HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի առողջապահության վերաիմաստավորման ժամանակը – ամառ 2020 (մաս 2)

Գևորգ Թամամյան

Շարունակելով նախորդ մասում Հայաստանի առողջապահության խնդիրների վերլուծությունը, այս մասում կանդրադառնանք, իմ կարծիքով, մեկ այլ կարևոր հարցի, որը կոչվում է արժեքների շարունակական կորուստ:

Լինելով Սովետական բժշկության ժառանգորդը, անկախության երեք տասնամյակների ընթացքում հայկական առողջապահությունը և բժշկությունն անցել են բազում փորձություններով՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժ, Արցախյան պատերազմ, շրջափակում, տնտեսական անկում: Սովետական Միության գոյության ժամանակահատվածում, լինելով փակ երկիր, հիմնական զարգացումը գնացել է Միության ներսում, և, չնայած շատ ասպեկտներով մեր բժշկությունը հետ է մնացել համաշխարհային գիտական առաջընթացից, սակայն բազմաթիվ նվիրյալների և ստեղծված ինստիտուտների շնորհիվ հնարավոր է եղել կայացնել բժիշկների մի մեծ բանակ, որոնք կարողացան իրենց ուսերին պահել Հայաստանի առողջապահությունը և տանել դժվարությունների միջով: Եթե համեմատենք մեկ բնակչի հաշվարկով առողջապահության ոլորտում պետության ներդրած գումարը, և առողջապահական ցուցանիշները, հստակ կերևա բժշկական համակարգի կողմից կատարված հերոսական աշխատանքը: 

Սակայն ժամանակի ընթացքում ոլորտի թերֆինանսավորման և բժշկության մեջ շուկայական համակարգի ներխուժման պատճառով, բժիշկների մի մասը չկարողացավ իրեն գտնել այդ հարաբերություններում և մեկնեց արտերկիր ու այնտեղ հասավ մեծ հաջողությունների, մյուս՝ գերակշիռ մասը մնաց երկրում՝ հարմարվելով իրողությունների հետ գլուխը կախ շարունակեց աշխատել, մի մասն էլ իրեն գտավ տարբեր բժշկական և ոչբժշկական հարթակներում՝ բիզնես, արվեստ, քաղաքականություն, և այլն: Այս ամենին զուգահեռ, երկրում բացվեցին նաև մասնավոր բժշկական ուսումնական հաստատություններ, մեծամասամբ կասկածելի հեղինակությունով, երկրում սկսվեց բժիշկների գերարտադրություն, ինչն իր հերթին բերեց նաև անառողջ մրցակցության, իսկ ինչու անառողջ, որովհետև շատ հաճախ արժանավորները մնում էին դրսում, իսկ հարցերը լուծվում էին ըստ ծանոթության աստիճանի: Նման անառողջ մրցակցության մթնոլորտում նաև շատ արժանավոր բժիշկներ ուղղակի խուսափում էին կիսվել իրենց գիտելիքներով, քանի որ վաղը չգիտեին որտեղ կհայտնվեն, ինչի արդյունքում բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների մնում էին ձեռնունայն, և բժշկության ճգնաժամն էլ ավելի էր խորանում:

Արժեքների հետընթացն էլ ավելի ակնառու դարձավ, երբ քաղաքականությունը մտավ բժշկություն, տնօրեններ սկեցին նշանակվել որոշ նվիրված կուսակցականներ ու ծանոթ-բարեկամներ՝ անկախ նրանց մասնագիտական կարողություններից, և, ցավոք, շատ արժանավոր բժիշկներ ևս ստիպված էին դառնալ այս կամ այն կուսակցության անդամ՝ պահպանելու իրենց դիրքը կամ իրենց ղեկավարած հիմնարկը: Տեսնելով այս համատարած կուսակցականացումը, բազմաթիվ խելացի ուսանողներ և երիտասարդներ, որոնք կարող էին տաղանդավոր բժիշկներ դառնալ, հետ չմնալու համար իրենց արդեն կուսակցականացած՝ բայց պակաս ունակ «խոստումնալից» ընկերներից, սկսեցին բռնել քաղաքական «հաջողության ճամփան»: 

Իսկ այս ընթացքում, շարքային բժիշկը շարունակում էր գլուխը կախ աշխատել ու գոյատևել՝ հարմարվելով իրողություններին: 

Իհարկե, եղան նաև անհատներ, ովքեր փորձեցին փոխել իրողությունները, բայց ընդհանուր մթնոլորտը բավականին տխուր էր:

2018թ-ի թավշյա հեղափոխությունը, ինչպես և այլ ոլորտներում, խոստանում էր հեղափոխական դառնալ նաև առողջապահության համար, սակայն նման ռոմանտիզմն այս պարագայում արդարացված չէր: 

Թվում էր, թե այսուհետ պետք է առաջնահերթություն տրվեր մասնագետներին, պետք է իրական բժիշկների ձայնը լսելի դառնար, սակայն, ցավոք, «նոր» առողջապահության իրականությունն այլ էր դառնալու, բժիշկների շրջանում հիասթափությունն էլ ավելի էր մեծանալու, իսկ արժեքների հեղափոխությունը բժշկությունում հետ էր մղվելու անորոշ ժամանակով:

Իսկ որն էր այդ «նոր» իրողությունը: Առաջին փոփոխությունը, որ սպասվում էր, դա առողջապահության ապաքաղաքականացումը պետք է լիներ, սակայն նշանակումից քիչ անց առողջապահության նախարարն իր ֆեյսբուքյան պատին իրեն նշեց որպես քաղաքական գործիչ, և դարձավ կուսակցական, և այստեղ բնավ կարևոր չէ, թե որ կուսակցության անդամ: Շատերը կարող են չհամաձայնվել ինձ հետ, սակայն իմ կարծիքով, ինչպես պաշտպանության նախարարի դեպքում է, առողջապահության նախարարը ևս չպետք է լինի քաղաքական գործիչ, մանավանդ, մեր պես զարգացող երկրներում, երբ առողջապահական ինստիտուտները դեռ կայացման փուլում են: 

Ասածս փորձեմ հիմնավորել մի քանի օրինակներով: Երբ առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է, Կառավարության նիստին նրա առաջին հայտարարությունն այդ պաշտոնում կարող է վերաբերվել, օրինակ՝ ուշ ժամերին հրավառությունների անթույլատրելիությանը: Իհարկե, շատ խորը մտածողները կարող են հիմնավորել դա, որ մարդը մտածում է ազգաբնակչության հոգեկան առողջության մասին, բայց ամեն օր հիվանդի հետ աշխատող բժշկի մոտ առաջանում է առաջին հարցը՝ լավ, միթե առողջապահության մեջ այլ հրատապ խնդիր չկա, որ նորանշանակ նախարարը խոսում է հրավառություններից: 

Ի տարբերություն ապաքաղաքական նախարարի, քաղաքական գործիչ նախարարը Կառավարության նիստին կարող է հայտարարել, որ որոշել են սքրինինգ անել մատնահարդարներին և վարսավիրներին: Իհարկե, առավոտյան մատնահարդարի գնացած կինը, որ «Լիզա» ամսագրում կարդացել է հեպատիտով վարակվելու հնարավորության մասին, կգնահատի առողջապահության պատասխանատուի նման խիզախ որոշումը, չէ որ նա չի տարբերում մատնահարդարի սքրինինգը և մատնահարդարման ատրիբուտների ստերիլիզացիան, սակայն նա արդեն վստահ է դառնում, որ իր մասին մտածում են: Իսկ մասնագիտական շրջաններից եկած տարակուսանքին, նույն խիզախությամբ կարող են պատասխանել, որ տուբերկուլոզի սքրինինգի մասին է խոսքը: Հոգ չէ, որ աբսուրդ է, և որևէ մեկը երբևէ որևէ սքրինիգի չի էլ ենթարկվի, իսկ Կառավարության նիստին արված հայտարարությունը կկորցնի խոսքի արժեքը. կարևորը սոցիալական ցանցերում «հետևորդների» հրճվանքն է:  

Քաղաքական գործիչ նախարարը, օրինակ՝ կարող է փոխնախարարի ձերբակալության հաջորդ օրը «ազատ» լրատվամիջոցին «բլից» հարցազրույց տալ, և հայտարարել, որ մանկական քաղցկեղի դեղորայքի համար ծխախոտ արտադրողներից գումար վերցնելն անթույլատրելի է, իսկ երբ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին նույն ծխախոտ արտադրողները միլիոնավոր դրամներ փոխանցեն՝ հմտորեն մոռանալ սկզբունքայնության մասին: Ի միջի այլոց, ընտրողական կուրությունը, վերջինիս դեպքում կարող է վարակել բազմաթիվ «հակածխախոտային առաջամարտիկների»: Իրավ է ասված, որ քաղաքականությունը և բարոյականությունը, շատ հաճախ համատեղելի չեն լինում:

Որպեսզի ավելի պատկերավոր լինի բժշկության և քաղաքականության անհամատեղելիության մասին, պատկերացրեք, օրինակ՝ վիրաբույժը դուրս է գալիս ծանր վիրահատությունից, հիվանդի կյանքը մազից է կախված, հնարավոր է երկրորդ վիրահատության կարիք լինի, իսկ վիրաբույժը սկսում է հիվանդի հարազատների հետ խոսել Գահերի Խաղը ֆիլմի հերթական սերիայի մասին: Չէ որ այդ պահին նա չի վիրահատում, չէ որ այդ պահին նա հանգստի մեջ է: Պատկերացրեցի՞ք հարազատների զարմանքը և զայրույթը: Նմանատիպ զարմանք և զայրույթ է առաջանում, երբ համավարակի ամենաթեժ պահին, երբ ամեն օր հարյուրավոր նոր վարակվածներ կան, հիվանդանոցներում մարդիկ են մահանում, առողջապահության թիվ մեկ պատասխանատուն ինչ որ քաղաքական հայտարարություններ է անում: Իսկ ինչու եք զարմանում, չէ որ նա նաև քաղաքական գործիչ է, և ազնվորեն նշել է այդ մասին իր Ֆեյսբուքի պատին:  

Երբ առողջապահության նախարարը քաղաքական գործիչ չէ, ցանկացած որոշում ընդունելուց առաջ բազմաթիվ քննարկումներ է անում տարբեր շահառուների հետ՝ քաջ գիտակցելով, որ առողջապահությունը շատ փխրուն ոլորտ է, և ամեն անզգույշ շարժում կարող է ծանր հետևանքներ ունենալ: Իսկ քաղաքական գործիչ նախարարի դեպքում, նախարարության վարչություններում դեռևս մշակման փուլում գտնվող ցանկացած առաջարկություն վայրկյանական դառնում է ֆեյսբուքի սեփականությունը: Հոգ չէ, որ այն կարող է տապալվել, հոգ չէ, որ կարող է վատ արձագանք լինել, կարևորը լրացվի այդ օրվա հանրային տեսանելիության չափաբաժինը: Ի միջի այլոց, այս մեթոդը, կարծում եմ խորթ չէ հայ հասարակության համար, մեր հայտնի հայրենակից Քիմ Քարդաշյանն էլ օգտվում է այդ մեթոդից, այն է, կարևորը խոսեն իր մասին, կապ չունի լավ, թե վատ: Ուղղակի, տվյալ դեպքում առողջապահության «քարդաշյանական ռեալիթի շոուի» հետևանքները խորը հետք են թողնում ոլորտի վրա: 

«Նոր» մարդիկ

Բնական էր, որ հեղափոխությունից հետո ասպարեզ պետք է գային նոր մարդիկ նաև առողջապահության ոլորտում: Իհարկե, հույս կար, որ նոր եկածները պետք է նոր արժեքներ բերեին իրենց հետ, սակայն, չհաշված հատուկենտ բացառությունների, նախկիններին փոխարինելու եկան առողջապահության «պատասխանատուի» ընկեր-բարեկամները: Ընկեր-բարեկամ լինելու մեջ, բնավ, որևէ բացասական երանգ չեմ տեսնում, մինչև այն պահը, երբ ընկերը նշանակվում է տվյալ աշխատանքին ելնելով իր մասնագիտական և մարդկային արժեքներից, և ոչ թե անձնական հավատարմությունից կամ այլ շահադիտական նպատակներով: 

Գույներն էլ ավելի թանձրացան, երբ «հեղափոխական» առողջապահական թիմին միացան այնպիսի «անհատականություններ», որոնց մասին ինչպես Սելինն էր ասել. «նա ուզում էր ամուսնանալ՝ իմ հետ կամ ցանկացած այլ մեկի»: 

Հենց նույն ժամանակ շրջանառության մեջ դրվեց «առողջապահության ղեկավարումը պետք է արվի առողջապահության կազմակերպիչների, և ոչ թե բժիշկների կողմից» կեղծ օրակարգը: Առաջին հայացքից անմեղ թվացող այս «արշավն» ընդամենը մեկ նպատակ ուներ, ուժեղացնելու առողջապահության նախարարին, և առանցքային պաշտոններին նշանակել նրա մտերիմներին, որոնց «առողջապահության կազմակերպիչ» գործունեությունը սահմանափակվում է միայն օրդինատուրայի դիպլոմի գրառումով կամ «ա լյա Մալիշևա» գործունեությամբ: 

Բնավ չթերագնահատելով առողջապահության կազմակերպում մասնագիտությունը, և համարելով այն կարևորագույն ոլորտ, պետք է նշեմ, որ այս «արշավի» կազմակերպիչները հմտորեն մոռացել էին այն փաստը, որ իրենց նշված ԱՄՆ-ում կամ Եվրոպայում առողջապահության կազմակերպչի դիպլոմից մինչև առողջապահական կառույցի ղեկավար ճանապարհը շատ երկար է, և պահանջում է երկար տարիների փորձ, գիտելիքներ ու կարողություններ, իսկ աշխարհի խոշորագույն հիվանդանոցներից շատերն էլ, մինչ օրս ղեկավարում են հայտնի բժիշկներ:

«Առողջապահության կազմակերպիչների» այս արշավին պակասում էր միայն մի բան՝ վաղուց հայտնի Առողջապահության կազմակերպիչների «ապաքաղաքական» ասոցիացիայի վերածնունդը, բայց ինչպես ասում են սուրբ տեղը դատարկ չի մնում, և հիմնվեց «Ազգային բժշկական պալատ» կոչված կառույցը՝ «նոր» արժեքների ջահակիրը:

Իհարկե, վերը նշվածը էլ ավելի էր խորացնելու պրակտիկ բժիշկների և առողջապահության նոր էսթաբլիշմենթի միջև ճեղքվածքը: Ամբողջ աշխարհում բժշկությունը հիմնված է հեղինակությունների և տարիների ավանդույթների վրա: Նույն Հիպոկրատի երդումն առանձին նշում է ուսուցչի կարևորությունը՝ «Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողներիս հավասար...»: Այս ավանդույթների մասին, իհարկե, հայտնի էր նաև առողջապահության ղեկավարությանը, և որպեսզի հնարավոր լինել էլ ավելի կորացնել առողջապահության մեջքը, ինչ էր պետք անել՝ ղեկավար նշանակել մարդկանց, որոնք որևէ կապ չունեին բժշկության հետ: Դիցուք, ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն մաքսայինի կապիտանին նշանակելիս, անկախ նրա մարդկային հատկանիշներից կամ մաքսայինին մատուցած ծառայություններից, ուներ մեկ հիմնական նպատակ՝ բժշկական հանրությանը ցույց տալ, որ 40 հազարանոց բժշկական հանրության մեջ չկա մեկը, որ կարող է ղեկավարել, այդ պատճառով նշանակվում է մաքսավոր:

Համոզված եմ, մեզնից որևէ մեկը չի ցանկանա, որ իր սիրտը վիրահատի բժշկական համալսարանի նույնիսկ ամենատաղանդավոր ուսանողը. Այդ վիրահատությունն անելու համար անհրաժեշտ են տարիներ և փորձ: Սիրիական հակամարտության ընթացքում առողջապահությունը և բժշկությունն անդառնալի կորուստներ ունեցան: Տասնյակ հազարավոր բժիշկներ լքեցին երկիրը, և բժշկականի ուսանողներն ու օրդինատորները սկսեցին լրացնել այդ բացը, ինչն, անխուսափելիորեն, սիրիական բժշկությունն ու առողջապահությունը մղեց տասնամյակներ հետ, և այդ ամենը արժեցան կյանքեր: Էլ ավելի ծանր իրավիճակում գտնվող երկրներում, օրինակ՝ Բանգլադեշում, որտեղ կա բուժաշխատողների լուրջ պակաս, տարբեր կազմակերպություններ կարճատև դասընթացներ են կազմակերպում և բժշկության հետ որևէ կապ չունեցող մարդկանցից պատրաստում են բուժաշխատողներ: Համոզված եմ, մենք այն իրավիճակում չենք գտնվում, որ ստիպված լինենք մաքսավորներին վերապատրաստենք որպես բուժաշխատող: 

Երկրորդ մասի վերջաբանի փոխարեն

Հարվարդի համալսարանում առողջապահության կազմակերպման վերաբերյալ լեկցիա էր կարդում աշխարհահռչակ պրոֆեսոր Ռիֆաթ Աթունը, ով նաև ղեկավարում է մի այլ ծրագիր, որի շրջանակներում տարբեր երկրների գործող առողջապահության նախարարների է կրթում: Լեկցիայից հետո, երբ հրավիրեցի նրան Հայաստան, նա պատասխանեց.

- Սիրով, Ձեր երկրում իմ լավ ընկերն է ապրում, ով նաև հիանալի մասնագետ է՝ պրոֆեսոր Միհրան Նազարեթյանը:

Մեծ հպարտություն ապրեցի, լսելով պրոֆ. Նազարեթյանի մասին՝ նման աշխարհահռչակ մասնագետի կողմից: Միհրան Կոնստանտինովիչը մասնագիտությամբ արյունաբան է, եղել է անկախ Հայաստանի առաջին առողջապահության նախարարը, առողջապահության կազմակերպում է դասավանդել աշխարհի ամենահայտնի համալսարաններում: Ներկայումս Հայաստանը խորը առողջապահական ճգնաժամի մեջ է, և քանի՞ անգամ ենք մեր երկրում գտնվող նման մասնագետի խորհուրդը հարցրել...

(շարունակելի)

-------------------------

Գևորգ Թամամյանը «Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն»-ի ղեկավարն է, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter