HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարիա Կարապետյան. «Այս քննիչ հանձնաժողովը դեռևս իրականացվող միջոցառումների նկատմամբ թերահավատություն սնելու և դրանք սաբոտաժի ենթարկելու փորձ է»

Խորհրդարանական ընդդիմությունը` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, ձևավորել են ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է արտակարգ դրության ընթացքում պարետատան կատարած աշխատանքի արդյունավետությունը: Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները սկսելու է սեպտեմբերին, նախագահելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Թեմայի վերաբերյալ մեր գրավոր հարցերին պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:

Տկն Կարապետյան, խորհրդարանական ընդդիմությունը ժամանակավոր քննիչ հանձնաժողով է ձևավորել` այս ընթացքում պարետատան կատարած աշխատանքը և համավարակի սահմանափակումների մեղման ուսումնասիրման համար, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը նման հանձնաժողովի ստեղծմանը:

-Վարչապետից և առողջապահության նախարարից մինչև կամավոր հիմունքներով իրազեկման աշխատանքներ կատարող քաղաքացիներ զբաղված են հանրային առողջության պահպանման և բառացիորեն կյանքեր փրկելու գործով։ Այս ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննել այդ աշխատանքների, ուշադրությո՛ւն՝ արդյունավետությունը։

Այս քննիչ հանձնաժողովը այսօր դեռևս իրականացվող միջոցառումների նկատմամբ թերահավատություն սնելու և դրանք սաբոտաժի ենթարկելու փորձ է։ Փոխանակ հանրային ուշադրությունը սևեռելու դիմակ կրելու անհրաժեշտության վրա` ընդդիմությունը պատրաստվում է քննել, թե, օրինակ, ինչո՞ւ դիմակ կրելը պարտադիր չէր բոլորի համար այն ժամանակ, երբ դիմակները չէին բավականացնում նույնիսկ բուժաշխատողներին, կամ երբ առհասարակ տնից դուրս գալը չէր խրախուսվում։ Միջոցառումների արդյունավետությամբ իրապես շահագրգռված ցանկացած պաշտոնյա այսօր պետք է այդ միջոցառման ջատագովը լիներ, այլ ոչ թե դրա դեկոնստրուկցիայով, դրա նկատմամբ թերահավատություն սնելով զբաղվեր՝ «բա ինչո՞ւ այն ժամանակ․․․» հարցադրումներով։

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբավորումը առհասարակ վերջերս զբաղված էր ցույց կազմակերպելով՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։ Եվ նրանք պատրաստվում են քննել միջոցառումների արդյունավետությո՞ւնը։

«Իմ քայլը» խմբակցությունում այս հարցն արդեն քննարկվե՞լ է, թե՞ ոչ, կա՞ որոշում` խորհրդարանական մեծամասնությունն անդամակցելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ:

-Այս հարցը խմբակցությունում դեռևս չենք քննարկել։

Խորհրդարանական մեծամասնությունն ունի՞ մտահոգություն, որ հանձնաժողովի կատարած աշխատանքի հետևանքով բացահայտվեն պարետատան այնպիսի թերացումներ, որոնք մարդկային կյանքեր են արժեցել:

-Ես համոզված եմ, որ պարետից մինչև թեժ գծի օպերատոր և առողջապահության նախարարից մինչև յուրաքանչյուր բուժաշխատող անում են ամենը, որ փրկեն կյանքեր։ Երբ Ազգային ժողովում քննարկվում էր կոնտակտավորների տեղորոշման մեխանիզմը, պարետատունն էր, որ խնդրում էր խորհրդարանից հավանություն տալ մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափ այդ մեխանիզմին՝ ընդգծելով, որ փրկված թեկուզ մեկ կյանք բավական է այդ մեխանիզմը արդյունավետ որակելու համար։

Համավարակի հաղթահարումից հետո բոլոր հնարավոր թերացումները հետհայաց գնահատելուց մենք մտավախություն չունենք։ Սակայն քանի դեռ համավարակը հաղթահարված չէ, թե՛ առողջապահական համակարգին, թե՛ հանրությանը թևաթափ անելու, և այս պայքարը ձախողված որակելու փորձերը պետք է ստանան իրենց գնահատականը։

Քննիչ հանձնաժողովն անդրադառնալու է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակմանը արտակարգ դրության ընթացքում, հասարակության շրջանում շատ քննարկվեց հեռախոսային խոսակցությունների տեղորոշման փաթեթը, կարո՞ղ եք ասել, որ այն արդյունավետ է եղել և նպաստել է վարակակիրների և կոնտակտավորների հայտնաբերմանը: Նաև արդեն առնվազն երկու անգամ վարակված (կոնտակտավոր) անձանց տվյալների արտահոսք է եղել, ո՞վ է սրա համար պատասխան տալու:

-Նախ՝ մեխանիզմը «խոսակցությունների տեղորոշման» մասին չէ։ «Խոսակցություն» բառը կրկին կարող է թյուրըմբռնում առաջացնել, թե մեխանիզմը պետք է հեռախոսային խոսակցության բովանդակության հետ որևէ առնչություն ունենա։ Մեխանիզմը ենթադրում է, որ եթե ինչ-որ մեկը վարակակիր է, Արտակարգ իրավիճակների նախարարության և Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ), որը նույնպես պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, խիստ սահմանափակ թվով աշխատակիցներ կարող են պարզել, թե ինչ այլ հեռախոսահամարների է զանգ կատարվել վարակակրի հեռախոսահամարից։ Դրանից հետո այս աշխատակիցները զանգահարում են բոլոր այդ համարներով, և առանց բացահայտելու վարակակրի ինքնությունը, տեղեկացնում, որ նրանք կարող են հանդիսանալ կոնտակտավոր անձ, հարցնում՝ արդյոք ունեն ախտանիշներ և առհասարակ հոգ տանում այդ մարդկանց առողջության մասին։

Այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները արդեն այցելել են այս աշխատանքների իրականացման վայր և ծանոթացել դրանց։ Կրկին՝ համավարակի ավարտից հետո մենք կգնահատենք այս մեխանիզմի արդյունավետությունը։ Կարծում եմ առնվազն այն, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը ստիպված չէ ֆիզիկական շփման միջոցով վարակակրից և նրա կոնտակտավոր անձանցից տեղեկություններ հավաքել նրանց շփումների շրջանակի մասին արդեն իսկ մեծ օգուտ է համավարակի դեմ պայքարում։

Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս պետք է պատասխանի, թե արդյոք իսկապես տեղի է ունեցել տվյալների արտահոսք և եթե այո` ինչպիսի հանգամանքներում։ Շեշտեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է այս ենթադրյալ կիբերհանցագործության բացահայտմամբ, այլ ոչ թե կոնտակտավորների տեղորոշման մեխանիզմի գործարկմամբ։

Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի պաշտպանության հանձնաժողովի անդամ` ինչպե՞ս եք վերաբերվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին գրառմանը, որում վերջինս դին անհետացած վարակակիր քաղաքացու մասին խոսելիս պատասխանում է քաղաքական գործչին` զուգահեռ տանելով «մահացած» քաղաքական ուժ արտահայտության հետ:

-Նախ ցավակցում եմ իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին։ Նրանց ցավին հաղորդակից լինելու միջոցով բոլորս պետք է փորձենք ուժերը կենտրոնացնել այլոց չվարակելու վրա՝ կրենք դիմակ, ախտահանենք ձեռքերը, պահենք ֆիզիկական հեռավորություն։

Իսկ որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի պաշտպանության հանձնաժողովի անդամ արձանագրում եմ, որ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթներն ու գրառումները հակոտնյա են մարդու իրավունքներին։ Մի իրավունքի մասին թեկուզ լեգիտիմ հարց բարձրացնելիս տիկին Զոհրաբյանը հաջողացնում է ոտնահարել մի քանի այլ իրավունք, ինչպես նա դա արեց Ազգային ժողովի ամբիոնից բռնության զոհերի նկարները ցույց տալով, ինչպես նա դա անում է իր ամեն գրառման բառընտրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter