HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արխիդաչ» ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը

Հոլանդական «Արխիդաչ» ընկերությունը, ընդառաջ գնալով Լոռու մարզպետարանի առաջարկությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերային հիմունքներով պատրաստել Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Ընկերության ներկայացուցիչների հետ հետագա քայլերը քննարկելու նպատակով  մարզպետ Անդրեյ Ղուկասյանը  և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը տեսակապի միջոցով քննարկում անցկացրեցին ընկերութան հիմնադիրներ Նատաշա Միրզոյանի, Լաուրենս Լիքեթի, ընկերության գլխավոր ճարտարապետ Արամ Սաղաթելյանի և տնօրեն Կարինե Աբրահամյանի հետ:

Ողջունելով նրանց՝ մարզպետը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նախորդ տարեվերջին Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի քննարկման շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռքբերվել ներդրումներ իրականացնել և վերակառուցել նաև Սայաթ Նովայի անվան զբոսայգին: Այս ընթացքում «Սոլար գրուպ» ընկերության հետ համագործակցության արդյունքում մարտ ամսին իրականացվել է այգու սահմանների ճշգրտման, սահմանանիշերի տեղադրման, մանրազնին չափագրման, գույքագրման և քարտեզի վրա գույքի (շենք շինություններ, մայթեր, ծառեր) տեղադիրքի որոշման/տեղորոշման աշխատանքներ: Այժմ, հարցն առավել առարկայական քննարկելու համար զբոսայգուն 3D մոդելավորմամբ նախագծի պատրաստման անհրաժեշտություն է առաջացել:

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, որ պատրաստակամություն հայտնեցիք աջակցելու մեզ այս կարևոր հարցում»,-ասաց մարզի ղեկավարը: Նա նաև ներկայացրեց իր մտահղացումները այգու ապագա տեսքի և բովանդակության հետ կապված՝ կարևորելով այգու նախկին տեսքին ու ոգուն հավատարիմ մնալու սկզբունքի պահպանությունն ու նորարարական լուծումների համադրումը: Քննարկման արդյունքում երկուստեք հավանության արժանացավ առաջարկը՝ նաև ֆեյսբուքյան էջի միջոցով հավաքագրելու վանաձորցիների կարծիքները այս հարցի վերաբերյալ, որոնք կհամադրվեն մարզպետարանի կողմից պատրաստվելիք առաջարկությունների փաթեթի հետ և կներկայացվեն ընկերությանը:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter