HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչպես ֆրանսիական «կանաչները» կարող են փոխել Մակրոնի և ԵՄ քաղաքականությունը

Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հունիսի 28-ին, որոշ քաղաքագետներ անվանում են «ֆրանսիական քաղաքականության մեջ տեկտոնական տեղաշարժ»։ «Deutsche Welle»-ն փորձել է ամփոփել Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները և հանգել որոշակի եզրակացությունների։ 

Մի շարք խոշոր քաղաքներում առաջին անգամ ընտրություններում հաղթել են «Եվրոպա-Բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչները։ Այսուհետ Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Ստրասբուրգում, Գրենոբլում և երկրի մի շարք այլ քաղաքներում կկառավարեն «կանաչ» քաղաքապետերը։ Հայազգի Ժան Բարսեղյանն ընտրությունների արդյունքում դարձել էր Ստրասբուրգի քաղաքապետ։

Պետք է փաստել սակայն, որ նրանց հնարավորությունները կենտրոնացված իշխանությամբ Ֆրանսիայում սահմանափակ են, իսկ ընտրությունների մասնակիցների ընդհանուր թիվը շատ ցածր է եղել՝ մոտ 40 %, ինչը որոշակիորեն նվազեցնում է ընտրությունների նշանակությունը։ Այդուհանդերձ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուրջ ազդակ են դարձել Էմանուել Մակրոնի համար։

Ինչքան էլ զարմանալի է տեղական ինքնակառավարման ընտրություններում կանաչների գրանցած հաջողությունները, որևէ հիմք չկա մտածելու, որ նրանք կկարողանան պահպանել այդ հաջողությունները հետագայում։ Ֆրանսիական կանաչների հիմնական թուլությունը կայանում է նրանում, որ նրանք, ի տարբերություն գերմանական կանաչների, կայացած կուսակցություն չեն, այլ, ավելի շուտ, խիստ բազմազան քաղաքական շարժում։ 

«Կանաչներ» բնապահպանական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Դևիդ Կորմանդը կարծում է, որ ֆրանսիական կանաչներն ազգային մակարդակում չունեն որևէ հավակնություններ։ Պատգամավորը կարծում է, որ ամեն դեպքում նրանք այս պահին չեն միանա Մակրոնի կառավարությանը, քանի որ մի քանի տարի առաջ նրանց համագործակցությունը ձախողվել է։ 2017 թվականին Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը եղել է հայտնի բնապահպան Նիկոլա Յուլոն, որը մեկ տարի անց նա լքել է իր զբաղեցրած պաշտոնը՝ ի նշան նախագահ Մակրոնի հետ ունեցած անհամաձայնությունների, որոնք վերաբերում էին շրջակա միջավայրի պահպանությանը։ 

Էմանուել Մակրոնը չկարողացավ ամրապնդել դիրքերը ՏԻՄ մակարդակում

Էմանուել Մակրոնի «La République En Marche!» կուսակցությունը պետք է գիտակցեր, որ երեք տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններում իր հաջողությունը, դժվար կլինի կրկնել տեղական ինքնակառավարման մարմինների պարագայում։ Հիմնական խոչընդոտը հանրության շրջանում նախագահի ցածր հեղինակությունն է և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում կուսակցության դիրքերի անհաջող ամրապնդումը։ Մունիցիպալ քաղաքականությունը նախկինի պես շարունակում է մնալ աջակողմյան և ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչների ձեռքում։ Մակրոնն այդպես էլ չկարողացավ խախտել այս ավանդույթը։

Ընդ որում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աջ պոպուլիստական «Ազգային ճակատ» կուսակցության և նրա առաջնորդ Մարին Լը Պենի հույսերը նույնպես ձախողվել են։ Միակ խոշոր քաղաքը, որտեղ հաղթել է աջ պոպուլիստ Լուո Ալյոն, դարձել է Պերպինյանը։ Սակայն «Ազգային ճակատի» համար իրական փորձություն կդառնա հաջորդ տարի կայանալիք տարածաշրջանային ընտրությունները։ Դրա արդյունքներից պարզ կդառնա, թե արդյոք Մարին Լը Պենի շանսեր ունի մասնակցելու 2022 թվականի նախագահական ընտրություններին։

Իսկ ֆրանսիացի սոցիալիստների համար, որոնք 2017 թվականի ընտրությունների ժամանակ կրել էին ջախջախիչ պարտություն, ՏԻՄ ընտրություններում կանաչների հաղթանակը դարձել է քաղաքական վերածննդի հույսի խորհրդանիշ։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆորը հայտարարել է, որ երկու տարի անց, հնարավոր է, նախագահական ընտրությունների ժամանակ աջակցեն կանաչների թեկնածուին։

Ազդակ Մակրոնի համար. բնապահպանությունը և սոցիալական քաղաքականությունն առաջնահերթություն

Նախագահ Մակրոնն իհարկե վերադասավորումներ կանի կառավարությունում։ Բացառված չէ, որ հրաժարական կտա պահպանողական վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Մակրոնի համար տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները ենթադրում են ուղղության ընտրության անհրաժեշտություն, որով պետք է առաջնորդվի իշխանությունը։ Հունիսի 29-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որոնք պետք է ներգրավվեն Ֆրանսիայի բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացին, նախագահը խոսել է հանրային կարծիքի բարոմետրի մասին։

Այն պահից սկսած, երբ Ֆրանսիայում սկսել են կրճատվել կորոնավիրուսի ցուցանիշները, ակնհայտ է դարձել, որ Մակրոնը կարող է փոփոխել իր տնտեսական ուղղվածությամբ քաղաքական կուրսը՝ որդեգրելով առավել ակտիվ սոցիալական քաղաքականություն։ Բացառված չէ, որ քաղաքական նոր կուրսի մեջ մեծ տեղ կհատկացվի շրջակա միջավայրի պահպանությանն ու խնդիրներին։ Նախագահական հաջորդ ընտրություններին մնացել է երկու տարի, իսկ Մակրոնը խնդիր ունի վերականգնել իր հեղինակությունը և միանգամայն հնարավոր է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքները լուրջ ազդակ կդառնան Մակրոնի համար։

Ֆրանսիական քաղաքականության փոփոխությունը կարող է ազդել նաև Եվրամիության օրակարգերի վրա։ Այստեղ Մակրոնի գլխավոր նպատակը կորոնավիրուսի համավարակից հետո ԵՄ անդամ երկրների տնտեսությունների վերականգնման ֆոնդի ստեղծումն է։ Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես են գալիս այս գաղափարի օգտին։

Կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած ճգնաժամի ժամանակ ստեղծվել էր տպավորություն, որ Եվրոպայում տնտեսությունների վերականգնումը երկրորդ պլան էր մղել քաղաքական մյուս նպատակներին։ Կանաչները բազմիցս ընդգծել են, որ կլիմայի պաշտպանությունը և բնապահպանական քաղաքականությունը հայտնվել են այդ ցանկում։ Եվ եթե Մակրոնը քայլ կատարի «կանաչ քաղաքականության» օգտին և աջակցի կլիմայի պաշտպանության ԵՄ ծրագրին, որն առաջ է քաշել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ապա այն կարող է փոփոխել Եվրամիությունում առկա բալանսը։

Լուսանկարը՝ Nicolas Tucat, AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter