
Նոր դեմքե՞ր, թե՞ նոր «գործիքներ»
Հասարակական այլ շերտերից քաղաքականություն մտնելու, խորհրդարան անցնելու գործընթացը անբնական երևույթ չէ: Ավելին` դա նույնիսկ անհրաժեշտ է` քաղաքական համակարգը մշտապես թարմացնելու, նոր շնչառություն հաղորդելու և, ի վերջո, հասարակության առջև բացվելու տեսանկյունից: Բայց երբ այդ գործընթացը սկսվում և ավարտվում է ընտրությունների նախօրեին, մեկ շնչում և մասշտաբային բնույթ է ստանում, պարզ է դառնում, որ գործ ունենք ուղղորդված և հստակ միտումներ ունեցող մարտավարական պրոցեսների հետ, որտեղ այդ հասարակական սեկտորի ներկայացուցիչներին ոչ այնքան սուբյեկտների, որքան օբյեկտի դեր է վերապահվում:
Բնական չէ, երբ մտավորական շրջանակների, շոու բիզնեսի, լրագրության բազմաթիվ ներկայացուցիչների մոտ հենց նույն պահին միանգամից քաղաքականանալու, ավելին` կուսակցականանալու անհագուրդ ցանկություն է առաջանում: Առավել ևս, երբ նրանք չեն թաքցնում, որ պարզապես փորձում են ընդառաջ գնալ իրենց ներկայացված առաջարկներին ու օգտվել ընձեռվող հնարավորությունից: Ամբողջ հարցն այն է, թե ինչն է դրդում այդ մարդկանց ընդգրկվելու կուսակցությունների ցուցակներում և անցնելու խորհրդարան:
Գաղափարականությունն այստեղ ոչ մի կապ չունի: Մի կողմից` որովհետև այն կուսակցությունները, որոնց ուղղությամբ սկսվել է այս հոսքը, առհասարակ գաղափարական չեն կամ այդպիսին են «ձեռքի հետ»: Իսկ մյուս կողմից` այդ մարդիկ իրենք գաղափարական մարտիկներ չեն, հակառակ դեպքում ոչ թե կձգտեին միայն ընդգրկվել ցուցակներում, այլ անդամագրվել կուսակցություններին, ընդ որում` ընտրությունների մեկնարկից շատ ավելի վաղ: Կապ չունի նաև երկրի փրկության գործին համեստ նպաստ բերելու` այս դեպքում կեղծ կատեգորիան: Որովհետև երկրի փրկության սուրբ գործը չի ենթադրում անպայման ընդգրկում հենց իշխանական կուսակցությունների ցուցակներում, որով, ուզես թե չուզես, պատասխանատու ես դառնում հենց այդ կուսակցության գործունեության համար: Ընդհակառակը, եթե երկիրը փրկելու կամ քաղաքականության մեջ ընդգրկվելու անհրաժեշտություն է զգացվել, լավ օրից չէ, ուրեմն դժգոհ ես հենց առկա իշխանության և այն ամբողջացնող քաղաքական ուժերի գործունեությունից: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ոչ թե պետք է ապավինել նրանց հզորությանը և, դրա մասը կազմելով, ինչ-որ տեղ այն ավելի հզորացնել, այլ լծվել դրանց հեռացնելու գործին:
Սա նույնիսկ այդ ուժերը ներսից վերափոխելու հարց չի կարող լուծել, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համալրող կոնտինգենտը որակական մեծամասնություն կազմի: Մինչդեռ խոսքը այդ ծավալների նոր դեմքերի «ներարկումների» մասին չէ: Չունենալով այդ մեծամասնությունը` կամա թե ակամա, այս մարդիկ հայտնվելու են համակարգի կենսունակությունն ապահովողների ու սնուցողների կարգավիճակում: Եվ սա շատ ավելի վտանգավոր է, որովհետև եթե, օրինակ, օլիգարխները ստիպված են դա անում` կոնկրետ շահագրգռություններ և կորցնելու բան ունենալու պատճառով, ապա ինտելեկտուալ այս հատվածը, որը կարողանում է օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը և տեսնել դրանում նույն կուսակցությունների հետքը, և ամենակարևորը` ունի ընտրություն կատարելու և հրաժարվելու հնարավորություն, ընդունում է նրանց թիմի մասը դառնալու գիտակցված որոշում:
Աշխատում է պարզապես անձնական ամբիցիաների գործոնը, որը բխում է «իսկ ինչու՞ ոչ ես» կամ «ինչո՞վ եմ մյուսներից պակաս» կենսափիլիսոփայությունից: Առավել ևս, որ իշխանության մեջ նոր կարգավիճակը նրանց նաև գործելու և գուցե անձնական խնդիրները լուծելու շատ ավելի իրական, լուրջ լծակներ ու հնարավորություններ է ընձեռելու, ինչը զուտ մարդկային առումով միանգամայն հասկանալի է:
Նաիրա Զոհրաբյանի ֆենոմենը ցույց է տալիս, որ այս որակը նաև կարողանում է պայքարել կուսակցության հեղինակության համար և դա անում է անհամեմատ ավելի որակով, քան կուսակցական վետերանները, որոնցից շատերն արդեն տեմպից ետ են ընկել ու անհամատեղելի են այսօրվա պահանջներին ու մտածողությանը:
Այս տեսանկյունից իշխանական կուսակցություններին այս համալրումն ավելի քան անհրաժեշտ է. այն ոչ միայն դիմագիծ, այլև ներքին բովանդակություն փոխելու տպավորություն կարող է թողնել, ինչը բխում է պրագմատիկ հաշվարկներից: Սոցիալական ցանցերի առկայությունը, տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների և ուղիների բազմազանությունը, միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունները, մարտի 1-ի մղձավանջը չկրկնելու հրամայականը, ինչպես նաև ընտրական նոր օրենսգրքով սահմանված զգալի կաշկանդումները գրեթե բացառելու են բիրտ ուժի մոբիլիզացմամբ ընտրակեղծիքների իրականացումն ու ընտրությունների արդյունքների պարզ նկարչությունը: Դրա մասին վկայեց անցած ամիս Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքը: Եվ իշխանություններն ավելի շատ ստիպված են ապավինել քաղաքակիրթ, ավելի ստվերային խախտումներին և շատ ավելի` քաղտեխնոլոգիաներին:
Նոր, հասարակության կողմից ավելի ընկալելի անհատականությունների միջոցով դիմագծի փոփոխությունները ծառայելու են հենց այդ նպատակին:
Փաստորեն, այս մարդիկ դառնալու են գործիք նախընտրական մանիպուլյացիաներում: Իսկ որ խոսքը հենց իբրև գործիք «օգտագործելու» մասին է, փաստում է թեկուզ այն հանգամանքը, որ նրանց, այսպես թե այնպես, ստիպելու են աշխատել հին ու նոր օլիգարխների, թաղային հեղինակությունների կողքին, նրանց ստվերում ու նրանց փոխարեն: Այսինքն` իրականում այս փոփոխությունը արմատական ու սկզբունքային չէ, թեև երկարաժամկետ կտրվածքով կարող է նաև բերել որակական փոփոխությունների, որովհետև սա այն դեպքերից է, երբ գիտակից փոքրամասնություն կազմող որակը կարող է ճնշել մեծամասնություն կազմող անորակությանը: Բայց գոնե տեսանելի հեռանկարի կտրվածքով էական տարբերություններ չեն կարող լինել:
ՌԴ Պետդումայի նախորդ ընտրություններում իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը ևս կիրառել էր այս տեխնոլոգիան` հասարակական աջակցության հենքը մեծացնելու ակնկալիքով, ինչպես այսօր Հայաստանում է: Սակայն 4 տարի անց կայացած ընտրություններում այդ կուսակցությունը մոտ 15 տոկոսով ավելի քիչ ձայներ ստացավ: Այսինքն` առարկայորեն այս կոնտինգենտը ոչ մի էական ներքին փոփոխության չէր բերել: Ընդամենը հարմարվել էր խաղի կանոններին, ձևավորված մշակույթին: Գրեթե բոլոր հարցերում ռուսական մոդելները պատճենահանող մեր իշխանությունը կանգնած է նույն հեռանկարի առջև:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել