HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սունդուկյանի թատրոնը հատուկ ծրագիր է ներկայացրել COVID-19-ի պայմաններում

Ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։ Այս մասին տեղեկացնում է թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը։

Ապրիլ-մայիս ամիսներին թատրոնի ներկայացումները հեռարձակվեցին ֆեյսբուքյան էջով, «Դասարան+Դասական» կրթական ծրագրի հերթական փուլը կազմակերպվեց առցանց տարբերակով։ Ամռան ամիսներին ևս թատրոնը ակտիվ կլինի և կներկայանա նոր յուրատիպ ծրագրերով՝ կրկին վիրտուալ հարթակում։

Հուլիս-օգոստոս ամիսներին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Այսպես, թատրոնի 100-ամյակին ընդառաջ իրականացվող «Հուշերի քառուղիներ» ծրագիրը կներկայացնի Մայր թատրոնի պատմության էջերում իրենց անունը գրած ստեղծագործողների։ Ստեղծագործական կարճ կենսագրական-պատումներից բացի թատրոնի ներկայիս դերասանները կընթերցեն հատվածներ տվյալ արվեստագետի նամակներից, հուշերից, հոդվածներից։ Շարքը ոչ միայն կներկայացնի արվեստագետի գործունեությունը, այլ նաև կբացահայտի նրա աշխարհայացքը, մտածողության շերտերը, մարդկային նկարագիրը։

Ամռանը թատրոնը կներկայանա նաև համագործակցային յուրատիպ ծրագրով՝ աշխատելով հայաստանյան թանգարանների հետ։ «Թատերական ընթերցումներ» շարքի շրջանակներում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները կընթերցեն նամակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր, հետաքրքրաշարժ պատմություններ և այլ ուշագրավ նյութեր, որոնք կընտրեն և կտրամադրեն թանգարանները։ Ընթերցումները հասանելի կլինեն թե´ թատրոնի, թե´ թանգարանների ֆեյսբուքյան էջերում։ Արդեն իսկ համաձայնություն է ստացվել մի շարք թանգարանների՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Երևանի պատմության թանգարան, Հովհ. Թումանյանի թանգարան, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Ե. Չարենցի տուն-թանգարան, Մ․ Սարյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Ա. Խաչատրյանի տուն թանգարան, Պ. Սևակի տուն-թանգարան, Պ. Պռոշյանի տուն-թանգարան։

Լուսանկարը՝ թատրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter