HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետն աշխատանքային խմբով այցելել է Դսեղ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային խմբով այցելել է Դսեղ։ Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Ըստ մարզպետարանի՝ Դսեղ համայնքում գյուղատնտեսության զարգացման հետ կապված խնդիրներ կան. համայնքում առկա է 667 հա վարելահող, սակայն, ըստ նշանակության օգտագործվում է ընդամենը շուրջ 10 հա-ն:

Սա, մարզպետի խոսքով, Հայաստանի նման սակավ վարելահողեր ունեցող երկրի համար, բացարձակապես անընդունելի իրողություն է: Խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով Անդրեյ Ղուկասյանը , մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Դսեղ համայնքնում էր: Նա նախ հանդիպեց համայնքի ղեկավարի, ավագանու և հողագործությամբ զբաղվող մի քանի բնակիչների հետ՝ պարզելու ՝ ո՞րն է նման իրավիճակի պատճառը.

«Մեր համայնքներից շատերը կերազեն այսքան վարելահողեր ունենալ, իսկ Դսեղը չի օգտվում այս հարստությունից: Սա ես բացարձակ անընդունելի եմ համարում»,-ասաց մարզի ղեկավարը: Ինչպես պարզ դարձավ քննարկման արդյունքում, գյուղում զարգացած է անասնապահությունը և ձիաբուծությունը:

Բնակիչները դժգոհեցին, որ խոշոր եղջերավոր կենդանիները և ձիերը անարգել մտնում և վնասում են ցանքատարածությունները, բացի այդ համայնքում պատշաճ ոռոգում չի իրականացվում, թեև նախորդ տարիներին համայնքում ոռոգման համակարգերի կառուցման մի քանի ծրագրեր են իրականացվել: Ա. Ղուկասյանը հորդորեց պահպանել համակեցության կանոնները, չխոչընդոտել հողագործությամբ զբաղվել ցանկացող գյուղատնտեսների աշխատանքին, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Համայնքի ղեկավարին մարզպետն առաջարկեց, հաջորդ տարվանից ներկայացնել բացառապես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր՝ հակակարկտային կայանների տեղադրում, գյուղտեխնիկայի ձեռքբերում և այլն (համայնքն այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացնի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագիր):

Ինչ վերաբերում է ոռոգման համակարգերին, ապա դրանց ներկայիս վիճակին մարզի ղեկավարը ծանոթացավ շրջայցի միջոցով՝ փաստելով, որ համայնքը փոքր խնդիրների կարգավորումից հետո լիարժեքորեն պատրաստ կլինի ոռոգելու հարյուրավոր հեկտար հողատարածքներ:

Այցի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները հանգամանորեն վերլուծության կենթարկեն Լոռու մարզպետարանում։ Այցի վերջում Անդրեյ Ղուկասյանը համայնքի ղեկավարին հորդորեց' անել ամեն ինչ, որպեսզի մշակվող հողատարածքները տարեցտարի ավելանան և հողագործությամբ զբաղվելը կրի մասսայական բնույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter