HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի մարզի Փոռ, Ազատեկ և Զեդեա գյուղերում այգիները չորանում են, ոռոգման ջուրը չի հասնում գյուղացիների արտեր

Վայոց ձորի Փոռ, Ազատեկ և Զեդեա համայնքներում ոռոգման ջուրը լուրջ գլխացավանք է դարձել գյուղացիների համար։ Այդ համայնքների բնակիչներն այգիներն ու վարելահողերը ոռոգել չեն կարողանում, որովհետև ոռոգման ջուրն իրենց չի հասնում սեզոնին, բերքը չորանում է։ Մշտապես հնչող պատճառը նույնն է` խողովակ է պայթել:

Ազատեկցի Նելլի Հոսեփյանը, գյուղի իրենց այգու չորացած ծառերի նկարներից ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով, ահազանգել է, որ Ազատեկ գյուղում մայիս ամսից խայտառակ վիճակ է չկա ոռոգման ջուր, մարդիկ չեն հասցնում ջրել իրենց ծառերը, մշակել ապրուստի հիմնական միջոց այգիները։

«Պատասխանատուների ամենօրյա պարզաբանումները նույնն են՝ «խողովակ է տրաքել», բայց, պարզվում է, դա պարզապես պատրվակ է ջուրը Զեդեա գյուղ ուղղելու համար, քանի որ այնտեղ հայտնի մարդկանց պատկանող այգիներ կան, որոնք պետք է ոռոգվեն, իսկ Ազատեկում դեռ կան մարդիկ, որոնք որևէ անգամ չեն ոռոգել իրենց այգին»,- գրել է Նելլի Հովսեփյանը։

Զեդեա գյուղում մեծ հողատերեր իսկապես կան: Մեզ հաջողվեց պարզել, որ նրանցից մեկը Վայքի արդեն նախկին ոստիկանապետ Գարիկ Գերասիմյանն է, ով 2 հա հողատարածք ունի:

Վայքի «Բերրություն» ԲԲԸ-ի նախկին ղեկավար, «Վայք գրուպ» գինիներ արտադրող ՓԲԸ-ի սեփականատեր Աշոտ Զաքարյանը նույնպես ավելի քան 30 հա խաղողի և խնձորի այգիներ ունի:

Գորայքի քարի հանք շահագործող, վայքեցի Գագիկ Հովհաննիսյանը շուրջ 15 հա ընկույզի այգի ունի:

Սակայն պատասխանատուները վստահեցնում են, որ այս համայնքներում ջրի հարցը մեծ հողատերերի հետ կապ չունի, քանի որ պատճառը ոռոգման ջուրը գյուղեր հասցնող խողովակաշարի հնամաշ լինելն է:

Ազատեկ գյուղի վարչական ղեկավար Սիրակ Հովսեփյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց գյուղ ոռոգում երեք գծից է իրականացվում, որից մեկը Փոռ գյուղից եկող խողովակաշարն է: Այն պարբերաբար վթարվում է, ինչի պատճառով ոռոգումն անհնար է դարձել։

«Էս տարի շատ է լինում վթար, բայց ամեն տարի էլ լինում է»,- ասում է Ս. Հովսեփյանը: 

Ազատեկի վարելահողերը հենց այդ գծից են օգտվում: 150 հա-ից, սակայն, 50 հա-ն է մշակվում։ «Վարելահողը շատ է, բայց ոռոգելու կարիք չկա։ Եթե ոչ մի բան ցանած չէ, ինչը ոռոգեն»,- արձագանքում է Սիրակ Հովսեփյանը։

Ազատեկի նախկին ջրբաշխ Խաչիկն էլ պատմում է, որ գյուղացիները հրաժարվում են հող մշակել և վարելահողերը ցանել հենց ջրի պատճառով, որովհետև ամեն տարի ոռոգումը գլխացավանք է դառնում, բերքը չորանում է, գյուղացիները եկամուտ չեն ստանում: Հետևաբար, հետզհետե հողերն անմշակ են թողնում: Օրինակ` ցորենի ջրելու ժամանակը մայիսին է, և այդ ժամանակ ջուր չեն տալիս, ցորենը չորանում է:

Ազատեկում նույն` վթարային ջրագծից պետք է ոռոգվի նաև 10 հա ծիրանի և տանձի այգիներ, բայց ջուրն ուշացրել են նաև այգիների ոռոգման համար, գյուղացիները նորմալ բերք այս տարի էլ չեն սպասում:

Սիփան Հովսեփյանը նշում է, որ ջրատարի 50 մ խողովակաշարը փոխել են, սակայն դա հարցը չի լուծել: Վթարները պարբերաբար կրկնվում են:

Հարցին, թե որպես վարչական ղեկավար դիմել է ՋՕ-ին, գրություններ ուղարկել է այս տարիներին, որպեսզի ոռոգման ջրատարի վթարները վերացնեն, Սիրակ Հովսեփյանը պատասխանում է, որ իրենց հետ ամեն օր էլ բանակցում է, բայց գրավոր չի դիմել։

Զեդեա բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Գյուլամիրյանն ասում է, որ ջրի ոռոգման հարցը նաև իրենց համայնքում է նույն վիճակում, այսինքն՝ եթե Ազատեկում ջուր չկա, իրենց մոտ էլ չի կարող լինել, որովհետև խողովակաշարը գալիս է Փոռից, անցնում Ազատեկով, նոր հասնում իրենց գյուղ:

Վահրամ Գյուլամիրյանը պատմեց, որ մի քանի օր առաջ եկել է «Եղեգնաձոր» ՋՕ-ի պետ Հազարապետ Նազարյանը վայքի տեղամասային պատասխանատուների հետ և խոստացել, որ համայնքները նորմալ ջուր կունենան։

«Ես իրենց միշտ էլ դիմել եմ, պատասխանել են՝ վթար է, էսօր կտանք, վաղը կտանք, ոռոգման ջրի խնդիր միշտ էլ ունեցել ենք, մանավանդ էս տարի հունիսի 3-ին առաջին անգամ ջուր են տվել, էդ էլ գյուղացու համար շատ ուշ է։ Էս տարի չորային է, եթե շատ են ջուր կապում, տրաքում է, եթե քիչ են կապում, 7-8 գյուղ ջուր են տալիս, չի հասնում գյուղացիներին»,- մանրամասնեց Վ. Գյուլամիրյանը։

Վերջինիս տվյալներով, Զեդեայում 20 հա ցորեն են ցանել գյուղացիները, որից 13-15 հա-ն ոռոգման ենթակա գոտում է, 15 հա նորատունկ ընկույզի այգի կա, մոտ 10 հա էլ ընկույզի և խնձորի այգիներ:

Զեդեա գյուղի վարչական ղեկավարը հաստատեց, որ իրենց գյուղում ընկույզի և խնձորի մեծ այգիներ ունեցողներ կան, ընդ որում՝ ոչ իրենց գյուղացի, այլ Վայքի բնակիչներ։

Սակայն նրանք հիմնականում առանձին պայմանագրերով են ջուր ստանում ՋՕ-ից, օրինակ` Աշոտ Զաքարյանի խողովակաշարի փականն էլ է առանձին: Սակայն եթե ջրագիծը վթարվում է, ոչ մեկ ոռոգել չի կարողանում` ոչ գյուղացիները, ոչ էլ մեծ հողօգտագործողները։

«Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Հազարապետ Նազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ համայնքում այս պահին ջրի հարցը կարգավորված է։ Սակայն կա խողովակաշարի որոշակի հատված, որը հնամաշ լինելու պատճառով հաճախ պայթում է։ Դրա վերանորոգման ժամանակահատվածը հաճախ 2-3 օր է տևում, ու դա բերել է ճգնաժամային վիճակի։

«Երեկ մենք մարզպետի հետ գնացել ենք վթարի վայր, չափել ենք, մոտ 320 մետր խողովակաշարի խնդիր է, որ անցնում է գետի հունով, որտեղ ճահիճներ կան, որից էլ փտածություն է առաջացել, ջուրը տարիներ շարունակ քայքայել է խողովակաշարը»,- ասում է Հազարապետ Նազարյանը։

Ըստ գործադիր տնօրենի՝ նախկինում էլ եղել են խողովակաշարի վթարներ, սակայն կետային, որոնք արագ, ժամերի ընթացքում կարողացել են վերանորոգել, բայց ամեն տարի դա ավելի է ակտիվացել։

Հ․ Նազարյանը տեղեկացրեց, որ Ջրային կոմիտեին նամակ են գրել, որպեսզի փոխեն խողովակաշարը։ Սակայն 320 մետրը խողովակաշարի փոխելը արագ չի կարող կազմակերպվել, ամենաարագ տարբերակը կլինի զուգահեռ գիծ կառուցելը, ոչ թե ջուրն ընդհանրապես կտրելը:

Գյուղացիների այն մեղադրանքներին, որ ջուրն ուղղվում է ոչ թե համայնքներ, այլ մեծ տնտեսվարողներին, Հ․ Նազարյանն արձագանքում է.

«Խոսքը վերաբերում է Զեդեա գյուղում գտնվող երկու խոշոր ջրօգտագործողներին, որոնցից մեկի հողը՝ 30-35 հա է, մյուսինը՝ 12-15 հա, այդ հողերը նույն համայնքի հողերն են, այդ մարդիկ մշակում են, իմ համար հանդես են գալիս որպես ջրօգտագորոծղներ։ Նույն խողովակաշարով է գալիս ջուրը, էնպես չէ, որ մեկով նրանց տանք, մյուսով՝ գյուղացիներին։ Գյուղի տարածքի մեջ մտնող հողեր են։ Եթե վթարվում է, ոչ մեկ ջուր չի ստանում, դա մատակարարող խողովակաշարն է, ոչ թե ներտնտեսային ցանցը։ Բոլորի վրա նույն ազդեցությունն է ունենում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter