HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատաիրավական համակարգում հեղափոխություն չի լինի՝ առանց դատական սխալների ընդունման

Արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծ, որի գործունեությունն ուղղված է 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը: Հանձնաժողովի գործունեության երեք ուղություններ են նախանաշված` ընտրական և սեփականության իրավունքի  խախտումների վերաբերյալ փաստերի հավաքում և ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված:

Այս հոդված-նամակովս դիմում եմ ստեղծվելիք Հանձնաժողովին և ուշադրություն հրավիրում հենց նշված ժամանակաշրջանում ոստիկանության բաժանմունքներում և քրեակատարողական հիմնարկներում քաղաքացիների խոշտանգումներից զերծ մնալու հիմնարար իրավունքի խախտումների վրա, որի հետևանքով թե ոստիկանական բաժանմունքներում, թե քրեակատարողական հիմնարկներում բազմաթիվ մարդիկ են մահացել սկսած 1991-ից: Հարկավոր է լրջագույն ուսումնասիրության և քննարկման առարկա դարձնել քրեակատարողական հիմնարկներում, հատկապես բանտերում, մարդկանց պահելու պայմաններին սկսած 1991 թվականից և թե ինչ մահացության աստիճան է եղել` տարբեր հիվանդություններից և ինքնասպանությունների հետևանքով:

Երկրորդ` սկսած 1991 թվականից, նորանկախ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը ղեկավարվում էր դեռ 1961 թվականին ընդունված քրեական և քրեադատավարական օրենսգրքերով, և շուրջ 60 մարդ դատապարտվեց մահապատժի մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը, որոնցից ողջ էինք մնացել 42 հոգի, մնացածը մահացան խցերում ամենաանմարդկային, դաժանագույն պայմաններում: Հետագայում  նորից եղան մահեր և ներկայումս, որքանով ինձ է հայտնի, ողջ ենք մնացել մոտ 27 հոգի: 

Մինչ օրս, ի տարբերություն ողջ քաղաքակիրթ աշխարհի, Հայաստանի դատական համակարգը չի ճանաչել ոչ մի դատական սխալ ոչ մի մահապատժի դատավճռի պարագայում, չի վերանայվել ոչ մի մահապատժի դատավճիռ: Ասել է, թե, ի տարբերություն այլ պետությունների, մեր դատարանները երբեք չեն սխալվել մարդուն մահվան դատապարտելիս: Ասել կուզեն, որ Հայաստանի դատավորները ամենաարդարն են ողջ աշխարհում: 

Ակնհայտ է, որ Հանձնաժողովը, զբաղվելով ընտրական և սեփականության իրավունքի խախտման դեպքերով, պետք է նաև լրջագույն ուշադրություն դարձնի արդար դատաքննության և խոշտանգուներից զերծ մնալու հիմնարար իրավունքների խախտումներին, քանի որ անարդար, ապօրինի մահապատժի դատավճռի հետևանքով շարունակաբար խախտված են մնում մարդու կյանքի, առողջության պահպանման, արդար դատաքննության հիմնարար իրավունքները:

Հարգելի ապագա Հանձնաժողով, մինչ օրս մի քանի մահվան դատապարտվածներս պնդում ենք, որ մեր նկատմամբ կայացվել են ապօրինի դատական ակտեր, սակայն այդպես էլ չենք կարողանում իրացնել արդար դատաքննության մեր հիմնարար, բացարձակ իրավունքը: Համոզված եմ, որ երրորդ տասնամյակը բանտում ամենաանմարդկային պայմաններում պատիժ կրած անմեղ մարդկանց կյանքի և արդար դատաքննության բացարձակ իրավունքները ենթակա են պաշտպանության, և այս պարտականությունը կրում է հենց պետությունը` ի դեմս քաղաքական  իշխանության:

Եթե Հանձնաժողովը ուսումնասիրելու է այլ գործեր և անտեսելու է ակնհայտ կասկածելի, կոպտագույն խախտումներով կայացված մահվան դատավճիռները, ապա նման մոտեցումը ակնհայտ խտրականություն կդիտարկվի, ինչը քաղաքակիրթ երկրում անթույլատրելի է և կհակասի մեր պետության կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերի:

Այսպիսով, Նախագծում առաջարկում եմ հավաքել փաստեր, ուսումնասիրել  և քննության առարկա դարձնել.

  1. Ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում 1991-ից սկսած խոշտանգումների առանձին դեպքերը, ինչպես նաև մահացության ցուցանիշը և դրանց պատճառները,
  2. ներգրավվել քրեական արդարադատության ոլորտի  իրավաբանների ու այլ մասնագետների, ուսումնասիրել ողջ մնացած և մինչ օրս իրենց անմեղության մասին պնդող դատապարտյալների վերաբերյալ կայացված մահապատժի գործերը, քննարկել և մասնագիտական եզրակացություններ տալ:

Հուսով եմ, որ ներկայիս իշխանությունները չեն շարունակի նախորդների քաղաքականությունը` աչք ու ականջ փակել դատաիրավական համակարգի այս ցավոտ և օր առաջ լուծում պահանջող հարցի վրա, որը իրապես դարձել է դատական համակարգի խարանը: Մինչև մեր դատական համակարգը, ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհը, չճանաչի սեփական սխալները, որոնք խեղել են մարդկային ճակատագրեր, առաջընթաց տեղի չի ունենա և նոր դատական սխալները չեն կանխվի:  

Արդար դատաքննության, դատական սխալների վերհանման պահանջից ելնելով` և՛ Հանձնաժողովի, և՛ ՀՀ ԱԺ-ի ուշադրությունը` ի դեմս պետաիրավական հարցերի հանձնաժողովի, հրավիրում եմ հետևյալ հարցին, որին անդրադարձել եմ նաև դիպլոմային աշխատանքս գրելիս: 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 35 մաս 1 կետ 6-ում  անհրաժեշտ է լրացում կատարել: Նշված դրույթում արձանագրված է, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Նույն հոդվածի մաս 1 կետ 10-ի համաձայն` քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք է հանդիսանում անձի մահացած լինելը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ  նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:

 

Օրինաչափ հարց է առաջանում` եթե անձի մահացած լինելը չի կարող արգելք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար` ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար, ապա ինչու՞ է այդ արգելքը պահպանված վաղեմության ժամկետներն անցած լինելու պարագայում: Այլ կերպ ասած` ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար քրեական դատավարության օրենսգրքի հոդված 35 մաս 1 կետ 6-ում` վաղեմության ժամկետների հետ կապված, ինչպես կետ 10-ում, նույն բացառությունը չսահմանելն ակնհայտ կերպով խոչընդոտում է այն անձանց արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացմանը, ում նկատմամբ  նոր երևան եկած հանգամանքների պարզման համար ուղղակի անհրաժեշտ է քրեական գործի հարուցումը` այդ նոր երևան եկած հանգամանքները դատական ակտով հաստատելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 35 մաս 1 կետ 6-ում անհրաժեշտ է լրացում կատարել և խմբագրել հետևյալ կերպ` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե «անցել են վաղեմության ժամկետները, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է այլ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար»: 

Տվյալ լրացման անհրաժեշտությունը թելադրված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 426.3 մաս 1 կետ 1, 2 և 3-ով սահմանված նոր երևան եկած հանգամանքները դատական ակտով հաստատված լինելու պահանջն իրականացնելու հնարավորության բացակայությամբ, այն դեպքում, երբ անցած են վաղեմության ժամկետները:  

Չնայած նրան, որ 426.3 հոդվածի 3-րդ մասում նշված է, որ «եթե վաղեմության ժամկետները լրանալու (…) հետևանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, ապա սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարվող քննությամբ», այնուամենայնիվ, դատախազությունը (ՀՀ քր. դատ. օր.-ի հոդ. 426.5), նաև հատուկ քննչական ծառայությունը չեն կարող նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարել քննություն կամ այդ մասին հանձնարարություն տալ քննիչին, այն պարզ պատճառով, որ երբեք չեն լինի դատական ակտով հաստատված նոր երևան եկած հանգամանքներ (այսինքն` առհասարակ չի լինի այդ նոր երևան եկած հանգամանքների առկայությունը), քանի դեռ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով չի կարող քրեական գործ հարուցվել, որ դատարանն էլ կարողանա համապատասխան դատական ակտ կայացնել, իսկ դատախազությունն իրավասու չէ որևէ օրենքով հաստատել այդ նոր երևան եկած հանգամանքները: Այլ կերպ ասած` օրենքի համաձայն դատախազությունը կարող է վարույթ հարուցել միայն երբ առկա են նոր երևան եկած հանգամանքներ, իսկ «ինչպե՞ս դրանք կարող են առկա լինել» հարցը մնում է անպատասխան, երբ դատական ակտով դրանք հաստատված չեն: 

Այսինքն` ներկայումս ստեղծված է փակ շրջան և փաստացի, երբ առկա է վաղեմության ժամկետների այս խնդիրը, չեն իրագործվում (կյանքի չեն կոչվում) ՀՀ քրեական դատավարության 426.3, 426.5 և մի շարք այլ հոդվածների դրույթներ: Նման իրավիճակի հետևանքվ անձը զրկված է մնում նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործի, դատական ակտի վերանայման հնարավորությունից, ինչն էլ այսօրվա դրությամբ փաստացի զրկում է քաղաքացուն արդար դատաքննության իրավունքի իրացումից:

Խնդրում եմ այս առաջարկը քննարկել և համապատասխան լրացում կատարել, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ մեզ մոտ, ի տարբերություն մասնավորապես եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, չկան գործուն մեխանիզմներ 10 և ավելի տարիների քրեական գործերի, դատավճիռների վերանայման համար` նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Հատկապես ցավալի է, որ մեզ մոտ չեն պահպանվել իրեղեն ապացույցները և մինչ օրս էլ դեռ կյանքի չի կոչվում քրեական դատավարության օրենսգրքի նախագծում առկա` իրեղեն ապացույցների պահպանման մասին դրույթը: Նման իրավիճակում, առաջարկվող լրացումը միակ տարբերակն է` վաղեմության ժամկետներն անցած լինելու պարագայում կիրառելի դարձնել քրեական դատավարության օրենսգրքի 426.3 մաս 1 կետ 1,2 և 3-ի դրույթները` հանուն գործնականում  արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման: 

 

Հարգանքով` Մհեր Ենոքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter