HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում գործադուլի են դուրս եկել «Amazon»-ի մասնաճյուղերի աշխատակիցները

Հունիսի 29-ի գիշերը Գերմանիայում գործադուլի են դուրս եկել «Amazon» ընկերության աշխատակիցները՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։

Սպասարկման ոլորտի աշխատակիցների «Verdi» արհմիությունը կոչ է արել վեց բաշխիչ կենտրոնների աշխատակիցներին մասնակցել գործադուլին։ Բաշխիչ կենտրոնները գտնվում են Լեյպցիգում (Սաքսոնիա դաշնային հող), Կոբլենցում (Ռեյնլանդ-Պֆալց), Ռայնբերգում, Վեռնում (Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա), ինչպես նաև Բադ Հերսֆելդում (Հեսսեն), որտեղ գտնվում են երկու մասնաճյուղեր։ Գործադուլը կտևի առնվազն 48 ժամ։

Ռայնբերգում գործադուլի են դուրս եկել «Amazon»-ի 400-450 աշխատակիցներ, իսկ Բադ Հերսֆելդում՝ մոտ 500։ Մյուս մասնաճյուղերի աշխատակիցները նույնպես արձագանքել են արհմիության կոչին։ Բադ Հերսֆելդում «Amazon» ընկերության ներկայացուցիչը «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականին պատմել է, որ գործադուլի դուրս եկած աշխատակիցներն աշխատում են տարբեր հերթափոխերով, իսկ քանի որ կենտրոնում աշխատում են շուրջ 3 500 աշխատակիցներ, առաքումների ուշացումներ չեն նախատեսվում։ 

Սպասարկման ոլորտի աշխատակիցների «Verdi» արհմիությունն արդեն մի քանի տարի է «Amazon» ընկերությունից պահանջում է կիրառել սակագնային պայմանագրեր մանրածախ առևտրի աշխատակիցների համար, ինչպես նաև աշխատակիցների հետ կնքել նոր պայմանագրեր, որոնք երաշխավորում են աշխատանքային պայմանների բարելավում։ 

Գործադուլի կոչի մեջ նաև նշվում է, որ «Amazon» ընկերությունը, հանուն սեփական շահի, վտանգի տակ է դնում աշխատակիցների առողջությունը։ Ինչպես հայտարարել է «Verdi»-ի ներկայացուցիչ Օրհան Աքմանը խոսքը գնում է ընկերության Գերմանիայի մի քանի մասնաճյուղերում կորոնավիրուսի բռնկման մասին, այդ թվում նաև Բադ Հերսֆելդում, որտեղ, արհմիության տվյալներով, հիվանդությունը հայտնաբերվել է 30-40 աշխատակիցների մոտ։ «Amazon»-ը չի հայտնում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը, սակայն պնդում, որ վարակումը տեղի չի ունեցել ընկերության աշխատավայրերում, իսկ «Amazon»-ը ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։

Լուսանկարը՝ «Amazon» ընկերության պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter