HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Շատ խառը արտիստ․ Սեդ Ռաշ

«Այստեղ՝ դեղին արևի լույսի տակ ու սարերի արանքում, մարդիկ դեռ հավատում են հերոսների անծայրածիր ուժին, որը կարող է ամեն ինչ փոխել՝ անգամ իրենց կյանքը»։

                                                                                                       Սեդրակ Վելիկոդնի (Ռաշ)

Իրականությունից փախուստը որպես նոր Իրականություն

Իր՝ սարյանական Հայաստանում պտտվող, ու իրենց տեղը չգտնող  սուպերհերոսական շարքի ամենաառաջին  տարբերակները, Սեդ Վելիկոդնին, ով երբեմն հանդես է գալիս Սեդ Ռաշ անվան տակ, արեց 2017 -ին, երբ Հայաստանն անցում կատարեց դեպի խորհրդարանական  համակարգ ու ՀՀ-ը նախկին 10 տարիներին կառավարած, երկրի նախագահի պաշտոնը ստանձնած քաղաքական լիդերն ընտրվեց որպես նոր, արդեն խորհրդարանական Հայաստանի վարչապետ։

Հայաստանի քաղաքացիներից շատերի համար իրենց ծանոթ իրականությունը սկսեց լղոզվել ու փնտրել նոր ֆորմա՝ միաժամանակ չկորցնելով իր հին գործող անձանց։

Արվեստագետները հաճախ հենց այդպիսի խառը փոփոխությունների շրջանում են ակտիվանում՝ փորձելով կամ մարսել փոփոխվող իրականությունը, կամ դրան ընդդիմանալ: Նյութն իրենց իրականությունն է՝ լինի դա քար, կտավ թե թվային տարածությունը, դա այն տարածքն է, որը նրանց իշխանության տակ է գտնվում ու բոլոր տրավմատիկ պահերին, երբ իրականությունն ու ընտրության հնարավորությունը փախնում են նրանցից, նրանք իրենց հերթին կարող են փախնել ստեղծագործության մեջ կամ պաշտպանվեն դրա պրոցեսով։

 Սարյանն, ում վիզուալ մոտեցումներն ու կոնկրետ գործերն օգտագործվել են Սեդի գործերի ստեղծման համար, այսպիսի մի ցիտատ ուներ՝

«Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»:

Սարյանն իր ժամանակ իրականությունից փախնում էր դեպի բնություն, իսկ Սեդը, ով գործածում է սարյանական կլիշեավորված Հայաստանի պատկերները,

դեպի բնություն, գույն ու ֆորմա գնալու փոխարեն, աշխատում է հենց իրականության հետ, դրա կերպարների ու դեպքերի: Նա ուղղակի փոխում է այդ կերպարների կոնտեքստն ու հեռվացնում իրենից՝ տանելով մի տեղ, որտեղ դրանք ոչ միայն հեռու են, այլ նաև կառավարելի ու անվնաս, որովհետև երբեք չեն հավակնի կտավից դուրս գալ։

Բայց անկախ նրանից, թե ինչպես ես ընտրում իրականության հետ վարվել՝ փախնել դեպի բնություն, մետաֆորիկ աշխարհ, թե սիմվոլիզմ, միևնույնն է , իրականությունից պոկվելու մղման մեջ առկա է նաև հենց այն իրականությունը, որից դու փախնում ես: Հակադրվելով որևէ բանի մենք միևնույնն է թողնում ենք դրա ուրվագիծն ազատ, չլրացված։  Բայց փախուստը շատ դեպքերում հնարավորություն է ոչ միայն կտրվելու իրականությունից, այլ փախնելով ֆորմայից ու պիտակներից՝ ձևակերպելու դրա բնույթը։ Տեղափոխելով շոշափելի իրականության գործողություններն անվտանգ դաշտ ու այլ կոնտեքստ հնարավոր է ավելի հանգիստ ու հիմնովի մոտենալ դրանց, դիտել բոլոր տեսանկյուններից ու փորձ անել դրանք հասկանալու կամ միգուցե այլ կերպ ըմբռնելու։

Իրականությունը վերանայելը շատ դեպքերում օգնում է մեզ այնտեղ գտնվել, իսկ վերանայման կարևորագույն տարրը մոտեցումների ու կոնտեքստի կամ ֆոնի փոփոխությունն է։

Դեմն ու Դիմակը

Սեդրակ Վելիկոդնիի  ընտրած պատկերման ձևը կոմիքսայինն է: Այս մոտեցմամբ է նա որոշել պատկերել օդում կախված հարցերն ու այն իրադարձությունները, որոնց այդպես էլ ժամանակակից հայ արվեստագետը չի անդրադարձել:

Կոմիքսային մոտեցման ընտրությունը քաղաքական լիդերների մասին խոսելու լավագույն ապաքաղաքական տարբերակն է, քանի որ կոմիքսային թեմաները հիմնականում պտտվում են գլխավոր հերոսի երկակի կյանքի շուրջ: Այդ երկակի կյանքերից մեկում նա սովորականագույն դեմք է՝ ամենատրիվիալ կյանքով, իսկ մյուսում կարևորագույն տիպ, ումից կախված է կամ քաղաքի կամ երկրի ճակատագիրը՝ կախված հերոսի ուժային կատեգորիայից կամ պաշտոնից։

Միգուցե շատերին այս դիմակահանդեսը տարօրինակ ու անտեղին է թվում՝ անգամ տափակ, որովհետև հերոսների դիմակները ոչ միշտ են նրանց լավ  թաքցնում։ Այսպես միշտ մտածում ես, թե ինչու  ոչ մեկը չի հասկանում, որ բարակիկ  ու պոզերով Բեթմենի դիմակի տակ, որի մի մասը բաց է Գոթեմ քաղաքի ամենահայտնի դեմքերից մեկն է, կամ Սուպերմենին ոնց են իր առօրէայում գործածվող կլոր ակնոցների առկայությունն ու քիփլիկ սուպերկոստյումն այդպես փոխում, որ անգամ իր սիրած կինը չի ճանաչում։ Բայց այստեղ խնդիրը ոչ այնքան թաքնվելու մեջ է, որքան ֆունկցիոնալ ալտեր էգո ստեղծելու։ 

Ֆունկցիոնալ ալտեր էգոն ընդամենը պայմանական ձև է զատելու մեր գործողություններն ու օգնելու  տեղաբաշխել դրանք։ Օրինակ մինչև ժամը յոթը ես ֆինանսիստ եմ բանկում, կրում եմ կոնկրետ հագուստ ու ունեմ կոնկրետ ֆունկցիա, բայց այլ ժամերին ու այլ վայրերում՝ այլ տեսքով, ես կարող եմ հանգիստ իմ ֆունցիաներից դուրս քայլեր անել, իսկ եթե կեղծանուն կրեմ ու ոճս փոխեմ, ապա կարող եմ նաև ինձ թույլ տալ այլ՝ ոչ բնորոշ, վարք։ 

 Այդ պատճառով սուպերհերոսական բոլոր կերպարների մոտ կարևոր դեր է կատարում կոստյումն ու դիմակահանդեսային տարրը, քանի որ հասարակության առջև հանդես գալու համար պետք է հստակ ձևակերպվել՝ հակառակ դեպքում հասարակությունը կմտնի, կներթաափանցի քո կենցաղ ու անձնական տարածություն։

Մյուս կողմից սուպերհերոսներն իրենց հակումներով՝ դիմակապատվելու ու «պախկվելու», խոսում են ու պատմում մեծացող քաղաքում ապրելու կանոնների մասին, որն արդեն կպնում է բոլորիս։  Մեծ ու գնալով մեծացող քաղաքում դիմակ կրելը ձևականություն չէ, ոչ էլ էթիկա, այլ անհրաժեշտություն։

Իրականությունը խաղ է, որտեղ կարևորագույն գործիքն ընտրությունն է՝ ինչպես մոտենալ իրականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter