Հայաստանը հատուկ հյուրի կարգավիճակով կմասնակցի Սալոնիկի գրքի միջազգային տոնավաճառին
Հայաստանը հատուկ հյուրի կարգավիճակով մայիսի 24-ից 27-ին մասնակցելու է Սալոնիկի գրքի միջազգային տոնավաճառին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ հանդիպման ժամանակ:
Այս տարի Հունաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, իսկ 2013 թ. Հունաստանի մշակույթի օրեր անցկացվեն Հայաստանում, ինչը նախատեսված է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև 2011-2013 թթ. համագործակցության հուշագրով: Հասմիկ Պողոսյանը և Վասիլիկի Դիկոպուլուն քննարկել են Հունաստանում կայանալիք հայկական մշակույթի օրերի ձևաչափը (համերգային և ցուցահանդեսային ծրագրեր, կինոյի շաբաթի անցկացում և այլն):
2013թ. Հունաստանի «Բենակի» թանգարանում կկազմակերպվի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» ձեռագրերի ցուցահանդես:
Հասմիկ Պողոսյանը հունական կողմին հրավիրել է մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու, հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանի միջոցառումներին, ներկայացնել հայերի և Հայաստանի մասին Հունաստանում տպագրված գրականություն, կազմակերպել հունական գրականության օրեր, Հունաստանի գրողների այցելություն Հայաստան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել