HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն այցելել է Ամարասի հովիտ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին այցելել է Ամարասի հովիտ և ծանոթացել բերքահավաքի ընթացքին ու մի շարք այլ աշխատանքների:

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանը նախ եղել է Ամարասի վանական համալիրում և ծանոթացել «Լույս» հիմնադրամի միջոցներով տեղում ծավալվող վերականգնման գործընթացին: Այնուհետև Հանրապետության նախագահը գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ եղել է դաշտերում, որտեղ ակտիվ ընթանում են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներ: Արայիկ Հարությունյանը մենատնտեսներից հետաքրքրվել է բերքատվության ցուցանիշներով և անընդունելի համարել միևնույն տարածքում ու կլիմայական պայմաններում տարբեր հողօգտագործողների ստացած բերքի արդյունքների անհամեմատ տարբերությունը: Նա գյուղոլորտի պատասխանատուներին հայտնել է իր նկատառումները՝ հանձնարարելով խնդրի լուծման ուղղությամբ տեսական և գործնական միջոցներ կիրառել:

Անդրադառնալով տարածքում ոռոգման ջրի խնդիրներին՝ նախագահը հանձնարարել է կարճ ժամանակում ուսումնասիրել նախկին արտեզյան ջրհորների վերագործարկման և նորերի կառուցման հնարավորությունները՝ ընդգծելով, որ խնդրի համապարփակ լուծման համար կառավարությունը պատրաստ է միջոցներ հատկացնել:

Նախագահ Հարությունյանն այցելել է նաև Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գտնվող և Շուշիի տեխնոլոգիական համալսարանին պատկանող տոհմային կայան, որի շինաշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է միջոցներ հատկացնել համապատասխան գլխաքանակի խոշոր եղջերավոր տոհմային անասունների ներկրման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter