HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանն ասում է՝ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելիս ՀՔԾ-ն հաշվի է առել նրա կենսափորձը

«5-րդ Ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործին միացվել է ևս մեկ քրեական գործ։ Այժմ ոչ թե երկու, այլ երեք գործեր են քննվելու մեկ վարույթում։

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ Կառավարությունը շարունակ հորդորում է պահպանել անվտանգության կանոնները,  այսօր դատական նիստերի ոչ այնքան մեծ դահլիճում էին  4 ամբաստանյալ, վերջիններիս երկու պաշտպանները, տարբեր դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով երկու դատախազ, տուժող կողմը, դատավորը, նիստերի քարտուղարը, կարգադրիչ, երկու լրագրող։ Նիստերին մասնակցելու էր նաև տուժողի ներկայացուցիչը, սակայն այսօրվա նիստին նա ներկա չէր այլ ծանրաբեռնվածություն ունենալու պատճառով։

Դատական նիստերի ընթացում, սովորաբար, ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպանները նստում են իրենց համար առանձնացված սեղանների մոտ, տուժող կողմը՝ դատախազների կողմին, սակայն այսօր ամբաստանյալներից երեքն ու տուժողը նստած էին հետևի շարքերում, որտեղ, սովորաբար, դատավարությանը հետևող այլ քաղաքացիներն են լինում։ Նրանց մուտքն, ի դեպ, դահլիճ չի թույլատրվում․ նպատակը կորոնավիրուսի համավարակի պայմաններում անվտանգության կանոնները պահպանելն է։

Դատարանում քննություն առարկա է երկու դեպքի առթիվ քրեական գործ։ Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական առաջին նիստի օրը՝ 2019 թվականի մայիսի 13-ին դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին։ Արմեն Թավադյանն այդ գործով մեղադրվում է դատարանի առաջին հարկում կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Արմեն Թավադյանը շշով հարվածել է քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ  Գասպարիին։ Վերջինս այս գործով տուժող է։

Թավադյանի վերաբերյալ երկրորդ գործը վերաբերում է Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու համար կաշառելուն։ Այս գործով մեղադրյալ է նաև քաղաքացի Վարուժան Մկրտչյանը։ Այն ժամանակ, երբ Թավադյանի վերաբերյալ առաջին գործն արդեն դատարանում էր, դատարան է ուղարկվել նաև այս՝ երկրորդ գործն ու մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։ Վերջինս, սակայն, որոշել է գործն ուղարկել դատավոր Կարեն Ֆարխոյանն, ում վարույթում էր Թավադյանի վերաբերյալ առաջին գործը։

Երրորդ գործը նույնպես վերաբերում է 2019 թվականի մայիսին դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին, որով անցնող երկու մեղադրյալները՝ Սերգեյ Սաժամյանն ու Գևորգ Բաքարյանը մեղադրվում են բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու մեջ։ Խոսքը կրկին Վարտգեզ Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին է, պարզապես այս դեպքով Արմեն Թավադյանի վերաբերյալ նախաքննությունն ավելի շուտ է ավարտվել, քան Սաժումյանի և Բաքարյանի մասով։ Երեք գործերը մեկ վարույթում քննելու վերաբերյալ որոշումը դատարանն այսօր կայացրեց։

Ամբաստանյալ Վարուժան Մկրտչյանը հրաժարվեց պաշտպանից

Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան Մերի Ալավերդյանը։ Դատարանը նրան հրավիրել էր՝ ներգրավելու համար  որպես ամբաստանյալ Վարուժան Մկրտչյանի պաշտպան, վերջինս, սակայն, հրաժարվեց պաշտպանից։

 Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի։ Տվյալ դեպքում գործով մյուս ամբաստանյալներն ունեն պաշտպան, և, առերևույթ, նրանց և Վարուժան Մկրտչյանի շահերի միջև հակասություն առկա է։

Մկրտչյանը դատարանում  հայտարարեց, որ  հրաժարվում է պաշտպանից, սակայն եթե այդպիսիով գործի քննությունը պետք է ձգձգվի, չի առարկում, որ Մերի Ալավերդյանը ներկա գտնվի նիստին։

Նման պայմաններում հանրային պաշտպանը խնդրեց իրեն չներգրավել գործում։ Ըստ Ալավերդյանի՝ հանրային պաշտպանին հրավիրելով դատական նիստին  դատարանը, փաստացի ապահովել է ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, բայց եթե նա հրաժարվում է պաշտպանից, ապա որևէ խոչընդոտ չկա որպեսզի դատական նիստը շարունակվի իր բացակայությամբ, ու դատարանն իրեն չներգրավի՝ որպես Մկրտչյանի պաշտպան։ Դատարանը որոշեց Ալավերդյանին չներգրավել գործում։

Պաշտպանի պնդմամբ ՝ Արմեն Թավադյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրված առանց  օրենսդրական հիքմերի առկայության

Այսօրվա դատական նիստին Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց Թավադյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնելու մասին՝ պնդելով, որ կալանք դնելու որոշումն ապօրինի է։ Նշենք, որ այս որոշումը կայացվել է գործի նախաքննության ընթացքում։

Պաշտպանը նշեց, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի․ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝  այս  քրեական գործի պարագայում վարույթն իրականացնող մարմինը՝ ի դեմս քննիչ Հրաչյա Մուշեղյանի, որոշում է կայացրել կալանք դնել Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի և ակտիվների վրա՝ իբրև իրավական հիմք ուղղակիորեն և մեխանիկորեն շարադրելով  Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները և ոչ միայն։

Պաշտպանը մեջբերեց հատված քննիչի կայացրած որոշումից։ Ըստ քննիչի՝ Արմեն Թավադյանի անձը, նրա կենսափորձը, նրան վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը հիմք են տալիս ենթադրելու, որ նա կարող է թաքցնել՝ օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը։

«Արձանագրում ենք, որ գույքի վրա կալանք դնելը, դրա հիմքերը և հնարավոր դեպքերը ուղղակիորեն նախատեսված են քրեական դատավարության օրենսգրքով և հստակեցված Վճռաբեկ դատարանի նախադեպերով: Կենսափորձը, որպես այդպիսին, որևէ կերպ նախատեսված չէ: Պարզ չէ՝ ինչ ասել է կենսափորձ նախաքննության մարմնի համար»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Վերջինս նշեց, որ առկա չեն նաև Թավադյանի գույքի վրա կալանք դնելու օրենքով նախատեսված հիմքերը։ Ըստ պաշտպանի՝ քննիչի որոշումը չի պարունակում և չէր էլ կարող պարունակել որևէ նշում այն մասին, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելը կարող է պայմանավորված լինել գույքի հնարավոր բռնագրավմամբ՝ հաշվի առնելով, որ Թավադյանի վերագրվող հոդվածը չի նախատեսում գույքի բռնագրավումը՝ որպես լրացուցիչ պատիժ:

Քննիչի որոշումն, ըստ Խուդոյանի,  չի պարունակում և չէր էլ կարող պարունակել որևէ նշում այն մասին, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելը կարող է պայմանավորված լինել գույքի բռնագանձումով, քանի որ առաջադրված մեղադրանքում ներկայացված գործողությունները որևէ կերպ տրամաբանորեն չեն կարող ուղղակի կամ անուղղակի կապվել որևէ գույք ձեռք բերելու հետ: Գույքի վրա կալանք դնելու որոշումը չի պարունակում նաև նշում այն մասին, որ  քրեական գործի շրջանակներում ներկայացվել են այնպիսի քաղաքացիական հայցեր, որոնց հիման վրա կարող է Արմեն Թավադյանը ենթարկվել նյութական պատասխանատվության:

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ գործի քննության այս փուլում արդեն պարզ է, որ դատական ծախսերը  չունեն այն ծավալը, որը կարդարացնի Արմեն Թավադյանի ողջ գույքի վրա կալանք դնելու որոշումը: Նշենք, որ դատական ծախսերն այս գործով կազմում են շուրջ 2.5 մլն դրամ։

Պաշտպանը նշեց, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը խախտում է ոչ միայն նրա սեփականության իրավունքը, այլև ուղղակիորեն խոչընդոտում է նրան պատկանող  լրատվամիջոցի գործունեությանը՝ զրկելով ֆինասավորումից։ Մասնավորապես, ըստ Հովհաննես Խուդոյանի,  կալանքի տակ գտնվող դրամական միջոցները պետք է օգտագործվեն «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության ֆինանսավորման համար, որի սեփականատեր է հանդիսանում Արմեն Թավադյանը:

Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ քրեական գործով Արմեն Թավադյանի տնից, աշխատասենյակից առգրավվել է մոտ 100 հզ դոլարի չափով գումար, որը գործով  իրեղեն ապացույց է ճանաչվել ու չի վերադարձվում նրան։

Գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությանը ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար կողմերը ժամանակ խնդրեցին, և նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 7-ը։

Լուսանկարում ձախից՝ Հովհաննես Խուդոյանը, Արմեն Թավադյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter