HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի միջև կնքվող նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրին

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 2-ի հերթական նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը։

Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ:

Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄԱՏԳԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից:

Կողմերի իրավասու մարմինները՝ մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող ապրանքների ցանկը:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ համաձայնագրի վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը որոշակի՝ ավելի բարելավված պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու․ «Սա մոտավորապես 1,5 տարի բանակցված և շատ կարևոր համաձայնագիր է։ Այն ենթադրաբար ազդելու է բենզինի շուկայի վրա Հայաստանում»։

Ըստ վարչապետի՝ ինչքան էլ ասեն, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես՝ նավթամթերքի շուկայում, մեղմացել են, դա չի նշանակում, որ վերացել են։

«Այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու, նաև մրցակցությունը խթանելու հետ կապված շատ անելիք ունենք։ Մարդիկ պետք է ունենան որակյալ և հնարավորինս մատչելի գնով ապրանք ձեռք բերելու հնարավորություն»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter