HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

650 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդ, 44 հոգի՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերով․ Արսեն Թորոսյանը ներկայացրեց համաճարակային իրավիճակը

Կառավարության հուլիսի 2-ի հերթական նիստը մեկնարկեց կորոնավիրուսի իրավիճակի ներկայացմամբ։

«Արձանագրված նոր դեպքերի թիվը 593 է 2100 թեստից։ Դժվբախտաբար, եղել է 6 մահ կորոնավիրուսից, և 4 հոգի մահացել է կորոնավիրուս ունենալով, բայց՝ ոչ կորոնավիրուսից։ Ընդհանուր մինչ օրս արձանագրվել է 26658 դեպք, և 459 մահ։ Իհարկե, եղել են նաև մեծաթիվ բուժված քաղաքացիներ՝ 473, ընդհանուր բուժվածների թիվը 15036 է։ Առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը։ Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, իհարկե, կան մեկ-երկու տեղեր բոլոր տեղերում, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 հոգի, և նրանցից 44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Առավոտյան 09։00-ի դրությամբ ունենք հոսպիտալացման սպասող ընդամենը 11 հոգի, որից 4-ը՝ միջին ծանրության, 7-ը՝ թեթև։ Մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ։ Վիճակը հարաբերականորեն կայուն է»,- հայտնեց առողջապահության նախարարը։

Վարչապետ Փաշինյանը խնդրեց Արսեն Թորոսյանին ներկայացնել, թե ինչ նորություններ կան պատվաստանյութի հետ կապված, և ինչ քայլեր են ձեռնարկվում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար։

«Աշխարհում արդեն 100-ից ավել թեկնածու-պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, բայց դրանցից մոտ 20-ը ավելի հավանական են, որ կդառանան, և նախանական փուլերի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը։ Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, այդ վակցինան ամենահավանական թեկնածուներից մեկն է»,- նշեց Ա․Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակով արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն, և մյուս երկրներին այն հասնի շատ ուշ․

«Օրինակ՝ հասանելի լինի 2021 թվականի սկզբում կամ 2020 թվականի վերջում, բայց երկրների մի խմբի հասնի ևս դրանից մեկ տարի հետո։ Շատ կարևոր է բանակցությունները վարել հենց այսօրվանից՝ նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը։ Տարբեր գնահատականներով այն երկրներին մատակարարվելու հասանելի կլինի կամ 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին։ Փաստը, որ դա լինելու է, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների և առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է»։

Վարչապետը նաև անդրադարձավ կիրառվող վարչական միջոցներին և հիշեցրեց, որ դրանց նպատակն այն է, որ մարդիկ կրեն դիմակ, ապա խնդրեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ներկայացնել, թե ինչ վարչական միջոցներ են ձեռնարկվել։

«Հուլիսի 1-ին կազմվել է 2827 արձանագրություն, որից Երևանում՝ 1198, մարզերում՝ 1629, որից 2201-ը հետիոտնի կողմից դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսու վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 442-ը՝ մինչև 7 տեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելու, 3-ը՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալու, և 1-ը՝  ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,- հայտնեց ոստիկանության պետը։

Վարչապետ Փաշինյանն էլ նշեց, որ նպատակը տուգանելը չէ, այլ ընդհակառակը՝ ամբողջ Հանրապետությունում փնտրել բոլոր հնարավոր ուժերով և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի։

Վարչապետը խնդրեց ներկայացնել նաև, թե ինչ գործունեություն են ծավալել տեսչական մարմինները։

«Երեկվա տվյալներով 884 ստուգում է իրականացվել, որից խախտումներ են արձանագրվել 40 տնտեսվարողի մոտ։ Ըստ էության, որոշակի դրական դինամիկա կա։ Օրական անում ենք 800-900 ստուգում, որոնց արդյունքում խախտումներ են արձանգրվում 60, 70, 40, 50 տնտեսվարողների մոտ այն պարագայում, երբ նույն ստուգումների արդյունքում հայտնաբերում էինք 200, 300 խախտումներ»,- տեղեկացրեց Արթուր Ասոյանը։

Ըստ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի՝ իրականացվում են նաև կրկնակի ստուգայցեր։ Օրինակ՝ նման միջոցառում է կազմակերպվել Նոր-Նորք համայնքում, որտեղ լուրջ դրական արդյունքներ են արձանագրվել՝ բացառությամբ տրանսպորտի ոլորտի։ Վարորդները սահմանված քանակից շատ ուղևորներ են տեղափոխում, և փորձում են քողարկել մգեցված ապակիներով կամ վարագույրներով փակում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter