առաջարկել վաճառողներին, նրանք էլ համաձայնել են: Գույքի գնահատում չի եղել, սակայն, Պ. Թադևոսյանն ասում է, որ ընկերներից հետաքրքրվել է՝ տները թանկ չեն վաճառվել, քանի որ ունեն հողատարածքներ, ինչը բարձրացնում է տան արժեքը:

«Եթե հիշում եք, մինչև կորոնավիրուսը գներն անընդհատ բարձրանում էին: Այնպես չի, որ էժան գույքը թանկով վաճառվել է»,- ասաց Պ. Թադևոսյանը:

Թեև Ակնաշեն և Մրգաստան համայնքներում գտնվող տները գնվել են «հրատապ» կարգով՝ 2019թ. դեկտեմբերին, սակայն, մինչ օրս որևէ վերանորոգման աշխատանք չի իրականացվել:

«Նախագծա-նախահաշվային ենք պլանավորում կազմակերպել այդ տների վերանորոգման համար, զուտ ժամկետի առումով չհասցրինք»,- ավելացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնումների համակարգման բաժնի պետ Կարեն Բաբախանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter