
1,9 մլրդ դրամ ԿԳՄՍ նախարարությանը՝ կապիտալ ծախսերի համար
Կառավարությունն այսօր վերաբաշխում կատարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեում և ավելի քան 1,9 մլրդ դրամ հատկացրեց կապիտալ տարբեր ծախսերի համար։ Մասնավորապես՝ շինարարական աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջներում, 10 ավագ դպրոցներում՝ արդիականացման (տանիքի կամ սանհանգույցի, ինժեներական կոմունիկացիաների, շինարարական էլեմենտների նորոգման) աշխատանքներ, 4 ավագ դպրոցներում մասնակի և ընթացիկ նորոգում, թվով 30 հիմնական և միջնակարգ դպրոցներում շենքային պայմանների բարելավման (խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհանգույցների նորոգում/հարմարեցում, աջակցման սենյակի նորոգում), կիրականացվի նաև 1 դպրոցի վերակառուցում, 1 մասնագիտական դպրոցի կառուցում, 1 թանգարանի, 3 թատրոնի տարբեր աշխատանքներ, նախագծման աշխատանքներ՝ 1 դպրոցի նորոգում, թվով 3 թանգարանում և 1 թատրոնում նորոգման աշխատանքներ, արձանի պատրաստում։
«ԿԳՄՍ նախարարությունն արդեն թվով 51 կրթական օբյեկտի նորոգման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարել է մրցույթ։ Չի կայացել 29 մրցույթ, բանակցությունների փուլում են 21-ը։
Կրթության բարելավվման ծրագրերով 8 ավագ դպրոցներում իրականացվում է շինարարություն։ Երկու դպրոցներում covid-ով պայմանավորված ընդհատումներ ենք ունեցել, բայց այս պահին ավելի քան 80 %-ի կատարում ունենք։ Սեպտեմբերի 1-ին կունենանք ամբողջությամբ նոր 21 նախակրթարան»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի կրթական և մշակութային հաստատությունների, առանձին մասնաշենքերի նորոգման/հիմնանորոգման, վերակառուցման, մարզադահլիճի կառուցման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի կնքումը, արդեն նախաձեռնած գնման գործընթացների ամբողջական ապահովումը և արդեն նախագծած շենքերի/մասնաշենքերի նորոգումը/կառուցումը։ Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը կնպաստի ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավումը` ոլորտի արդիականացմանը և զարգացմանը:
Լայնածավալ շինարարական աշխատանքների գործընթացը կստեղծի նոր աշխատատեղեր` մեղմելով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման տնտեսական և սոցիալական հետևանքները:
Մեկնաբանել