HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է երկարացնել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը

Կառավարությունը երկու տարով առաջարկում է երկարաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում` հնարավորություն ընձեռելով գործատուներին աշխատակիցների գրքույկները տրամադրել լիազոր մարմնին:

Ըստ նախագծի` սահմանվում են գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ` ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի:

Գրքույկները հանձնվելու ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում՝ 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուների դեպքում։

300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` Կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում:

100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում:

50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում, մինչև 50 աշխատող ունեցող գործատուները` Կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում:

Նշվում է նաև, որ նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:

2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Սահմանվել է գործատուների` իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը:

Նախագծում նշվում է, որ 2017 և 2018 թվականների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմակերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 հազար աշխատանքային գրքույկ:

2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ է դարձել, որ տեսաներածման համար սահմանված ժամկետը` 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն` առկա է շուրջ 320 հազար աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չեն, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ են դիմում նաև չաշխատող անձինք:

Նշված հանգամանքով պայմանավորված` ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի համաձայն, փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու` նախկինում սահմանված ժամկետը եւ նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում` Ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter