
ԱԺ ընդդիմությունը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով` պարետատան աշխատանքի արդյունավետությունն ուսումնասիրելու համար
Խորհրդարանական ընդդիմությունը ձևավորել է ժամանակավոր հանձնաժողով` կորոնավիրուսի տարածումը կանխելու և համաճարակի հետևանքները վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած աշխատանքների ուսումնասիրության վերաբերյալ:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ստորագրահավաք են նախաձեռնել ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու համար, հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ նախագահը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Մեզ հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համաձայնության են եկել, որ հանձնաժողովում կնախագահի «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը: Գորգիսյանի խոսքով` իրենք ավելի վաղ էին նման մտադրության մասին հայտնել, պարզապես մտածում էին հանձնաժողով ստեղծել այն ժամանակ, երբ «Իմ քայլը» քաղաքական մեծամասնություն չի լինի: Հանձնաժողովում նախագահելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, սակայն միևնույն է, հանձնաժողովում մեծամասնություն է լինելու «Իմ քայլը»: Գորգիսյանը համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովը կգործի շատ արդյունավետ:
Մեկնաբանել