HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը մասնակի կսուբսիդավորի ձեռքբերվող ցորենի սերմացուի գինը

«Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումն ընդունվեց կառավարության  հուլիսի 2-ի նիստում։ Նախագծի ընդունումը պայմանավորված է աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության, մասնավորապես՝ պարենային ցորենի ապահովման անհրաժեշտությամբ։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում՝ այն մարզերում, որտեղ ունենք աշնանացան ցորենի մշակություն, արտադրողականությունը բավական ցածր է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 7 մարզերում (բացառությամբ՝ Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերի), որտեղ գտնվում են մեր ցորենի ցանքատարածությունների 95%-ից ավելին, 1 հեկտարի արտադրողականությունը 2 տոննայից ցածր է»,- նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ ցածր արտադրողականության հիմնական պատճառը սերմացուի ոչ բավարար որակն է։

Հանրապե­տության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատա­կաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, սերմնաբուծության և սերմարտադրությանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացմանը։

Կարգավորման նպատակն է՝ աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսվարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։

Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։

«Որակյալ սերմացուն՝ էլիտա տեսակի կամ առաջին վերարտադրության սերմացուն, պարենային ցորենի նկատմամբ ունի զգալիորեն ավելի բարձր գին։ Օրինակ՝ առաջին վերարտադրության ցորենի սերմացուի մեկ կիլոգրամը շուկայում հայկական սերմարտադրող կազմակերպությունների կողմից առաջարկվում է 210-220 դրամով։ Որոշեցինք, որ այս տարի առաջարկելու ենք սուբսիդավորել շուկայում այդպիսի եղանակով առաջարկվող սերմացուն։ Որոշմամբ առաջարկում ենք սահմանել, որ 1 կգ-ի հաշվով 70 դրամը կվճարի կառավարությունը, եթե գյուղացիական տնտեսությունը պատրաստ է իր պարենային ցորենը, որ պահել էր որպես սերմացու, վաճառել 100 դրամով, դրան ավելացնել ևս 50 դրամ, և 150 դրամով վճարել էն 220 դրամով սերմացուի համար, որի 70-ն արդեն վճարում է պետությունը։ Յուրաքանչյուր տնային տնտեսության համար առաջարկել ենք, որ առավելագույն սահմանաչափ լինի մինչև 20 հա»։

Մեկ շահառուի առավելագույն ֆինանսական աջակցությունը պետությունից կկազմի 490 հազար դրամ։

Վարչապետի խոսքով՝ հաճախ գյուղացիները որպես սերմ օգտագործում են իրենց դաշտից նախորդ տարի ստացած ցորենը, ինչը բերում է բերքատվության նվազման․

«Դա բացատրվում է նրանով, որ չկան ֆինանսական միջոցներ, որպեսզի որակյալ սերմացու գնվի։ Այս պրոցեսով ուզում ենք ցույց տալ, որ որոշակի  ֆինանսական ներդրման պարագայում և որակյալ սերմացու ցանելու պարագայում ցորենի  արտադրությունը կարող է լինել շահութաբեր գործունեություն։ Ուզում ենք այս աջակցությամբ գյուղացիական  տնտեսություններին բերել ֆինանսական այնպիսի ցիկլի, որ արդեն ամեն տարի հավելյալ ստացած եկամուտներից իրենք որպես բյուջե հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռքբերումը իրենց հաշվին»։

Լուսանկարում՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter