HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր տեսակ, որը սպառնում է վերածվել համավարակի

Չինացի գիտնականները հայտնաբերել են խոզի գրիպի նոր տեսակ, որն ունի լուրջ պոտենցիալ դառնալու համավարակ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Վիրուսն ի հայտ է եկել բավականին վերջերս։ Պոտենցիալ տարածողները խոզերն են, սակայն այն կարող է վարակիչ լինել նաև մարդկանց համար։

Հետազոտողներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ վիրուսը կարող է շարունակել մուտացիայի ենթարկվել, ինչը հնարավորություն կտա վիրուսին մի մարդուց հեշտությամբ փոխանցվել մյուսին՝ առաջացնելով նոր գլոբալ համավարակ։ Գիտնականների խոսքերով՝ չնայած ներկայումս իրավիճակը սպառնալիք չի հանդիսանում, նոր հարուցիչն ունի բոլոր բնորոշ հատկանիշները, որոնք ցույց են տալիս մարդու վարակին հարմարվելու բարձր աստիճանը և պահանջում խիստ վերահսկողություն։

Նմանատիպ վիրուսի վերջին զանգվածային համաճարակը, որին բախվել է աշխարհը, 2009 թվականին Մեքսիկայում սկսված խոզի գրիպն էր։ Հիվանդությունից մահացության ցուցանիշներն այդ ժամանակ ցածր էին, քան կարծում էին ի սկզբանե։ Հիմնական պատճառն այն էր, որ վիրուսը նման էր գրիպ հարուցող մյուս վիրուսներին և խոցելի մի շարք կատեգորիաների պացիենտների մոտ (հատկապես տարեցների շրջանում) առկա է եղել իմունիտետ։

Այս վիրուսի առանձնահատկությունը նրանում է, որ այն միանգամայն նոր է, նման չի մյուս վիրուսներին և մարդկանց դիմադրողականությունը վիրուսի նկատմամբ կամ շատ թույլ է կամ ընդհանրապես չկա:

Զուգահեռաբար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի ամենածանր փուլը, հնարավոր է, դեռ առջևում է։

Կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյուսի խոսքով՝ եթե կառավարությունները չսկսեն վարել համավարակի դեմ պայքարի գրագետ քաղաքականություն, վիրուսը սպառնում է վարակել ավելի մեծ թվով մարդկանց, քան ներկայումս է։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս ամենն ավարտվի։ Մենք բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքին։ Սակայն դաժան իրականությունն այսպիսին է, որ մենք նույնիսկ չենք մոտեցել համավարակի ավարտին»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած առցանց ճեպազրույցի ժամանակ։

Գեբրեյուսը նաև հավելել է, որ չնայած բազմաթիվ երկրներ հասել են որոշակի առաջընթացի, ընդհանուր առմամբ աշխարհում համավարակը ուժեղանում է և նոր թափ հավաքում։

Լուսանկարը՝ REUTERS/Stringer/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter