HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թղթով` գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք

Լուսանկարում երևացող լիճը հանգստյան գոտի չէ, ոչ էլ բնության պարգևն է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքին: Փաստացի գոյություն ունեցող ջրային տարածքը Կադաստրի կոմիտեում գրանցված է որպես գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Ջրառատը չունի ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր: Սակայն, տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասն օգտագործվել, և որոշներն այժմ էլ օգտագործվում են որպես ավազի հանքավայրեր: Գոյացած լճերը հենց ավազի հանման արդյունքն են:

Ջրառատ-Արաքս համայնքների միջնամասում է գտնվում գյուղի լճերից ամենախոշորը: Այն գտնվում է Մանվել Ավետիսյանի հողատարածքում: Մոտավոր հաշվարկներով զբաղեցնում է 7 հա տարածք: Այն նույնպես կադաստրային ձևակերպումներով գյուղատնտեսական հող է: Անմիջական հարևանությամբ նույնիսկ ցորենի դաշտ կա, ինչը վկայում է, որ այդ հողատարածքները պիտանի են գյուղատնտեսության համար:

Նախկինում առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու ավազ են հանել նաև գյուղի այլ բնակիչներ, որոնց մասին համայնքապետարանում իմացել ու լռել են:

Դեռևս հունիսի 9-ին գրավոր հարցում էինք ուղարկել Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանին: Նրանից հարցրել էինք, թե hամայնքում քանի հանքավայր է գործում, և ինչի հանքավայրեր են, քանի հեկտար տարածք են զբաղեցնում, ովքեր են դրանք շահագործում, համայնքապետարանն ինչ պայմանագրեր է կնքել շահագործողների հետ, վերջիններս համայնքային բյուջե որքան գումար են վճարում և այլն: Սամվել Գալստյանը գրավոր այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին:

Համայնքի ղեկավարից պարզաբանում ստանալու նպատակով այցելեցինք Ջրառատի համայնքապետարան: Սամվել Գալստյանն ասաց, որ գրությունը «թերի է կատարված» այդ իսկ պատճառով չի պատասխանել:

Խոսելով ավազի հանքերի մասին` Սամվել Գալստյանը խուսափում էր անուններ հրապարակել, թե ովքեր են ավազ հանել գյուղատնտեսական նշանակության հողերից: Սակայն, չհերքեց, որ նախկինում գյուղի վարչական տարածքից ավազահանությամբ զբաղվողներ եղել են:

«Մի քանի տարի առաջ` կոնկրետ 2005-2007 թվերին: Բազմիցս ուղարկել ենք նամակներ, գրություններ տվյալ անձնավորությանը, ով զբաղվել է այդ աշխատանքներով: Ոչ թե ավազի հանք ա եղել, այլ իր հողից է հանել»,- հավելեց Ս. Գալստյանը:

Ջրառատում բոլորը գիտեն, որ գյուղի բնակիչ Մանվել Ավետիսյանը, ով հայտնի է Մշո անունով, տարիներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների, ավազ է հանում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից՝ համայնքին պատճառելով խոշոր վնաս:

Համայնքապետ Սամվել Գալստյանը, լսելով Մանվել Ավետիսյանի անունը, մի պահ անակնկալի եկավ, այնուհետև ասաց, որ անօրինական ավազ արդյունահանելու և վաճառելու համար նա ենթարկվել է պատասխանատվության՝ տուգանվել է:

Սամվել Գալստյանը չհիշեց, թե կոնկրետ երբ և որքան է տուգանվել Մանվել Ավետիսյանը անօրինական գործունեության համար: Համայնքապետն առհասարակ ոչ մի թվային տվյալ չտրամադրեց, թե քանի հեկտար տարածքից է արդյունահանվել ավազը:

Ջրառատի համայնքի ղեկավարն ասաց, որ այժմ որևէ մեկը գյուղի վարչական տարածքում ավազ չի արդյունահանում:

«Եթե որևէ մի տեղ ավազի հանք են օգտագործում, ես տեղյակ չեմ: Հնարավոր է մեկն այս պահին գողություն է անում, դուք գնաք, բռնեք ու ասեք՝ գյուղապետ, բա ասում էիր` տեղյակ չեմ: Ես իրականում տեղյակ չեմ, որովհետև երեկ չէին անում»,- ասում է Սամվել Գալստյանը:

Հուլիսի 2-ին եղել ենք այն տարածքում, որտեղ տարիներ շարունակ ավազ է արդյունահանել Մանվել Ավետիսյանը: Ավազ հանող տեխնիկան կանգնած էր հենց լճակի ափին: Տեղում որևէ մեկը չկար, սակայն երևում էր, որ նոր է ավազ հանվել, քանի որ տարածքում թաց ավազ կար, իսկ տեխնիկայի մոտակայքում ցեխ էր:

Սա մեր երրորդ այցն էր տարածք: Օրեր առաջ, երբ գյուղապետարանում էինք և տեղեկություններ ունեինք, որ Մանվել Ավետիսյանի հողատարածքից ավազ է հանվում, համայնքապետարանում աշխատող Ավետիսյանի դուստրը անմիջապես տեղեկացրել էր հորը մեր այցի մասին և հասնելով հողատարածք` այնտեղ դարձյալ որևէ մեկին չտեսանք: Երբ աշխատասենյակում զրուցում էինք համայնքապետի հետ, Մ. Ավետիսյանի դուստրը հաճախ էր ներս ու դուրս անում։

Այս ընթացքում կապ ենք պահել մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիներից մեկի հետ: Նա նկարել է այն պահը, երբ Մանվել Ավետիսյանի հողատարածքից ավազ են տեղափոխում:

Համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը տեղեկություններ չուներ, որ որևէ մեկը, այդ թվում` Մանվել Ավետիսյանը ավազ է դուրս բերում: Համայնքի ղեկավարը նշեց, որ տարիներ առաջ գրություններ է ուղարկել նաև Մանվել Ավետիսյանին, որ դադարեցնի իր գործունեությունը: Վերջինս էլ դիմել է համայնքապետին, որպեսզի ավազի հանման աշխատանքներ իրականացնելու համար տրամադրվի համապատասխան թույլտվություն: Սակայն, համայնքապետի ասելով՝ ինքը հորդորել է Մ. Ավետիսյանին, որպեսզի իր հողատարածքները չափագրի, փաստաղթղթերը կարգի բերի, նոր միայն կկարողանա փոխել հողի կատեգորիան:

Սամվել Գալստյանը նաև հավելեց, որ Մանվել Ավետիսյանի հողատարածքների մոտ է գտնվում համայնքի ջրամբարը, որի ջուրն օգտագործվում է գյուղացիների կարիքների համար, և իրենք նույնիսկ Մ. Ավետիսյանին վնաս են տալիս, երբ ջուրը բարձրանում է:

Համայնքապետարանի ոչ մի ծրագրում, հաշվետվություններում այդպես էլ չգտանք որևէ նշում, որ Ջրառատը ջրամբար ունի: Գյուղացիները պատմեցին, որ ջրամբար կոչվածը, որտեղ մեծ քանակի ջուր է կուտակվում, Մանվել Ավետիսյանի` տարիներով իրականացրած ավազի արդյունահանման հետևանքն է: Գյուղը ջրամբար չի ունեցել:

Մանվել Ավետիսյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ հիմա «ոչ մի հատ էլ ավազ» չի հանում: Իսկ երբ ավազ հանել է, դրա համար «տուգանվել ու դատվել» է: Նշեց, որ անցյալ տարի ևս ավազ է հանել, որի համար դարձյալ տուգանվել է: Մանվել Ավետիսյանի խոսքերով, ընդհանուր առմամբ, մոտ 10 մլն դրամի տուգանք է վճարել ավազի հանման համար: Քանի որ համայնքապետարանից փաստաթղթավորված որևէ տեղեկատվություն չտրամադրեցին, դժվար է ասել, թե իրականում որքան է տուգանվել Մանվել Ավետիսյանը և ինչի համար:

Պարզեցինք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Մանվել Ավետիսյանը դեռևս 2015թ. հունիսի 25-ին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու և ընդերքին էական վնաս պատճառելու համար: Տուգանքի չափը եղել է 700 հազար դրամ: Այն ժամանակ մեղադրանքի հիմքում դրվել է այն, որ 2014թ. մայիս ամսվա ընթացքում, առանց պայմանագրի, օգտագործել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության, իրեն պատկանող հողակտորի ընդերքը, որտեղից հանված հողախառն ավազակապիճը Ջրառատ գյուղի բնակիչների օգնությամբ լցրել է գյուղի կենտրոնական փողոցներ, ինչի հետևանքով ընդերքին պատճառվել է էական՝ մոտ 1 մլն դրամի վնաս:

«Հիմա սպասում եմ, որ իմ հարցերը լուծեմ, հողի կարգը փոխեմ, նոր աշխատեմ: Գյուղապետարանի փողն էլ էս քանի օրը պիտի մուծեմ, որ կարգը փոխվի»,-նշում է Մանվել Ավետիսյանը: Իր խոսքերով, մտադրություն ունի մոտ 5 հա տարածքից ավազ հանել, որի համար էլ պատրաստվում է թույլտվություններ ստանալ:

Հարցին` եթե ավազի հանում չի իրականացնում, ինչու է տեխնիկան հողատարածքում գտնվում, ինչու է տարածքում կուտակվել, իսկ ճանապարհներին թափվել «թարմ» ավազ, Մ. Ավետիսյանը հավելեց, թե «մի մոմենտ հողերն ենք քաշել, մաքրել»:

Թեև Մանվել Ավետիսյանը նշում է, որ ինքն ավազի հանման աշխատանքներ չի իրականացնում, սակայն հուլիսի 2-ին զանգահարել էինք նրան և ներկայացել որպես հարևան Լուսագյուղ համայնքի բնակիչ, ով ցանկանում է ավազ գնել:

Մանվել Ավետիսյանը հենց սկզբից ասաց, որ վաճառքի ավազ ունի: Սակայն, զրույցի ընթացքում կասկած առաջացրեց «կուլտուրական խոսելը» և հարցուփորձով պարզում էր, թե ով է իրեն զանգահարողը, որտեղ է նրա տունը և այլն: Պատահական անուններ տալով` Մանվել Ավետիսյանն ի վերջո համոզվեց, որ զանգահարողը ավազի գնորդ է: Նշեց, որ «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի մեկ թափք ավազի գինը 25.000 դրամ է: Հավելեց, որ ինքը մատչելի գին է առաջարկում, քանի որ այլ տեղերում 30.000 դրամ է:

Մանվել Ավետիսյանը նշեց, որ ավազը տեղափոխելու համար ավտոմեքենա չունի. «Ձեր գյուղում գիտեն էլի սաղ, թե ինչը որտեղից բերեն, թող գան, տանեն»,- հավելեց Մանվել Ավետիսյանը:

Այսպիսով, համայնքապետարանը պատշաճ քայլեր չի ձեռնարկում ընդերքին և համայնքին պատճառված վնասը կանխելու համար: Գյուղացիները մատնանշում էին նաև դրա պատճառը: Նրանց պատմելով` Մանվել Ավետիսյանը նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մտերիմն է, իսկ Ջրառատի համայնքապետը Լևոն Երանոսյանի քրոջ որդին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter