HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյան համայնքի ավագանու 9-ը անդամներից 6-ը վաղաժամկետ դադարեցրել են իրենց լիազորությունները

Լոռու մարզի Թումանյան համայնքի մեջ մտնում են Թումանյան քաղաքը և Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղական բնակավայրերը: Համայնքի ավագանու 9-ը անդամներից 6-ը վաղաժամկետ դադարեցրել են իրենց  լիազորությունները: Համայնքապետ Լևոն Զավարյանի խոսքով ավագանու անդամները իրենց լիազորությունները դադարեցրել են, որովհետև ինքը չի լուծել նրանց անձնական խնդիրները:

«Բոլորին բացատրել եմ, որ համայնքապետարանը բարեգործական հիմնարկ չէ, ասել եմ, ընտրվել եք, որ բարեխղճորեն ծառայեք ժողովրդին, բացատրել եմ, որ իրենց հանդեպ ես պարտավորություն չունեմ»,- ասաց Լևոն Զավարյանը: Վերջինս համայնքապետի իր լիազորություններն իրականացնելու գործում հայտնվել է փակուղում:

Առաջինը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել քարինջեցի Տիգրան Մխիթարյանը: Համայնքի ավագանին 2019թ.-ի հունիսի 11-ի նիստի որոշմամբ ընդունել է նրա հրաժարականի դիմումը և դադարեցվել է նրա լիազորությունները:

 «Ես ի սկզբանե դեմ եմ եղել Լևոն Զավարյանի աշխատանքի ոճին: Չկարողացա նրա հետ համագործակցել՝ 300-ից ավելի իմ ընտրողներին տված խոստումներս կատարելու համար: Այդ պատճառով չցանկացա աջակցել համայնքապետին իր անարդյուավետ աշխատանքում, մեկ տարի առաջ  դադարեցրի ավագանու անդամի լիազորություններս»,-ասաց Տիգրան Մխիթարյանը:

Ավագանու անդամ Գոռ Գալստյանն ասաց, որ իր լիազորությունները մոտ 6 ամիս  առաջ է դադարեցրել՝ ընտանիքով Երևան տեղափոխվելու պատճառով: «Ես  համայնքի խնդիրներին հեռվից չէի կարողանում տիրապետել, չցանկացա ավագանու գլխաքանակ անդամ լինել»,- պարզաբանեց Գոռ Գալստյանը:

Ավագանու ՀՅԴ անդամ Մերուժան Խեչոյանը բացատրեց, որ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է Թումանյան համայնքի ավագանու ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով: Մերուժանի խոսքով ավագանու նիստում կոնկրետ իր համար աշխատանքային մթնոլորտ չէր ձևավորվում: «Ոչ մի անգամ ավագանու նիստին քվորում չէր ապահովվում: Երկու տարի դեմ եմ քվեարկել Լ. Զավարյանի հեղինակած համայնքի բյուջեին, ավագանու մյուս անդամներն անհասկանալի կողմ էին քվեարկում, և բյուջեն հաստատվում էր»,- պատմեց Մերուժան Խեչոյանը:

Նա ավագանու անգործության հարցում մեղադրեց նաև զանգվածային լրատվության միջոցներին: «Ավագանին միշտ էլ  դուրս է մնացել  ԶԼՄ-ների տեսադաշտից, լրագրողները գալիս են համայնքի բնակավայրերում այս կամ այն հարցը  ուսումնասիրում, համայնքապետին մի երկու հարց տալիս ու գնում: Ավագանուն ԶԼՄ-ները ուշադրություն չեն դարձրել, այն դեպքում, երբ մենք են համայնքապետի աշխատանքը վերահսկողները»,-ասաց արդեն նախկին ավագանին: Մերուժան Խեչոյանի խոսքով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելով՝ ցանկացել է նպաստել համայնքում նոր որակի ավագանու ընտրությանը:

«Ես կուզենայի Թումանյան համայնքն ավելի արհեստավարժ ավագանի ունենա»,- ասաց  նա: Անդրադառնալով անձնական խնդիրների պատճառով ավագանու անդամների վաղաժամկետ լիազորություններ դադարեցնելու մասին Լևոն Զավարյանի մեկնաբանությանը, Մերուժան Խեչոյանն ասաց. «Եթե Լևոն Զավարյանը պնդի, որ իր մեկնաբանությունը վերաբերում է նաև ինձ, ապա ես նրան դատի կտամ»,- ասաց նա:

Լևոն  Զավարյանը պարզաբանեց, որ իր մեկնաբանությունը Մերուժան Խեչոյանին չի վերաբերվել: Ավագանու անդամներ Սեյրան Այդինյանի և Գայանե Վիրաբյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմումները քննարկվել են այս տարվա մայիսի 6-ի  քվորում չապահովված  նիստում՝ (ավագանու 9 անդամներից ներկա են  եղել 4-ը): Նիստին ներկա ավագանիները մեկ կողմ և 3  դեմ քվեարկությամբ Սեյրան Այդինյանի և Գայանե Վիրաբյանի դիմումները մերժվել են: Այդ նիստից հետո Սեյրան Այդինյանն այդպես էլ չի ներկայացել ավագանու նիստերին, իսկ Գայանե Վիրաբյանի ասելով՝ համայնքապետ Լևոն Զավարյանն իրեն համոզել է վաղաժամկետ չդադարեցնել լիազորությունները: Լևոն Զավարյանի ասելով ավագանու անդամներ Սասուն Վանյանը և Հրանտ Սարգսյանը ավագանու լիազորություններից հրաժավելու դիմում են ներկայացրել այն պատճառաբանությամբ, թե ճանապարհի պատճառով դժվարանում են ավագանու նիստերին մասնակցել:

«Մենք ավագանու որոշում ունեք, ավագանու անդամներին նիստի գալու ժամանակ նրանց սեփական ավտոմեքենանները գազով լիցքավորել ենք»,-ասաց Լ. Զավարյանը:

Հրանտ Սարգսյանը  և Սասուն Վանյանը ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում են գրել հունիսի 12-ին: «Անասուններս շատացել են, 40 գլուխ խոշոր եմ պահում, մենակ 20 կթու կով ունեմ: Չեմ հասցնում խնամել անասուններիս, էս տարի էլ 10 հազար դոլար եմ տվել, թազա տրակտոր ու պրես եմ առել, էսա խոտի սեզոնը սկսվում է, ուզում եմ մի քիչ փող աշխատել, ավագանու գործը չեմ հասցնում: Ուզում եմ անասնագոմ սարքել,  վարկ չեն  տալիս, անասունս ուրիշի գոմում եմ պահում, թե կարում եք մի բանում էլ ինձ օգնենք, հա»,-հեռախոսով ասաց Հրանտ Սարգսյանը:

«Իմ հայրենի Շամուտի, կամ հարևան Աթանի գյուղացիների համար համայնքապետից բան խնդրելը, դուք ինձ համար անձնական խնդիր կհամարեի՞ք: Ես համայնքապետին խնդրել եմ լուծել այս երկու բնակավայրերի սարվորների համար շատ կարևոր՝ ջրի խնդիրը: Դա համայնքապետի կողմից դիտվել է իմ անձնական խնդիր»,- ասաց Սասուն Վանյանը: 

Շամուտի  գյուղացիները ամռանն իրենց անասուներին տեղափոխում են «Սովխոզի սար» հանդամաս, հարևան ահնիձորցիներն էլ «Եռաբլուր» սարում եմ պահում իրենց անասունները:  «Սարերից յուրաքնաչյուրը 13 սարվոր ունի: Երկու սարի սարվորներն էլ ունևոր գյուղացիներ են, ամենքը 15-20 կթու կով ունեն: «Սովխոզի սար»-ում շատ ջուր ունեն: Այս սարից մինչև «Եռաբլուր» սարը 2 կմ է: «Սովխոզի» սարից «Եռաբլուր» սար ջուրը հասցնելու համար 13  սարվորներ փող են հավաքել, 2 կմ խողովակ են առել, էս պահին խողովակներով ջուրը քաշում  են «Եռաբլուր» սարը: Լևոն Զավարյանին խնդրեցի օգնել սարվորներին էս ջրի հարցում: Ասավ՝ չեմ  կարող օգնել: Ես էլ իմ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումս  տվեցի իրեն ու դուրս եկա ավագանու կազմից»,- պատմեց Սասուն Վանյանը:

Վերջինիս ասելով Շամուտի զայրացած գյուղացիները որոշել են մինչև Լևոն Զավարյանի լիազորությունները վայր դնելը հարկ չվճարել Թումանյան համայնքի բյուջեին: Լևոն Զավարյանի համայնքապետի լիազորությունների ժամկետը ավարտվում է 2021թ.-ի փետրվարին: Լևոն Զավարյանը համայնքի ավագանու 6 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին գրավոր տեղյակ է պահել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ  մարզպետը Թումանյան համայնքի ավագանու 6 անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման  մասին  տեղյակ է պահել տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարությանը:  Կառավարության որոշումից հետո Թումանյան համայնքում կանցկացվեն ավագանու նոր ընտրություններ:

գլխավոր լուսանկարում՝  Լևոն Զավարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter