HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարություն․ «Անհասկանալի է, թե ինչո՞ւ նախարարության կողմից բոլոր հնարավոր թույլտվություններն ունենալու պարագայում չեն իրականացվել աշխատանքները»

Օրերս հրապարակված «Արամի 23-ը հեղափոխականության փորձաքար. Կառավարության նպատակը հուշարձան-շենքը վերականգնելը չէ» հոդվածում արծարծված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ էինք խնդրել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից, քանի որ շենքի վերականգնման պատասխանատու կողմերից մեկն էլ նախարարությունն է: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը պատասխանել է մեր հարցադրումներին և խոսել ընդհանրապես Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան-շենքի վերականգնման թնջուկին նախարարության ունեցած դերակատարության մասին: Նախարարի տեղակալի պատասխանին ծանոթացեք ստորև․

«ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի (վճարող), «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» (պատվիրատու) և «Լուչիո Սպեկա Ստուդիո դի Արքիթեքտուրա» կազմակերպության (կատարող) միջև 08.02.2019թ. կնքված պայմանագրում ՀՀ մշակույթի նախարարության իրավունքներին ու պարտավորություններին, ընդհանրապես ՀՀ մշակույթի նախարարությանն առնչվող ընդամենը մեկ կետ գոյություն ունի. «2.7. ՀՀ մշակույթի նախարարությունը պարտավորվում է ապահովել անխոչընդոտ պայմաններ (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից)՝ Կատարողի կողմից իր աշխատանքների իրականացման համար»:

Ձեր գրության մեջ նշված հարցադրումներին ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) ս.թ. մայիսի 25-ին պաշտոնական գրություն է ուղարկել Տիգրան Հեքեքյանին: Հունիսի 25-ին «Հետք» լրատվական կայքում հրապարակված հոդվածում սույն պատասխանը Տիգրան Հեքեքյանի կողմից դիտարկվում էր հետևյալ կերպ. «Դրանից հետո նախարարությունն իրենց ուղարկած պատասխանում սքողված մի միտք է նշել, որ դեմ չեն շինարարությունն այդ նախագծով իրականացնելուն: «Ոչ թե՝ «այո» են ասում, այլ՝ ուղղակի դեմ չեն»,- ընդգծում է շենքի սեփականատերը»:

Ուստի, նամակի հիմնական բովանդակությունը, որպես Ձեր կողմից բարձրացված հարցերի պատասխան, ներկայացնում ենք ստորև.

«...Նախարարությունը դեռևս 15.11.2019թ. գրությամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանին իր թույլտվության վերաբերյալ, մասնավորապես հայտնելով, որ «Երևան քաղաքի Արամի 23 հասցեում «Փոքրիկ երգիչներ» հուշարձան-շենքի ամրակայման նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ նախագծով ներկայացված հուշարձան-շենքի պահպանման միջոցառումների վերաբերյալ, որին մասնակցություն են ունեցել Նախարարության, «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ի, «Օլդ Սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Ելնելով հուշարձան-շենքի հնարավորինս ամբողջական պահպանման շահերից՝ առավել նպատահարմար է գտնվել միջամտությունները կատարել համաձայն իտալացի մասնագետների նախագծով կազմած ամրակայման միջոցառումների կիրառման և ըստ առաջնահերթության (հատվածաբար)»: Նախարարության դիրքորոշման վերաբերյալ 24.11.2019թ. գրությամբ տեղեկացվել է նաև «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ն: Դրական դիրքորոշման վերաբերյալ համապատասխան գրություն 27.11.2019թ. ուղարկվել է նաև ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե:

Նախարարությունը 03.12.2019թ. գրությամբ խնդրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայությանը շինարարական աշխատանքների ընթացքում Արամի փողոցում մեքենաների հոսքը օրվա որոշակի ժամերին դադարեցնելու կամ ճանապարհի մի հատվածը սահմանափակելու խնդրանքով, որի մասին 03.12.2019թ. գրությամբ ծանուցվել է նաև «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ն:

Այնուհետև նախարությունը 12.12.2019թ. գրությամբ Ձեզ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնել է Նախարարության կողմից իրականացված բոլոր միջոցառումների մասին՝ նշելով, որ չնայած Նախարարության կողմից ձեռնարկված աշխատանքներին, շինարարական աշխատանքները դեռևս չեն սկսվել: Նախարարության նշված գրությունը մնացել է անպատասխան:

Ի գիտություն տեղեկացնում ենք նաև, որ ի պատասխան «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի 17.03.2020թ. գրության նախարարությունը մասնավորապես հայտնել է, որ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Լուչիո Սպեկա Ստուդիո դի Արքիթեքտուրա» կազմակերպության միջև առկա պայմանագրային վճարների հետ կապված վեճերը դուրս են Նախարարության կանոնադրական գործառույթների շրջանակներից։ Ավելին, համաձայն 08.02.2019թ.-ին «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության, «Լուչիո Սպեկա Ստուդիո դի Արքիթեքտուրա կազմակերպության», «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված գիտանախագծային ու նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման թիվ Հ01-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 2.7 կետի՝ ՀՀ մշակույթի նախարարությունը պարտավորվել է ապահովել անխոչընդոտ պայմաններ (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից)՝ կատարողի կողմից իր աշխատանքների իրականացման համար, և ներկայումս պետական և տեղական ինքնակառավարման որևէ մարմին չի խոչընդոտում պայմանագրի կատարմանը»: Նախարարությունն արել է հնարավորը, որպեսզի ցուցաբերի առավելագույն աջակցություն թե՛ պայմանագրով ստանձնած պարտավորությունների, թե՛ օրենքով Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում: Դրա վկայությունն են Նախարարության՝ վերը հիշատակված բոլոր գրությունները:

Ի պատասխան «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ի գրության ս.թ. ապրիլի 1-ին Նախարարությունը գրությամբ (պատճենը՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային) ևս մեկ անգամ առաջարկել է կնքել երկկողմ պայմանագիր և իրականացնել թույլտվությամբ տրված աշխատանքները, որոնք առ այսօր չեն իրականացվել: Ի պատասխան Ձեր՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին ուղղված 03.04.2020թ. նամակի (պատճենը՝ ԿԳՄՍՆ-ին) Նախարարությունը 06.04.2020թ. գրությամբ հայտնել է, որ այն ընդունվել է ի գիտություն, քանի որ, կրկնում եմ, այն դուրս է Նախարարության՝ օրենքով վերապահված գործառույթների շրջանակներից:

Այսքանից հետո առնվազն անհասկանալի է, թե ինչու դեռևս 2019թ. նոյեմբեր/դեկտեմբեր ամիսներից առ այսօր, Նախարարության կողմից բոլոր հնարավոր թույլտվություններն ունենալու պարագայում չեն իրականացվել վերը նշված աշխատանքները:

Տեղեկացնում ենք, որ Ձեր 15.05.2020թ. գրությամբ նշված, շինարարական աշխատանքների անհնարինության մանրամասն բացատրությունները (Երևանի քաղաքապետարանի շինթույլտվության պատասխաններ, «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի հետ հարկման և վճարման խնդիրներ, ՊԵԿ-ի կողմից պարզաբանումներ) որևէ կերպ չեն առնչվում Նախարարության գործառույթների հետ:

Հայտնում ենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդականներն աշխատում են նախարարի հանձնարարականների և ցուցումների հիման վրա, որոնց կարծիքը կարող է նշանակություն ունենալ այս կամ այն հարցի շուրջ Նախարարության վերջնական դիրքորոշում ձևավորելու համար:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ևս մեկ անգամ տեղեկացնում եմ, որ Նախարարությունը սահմանված կարգով և ժամկետներում իր գործառույթների շրջանակներում իրականացրել է բոլոր հնարավոր գործողությունները Երևան քաղաքի Արամի 23 հասցեում «Փոքրիկ երգիչներ» հուշարձան-շենքի ամրակայման աշխատանքների շուտափույթ իրականացման համար, ուստի կրկին հորդորում ենք օրենքով սահմանված կարգով համաձայնություն ձեռք բերել «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ-ի հետ:

«Փոքրիկ երգիչներ» հուշարձան-շենքի ամրակայման աշխատանքների շուտափույթ իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված և հետագայում իտալական նախագծող կազմակերպության հետ հնարավոր իրավական վեճերից խուսափելու, ամրակայման աշխատանքների հետագա հնարավոր ձգձգումներից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ ընդգծում ենք 08.02.2019թ. թիվ Հ01-ի պայմանագրի «պատվիրատու», «կատարող», «վճարող» հանդիսացող կողմերի՝ պայմանագրային բոլոր կետերի պատշաճ ապահովման կարևորությունը:

Այս համատեքստում առաջարկում ենք նաև ստանալ իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո դի Արքիթեքտուրա» կազմակերպության պաշտոնական համաձայնությունը ամրակայման աշխատանքների ընթացքում իտալական կազմակերպության կողմից հեղինակային հսկողություն իրականացնելու, կամ, դրա անհնարինության կամ հրաժարման դեպքում սահմանված կարգով այլ անձի կողմից վերը նշված գործառույթը պատշաճ կերպով իրականացնելու համար»:

Տիգրան Հեքեքյանին ուղղված նամակում հիշատակված բոլոր գրությունները եղել են պաշտոնական և առկա են Նախարարությունում:

Ս.թ. հունիսի 25-ի «Հետք»-ի նույն հոդվածի՝ կնքված պայմանագրի ժամկետների հետ կապված հայտնում ենք նաև, որ համաձայն պայմանագրի 7.2 կետի՝ «Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը», իսկ 05.06.2020թ. «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» կողմից Նախարարություն ուղարկված նամակում նշվել է, որ իտալական կազմակերպությունը միայն ս.թ. ապրիլի 22-ին է նախագծով ամրակայման հեղինակային հսկողություն իրականացնելու համաձայնություն տվել Դավիթ Նահատակյանին, ինչը պարտադիր նախապայման է աշխատանքների իրականացման համար»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter