Քննությունների չեղարկումը հնգապատկել է գերազանցիկ շրջանավարտների թիվն Արմավիրում
Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանցիները «ռեկորդային» թվով գերազանցության վկայականներ են ստացել։
2019-2020 ուսումնական տարվա ավարտին Արմավիրի մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում հիմնական կրթությունն (9-րդ դասարան) ավարտած 101 շրջանավարտ ստացել է գերազանցության վկայական: Նախորդ ուսումնական տարվա համեմատ գերազանցությամբ ավարտող շրջանավարտների թիվն այս տարի հնգապատկվել է։
2018 - 2019 ուսումնական տարում Արմավիրի հիմնական և միջնակարգ դպրոցներն ավարտել է ընդհանուր առմամբ 4007 աշակերտ, որից գերազանցության վկայական է ստացել ընդամենը 19 հիմնական դպրոցի շրջանավարտ։
Այս տարի 4033 հիմնական դպրոցի շրջանավարտներից գերազանցության վկայական է ստացել 101-ը: Մեկ հոգի էլ հավակնել է միջնակարգ կրթության գերազանցության ատեստատի:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադառնալով երկու տարվա կտրվածքով գերազանցության վկայականների թվի զգալի տարբերությանը, նշել է, որ տարբերության հիմնական պատճառը այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի տարեկան գնահատականների ամփոփումն է առանց քննությունների: Մինչդեռ նախորդ ուսումնական տարվա ընթացքում 9-րդ դասարանցիների գնահատականը ձևավորվել է նաև հայոց լեզու առարկայից կենտրոնական քննությունների ընթացքում ստացած գնահատականներից:
Եթե նախորդ տարի, օրինակ, Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտող 84 աշակերտից գերազանցության վկայական ստացել էր 2-ը, ապա այս տարի 48 շրջանավարտներից 10-ը ստացել է գերազանցության վկայական:
Դպրոցները, որտեղ այս և նախորդ ուս. տարիներին գերազանցության վկայականով շրջանավարտներ են եղել
Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանը կարմիր վկայականների մեծ թիվը պայմանավորեց դասընթացների հեռավար անցկացմամբ:
«Հեռավար կրթության գնահատականները հաշվի չառնվեցին: Եթե նույնիսկ աշակերտը երկրորդ կիսամյակում ընդհանրապես գնահատական չուներ կամ ուներ մեկ գնահատական, փակվել է առաջին կիսամյակի գնահատականով: Դա ազդեց, որպեսզի շատերի կիսամյակային գնահատականները փակվեն բարձր գնահատականներով»,-ասում է դպրոցի տնօրենը:
Աննա Խաչատրյանը հավելում է, որ առկա իրավիճակը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ պետք է քննություններով ավարտեին աշակերտները, որոնց վերջնական արդյունքից էր ձևավորվելու աշակերտի գնահատականը, մինչդեռ քննություններ տեղի չունեցան:
Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենը համոզված է, որ նույն բացասական միտումներն առկա կլինեն, եթե սեպտեմբերից դպրոցում դարձյալ դասապրոցեսը կազմակերպվի հեռավար կարգով:
«Հեռավար կրթությունը դեռևս չի նշանակում լիարժեք կրթության ապահովում: Թեպետ մեր դպրոցում ամենասկզբի օրվանից ջանք ու եռանդ չխնայեցինք, որ գործընթացը մոտ լիներ դասապրոցեսին»,-ասում է Ա. Խաչատրյանը:
Մեկնաբանել