HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչո՞ւ է Ճապոնիայում կորոնավիրուսից մահացությունն այդքան ցածր. BBC-ի ուսումնասիրությունը

Ինչո՞ւ է կորոնավիրուսից այդքան քիչ ճապոնացի մահացել։  Այդ հարցի վիճակագրությունը դարձել է բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա։ Որոշ գիտնականներ նշում են ճապոնացի ազգին բնորոշ առանձնահատկությունների մասին, մյուսները նշում այդ երկրի բնակիչների «գերբնական իմունիտետի» հանգամանքը։ «BBC»-ն փորձել է հասկանալ ճապոնական այս «ֆենոմենը»։

Հետաքրքրական է, որ Ճապոնիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները տարածաշրջանում ամենացածրը չեն։ Արևելյան և Հարավարևելյան Ասիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները ցածր են Հարավային Կորեայում, Թայվանում, Հոնկոնգում և Վիետնամում։ Այդուհանդերձ, 2020 թվականի առաջին կիսամյակում Ճապոնիայում գրանցվել է ավելի քիչ մահ, քան անցած տարիներին նույն ժամանակահատվածում։

Այս ամենն առանձնահատուկ զարմանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ Ճապոնիայում բնակվում են մեծ թվով մարդիկ, որոնք խոցելի են կորոնավիրուսով վարակման տեսանկյունից։ Բացի այդ, հետաքրքրական է նաև այն փաստը, որ ճապոնական իշխանությունները, ի տարբերություն այլ երկրների, խիստ կարանտին չեն հայտարարել։

Ինչպե՞ս է իրավիճակը զարգացել Ճապոնիայում

Հունվարից, երբ չինական Ուհան քաղաքում բռնկվեց կորոնավիրուսի համաճարակը և հիվանդանոցները լցվեցին պացիենտներով, ի տարբերություն այլ երկրների, Ճապոնիան չփակեց սահմանները։ Վիրուսի տարածմանն զուգընթաց պարզ դարձավ, որ այն առաջին հերթին վտանգավոր է տարեցների համար և արագ փոխանցվում է մարդկանց մեծ կուտակման կամ երկարատև շփման ժամանակ։

Ճապոնիայում տարեցների թիվն ավելի մեծ է, քան աշխարհի մեկ այլ երկրում։ Բացի այդ, ճապոնական խոշոր քաղաքներում բավականին բարձր է բնակչության խտությունը։ Տոկիոյում և նրա արվարձաններում բնակվում է 37 միլիոն մարդ, որոնց մեծ մասի համար տեղաշարժման միակ միջոցը համարվում է ստորգետնյա տրանսպորտը։

Ճապոնիան հրաժարվել է հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին՝ թեստավորելու բնակչությանը։ Այսօրվա դրությամբ Ճապոնիայում ՊՇՌ թեստ է հանձնել 348 հազար մարդ կամ երկրի բնակչության 0,27 %-ը։ Բացի այդ, իշխանությունները չեն մտցրել խիստ կարանտին։ Ապրիլի սկզբին Ճապոնիայում հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ, սակայն իշխանությունները չեն պարտադրել բնակչությանը մնալ տանը, այլ ռեժիմն ուներ խորհրդատվական բնույթ։

Առաջին անհրաժեշտության ապրանքներ չվաճառող խանութներին իշխանությունները խորհուրդ էին տվել ժամանակավորապես փակվել, սակայն չէր սահմանվել որևէ տուգանք, եթե խանութները չհետևեին իշխանությունների կոչերին։ Չնայած կարանտինային խիստ միջոցառումների բացակայությանը, Ճապոնիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից հետո հինգ ամիս անց, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը չի գերազանցում 20 000-ը, իսկ մահացածների թիվը՝ 1000-ը։ Արտակարգ դրության ռեժիմն արդեն չեղարկվել է, և կյանքը Ճապոնիայում վերադառնում է իր բնականոն հունին։ 

Գիտական ուսումնասիրությունները նաև փաստում են, որ Ճապոնիան հիմնականում կարողացել է կանգնեցնել վիրուսի տարածումը։ Հեռահաղորդակցության «Softbank» խոշոր ընկերությունը թեստավորել է իր 40 000 աշխատակիցներին և պարզել, որ նրանց միայն 0,24 %-ն ունի կորոնավիրուսի հակամարմին։ Տոկիոյում և նրա երկու պրեֆեկտուրաներում իրականացված ներկայացուցչական թեստավորման արդյունքները ցույց են տվել, որ վիրուսը հայտնաբերվել է թեստավորմանը մասնակցած անձանց 0,1 %-ի մոտ։

Ի՞նչ կապ ունի «Մինդո»-ն

Հունիսին հայտարարելով արտակարգ դրության ռեժիմի չեղարկման մասին, վարչապետ Շինզո Աբեն հպարտությամբ խոսել է «ճապոնական մոդելի» մասին, ակնարկելով, որ մյուս երկրները Ճապոնիայից սովորելու բան ունեն։ Իսկ ի՞նչ առանձնահատկություն ունեն ճապոնացիները։ Փոխվարչապետ Տարո Ասոյի կարծիքով՝ գաղտնիքը ճապոնացիների «բացառիկ հատկանիշների» մեջ է։ Հանրության կողմից ոչ միանշանակ ընդունված հայտարարության մեջ Ասոն նշում էր, որ այլ երկրների առաջնորդներն իրեն հարցրել են, թե որն է Ճապոնիայի հաջողության պատճառը.

«Ես նրանց ասացի։ Ձեր և մեր երկրների մարդիկ ունեն տարբեր մինդո։ Այդտեղ նրանց բերանները բաց մնաց և լռեցին»,- հայտարարել է փոխվարչապետը։ Եթե բառացիորեն թարգմանենք «մինդո» բառը, ապա այն նշանակում է «մարդու որակ», չնայած այն երբեմն կիրառվում է նաև որպես «մշակութային մակարդակ»։

«Մինդո» եզրույթի կիրառումը գալիս է Կայսերական Ճապոնիայի իշխանության տարիներից և կապված է ճապոնացիների ռասսայական գերիշխանության գաղափարների ու մշակութային շովինիզմի հետ։ Հենց սա է պատճառը, որ Ասոյի հայտարարությունը ոչ միանշանակ է ընկալվել ճապոնական հասարակության կողմից։ Այդուհանդերձ, բազմաթիվ ճապոնացիներ, այդ թվում նաև որոշ գիտնականներ կարծում են, որ ճապոնացիներն իրավամբ տարբերվում են մյուս ազգերից։ Նրանք ունեն «ինչ-որ առանձնահատկություն», որը պաշտպանում է ճապոնացիներին կորոնավիրուսից։ Բնականաբար իր դերակատարումն ունի նաև այն ազգային ավանդույթը, որ ճապոնացիները, անկախ ամեն ինչից, մշտապես պահում են որոշակի հեռավորություն, քիչ են գրկախառնվում և համբուրվում։

Արդյո՞ք ճապոնացիներն ունեն հատուկ իմունիտետ

Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տացուիկո Կոդաման, որն ուսումնասիրում է ճապոնացիների արձագանքը նոր կորոնավիրուսի նկատմամբ, կարծում է, որ Ճապոնիան նախկինում արդեն իսկ բախվել է կորոնավիրուսի հետ։ Ընդ որում, խոսքը Covid-19-ի մասին չէ, այլ նմանատիպ մեկ այլ կորոնավիրուսի, որը հետք է թողել բնակչության իմունիտետում։ Նա երևույթը բացատրում է հետևյալ կերպ։ Երբ վիրուսը հայտնվում է մարդու օրգանիզմում, ապա իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ, որոնք ընկնում են պաթոգենների մեջ։

Գոյություն ունի երկու տիպի հակամարմին. M դասի իմունոգլոբուլիններ (IgM) և G դասի իմունոգլոբուլիններ (IgG)։ Այն, թե ինչպես են հակամարմիններն արձագանքում, ցույց է տալիս, թե արդյոք այդ անձը նախկինում գործ է ունեցել ինչ-որ կոնկրետ վիրուսի հետ, թե՝ ոչ։ «Առաջին վարակման ժամանակ, սովորաբար, առաջինն արձագանքում է IgM հակամարմինը։ Եվ միայն հետո ի հայտ է գալիս IgG-ի ռեակցիան։ Բայց այն դեպքերում, երբ մարդը երկրորդ անգամ բախվում է վիրուսի հետ, լիմֆոցիտները արդեն հիշում են այդ մասին և սկսում է արձագանքել միայն IgG հակամարմինը, ընդ որում շատ արագ»,- բացատրում է պրոֆեսոր Կոդաման։

Իսկ ի՞նչ պատկեր է նա տեսնում իր պացիենտների մոտ։

«Երբ մենք տեսանք թեստերի արդյունքները, ապշահար էինք, թե ինչպես է բոլոր պացիենտների մոտ արագ ընթանում G իմունոգլոբուլինի ռեակցիան։ Եվ միայն ավելի ուշ և էականորեն դանդաղ ի հայտ եկավ նաև M իմունոգլոբուլինի ռեակցիան։ Մենք ենթադրում ենք, որ նրանք նախկինում ևս բախվել են նմանատիպ ինչ-որ վիրուսի հետ»,- բացատրել է գիտնականը։ Պրոֆեսոր Կոդաման կարծում է, որ SARS-CoV վիրուսը, որն առաջացնում է ատիպիկ թոքաբորբ, նախկինում ևս առկա է եղել տարածաշրջանում։ Այդ է պատճառը, որ Արևելյան և Հարավարևելյան Ասիայում՝ Ճապոնիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Թայվանում, Հոնկոնգում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները ցածր են։

Արևմտյան որոշ տեսաբաններ քննադատում են այս վարկածը։ «Ես չեմ հասկանում, թե ինչպես ինչ-որ մի վիրուս կարող է սահմանափակվել բացառապես ասիական տարածաշրջանով»,- նշում է Լոնդոնի թագավորական քոլեջի հանրային առողջապահության ամբիոնի վարիչ և բրիտանական կառավարության նախկին ավագ խորհրդական պրոֆեսոր Կեձի Սիբույան։ Նա չի հերքում տարբեր ազգերի մոտ իմունիտետի և գեների տարբերությունների կապը կորոնավիրուսի հետ։ Սակայն փորձագետը վերապահումներով է մոտենում ճապոնացիների մոտ որոշակի առանձնահատկության առկայության հանգամանքին, որը կբացատրեր Ճապոնիայում կորոնավիրուսից մահացության ցածր ցուցանիշների ֆենոմենը։

Նրա կարծիքով այն երկրները, որոնք հաջողությամբ հաղթահարել են համաճարակը, արել են մեկ պարզ ճանապարհով. կրճատել վիրուսի տարածման հավանականությունը։ Ճապոնացիներն սկսել են դիմակներ կրել ավելի քան 100 տարի առաջ՝ «իսպանական գրիպի ժամանակ», որն սկսվել է 1919 թվականին։ Ճապոնիայում ընդունված ավանդույթ է, որ եթե մի մարդ ունի հազ կամ հարբուխ, կրում է դիմակ, որ չվտանգի մյուսների առողջությունը։ «Իմ կարծիքով սա ուրույն ֆիզիկական պատնեշ է։ Եվ բացի այդ պետք է լինել շատ ուշադիր։ Մենք պետք է նախկինի պես շարունակենք շփվել զգուշությամբ»,- նշում է գրիպի մասնագետ, Հոնկոնգի համալսարանի հանրային առողջապահության ամբիոնի վարիչ Քեյջի Ֆուկուդան։

Վարակակիր անձի շփման շրջանակի նկատմամբ վերահսկողությունը Ճապոնիայում ներդրվել է դեռ 1950-ական թվականներին, երբ երկրում տուբերկուլյոզի համաճարակ էր։

Տարօրինակ օրինաչափություն

Դեռ կորոնավիրուսի համավարակի սկզբում Ճապոնիայում պարզել էին կորոնավիրուսի տարածման երկու կարևոր առանձնահատկություններ։ Կիոտոյի համալսարանի գիտաշխատակից Կազուակի Ձինդայը նշում է, որ վիճակագրության համաձայն բոլոր վարակվածների մոտ մեկ երրորդը սովորաբար վարակվում են նմանատիպ վայրերում և պայմաններում։ «Մեր տվյալները ցույց են տալիս, որ բազմաթիվ վարակվածներ այցելել են համերգասրահներ կամ դիսկոտեկներ, որտեղ մարդիկ բղավում են, երգում… Մենք հասկացանք, որ սրանք այն հիմնական վայրերն են, որոնցից պետք է խուսափել»,- նշում է գիտնականը։

Նրա աշխատանքային խումբն առաջին հերթին պարզել է այն զբաղմունքները, որոնք ռիսկային են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից։ Դրանց թվում այն ամենն է, ինչը նպաստում է ինտենսիվ շնչառությանը, մասնավորապես, կարաոկեներում, երեկույթներին, ակումբներում երգելը, բարերում և փաբերում բարձր խոսակցությունները, ֆիթնես ակումբներում սպորտով զբաղվելը։

Երկրորդը, պրոֆեսոր Ձինդայի խմբի ճապոնացի գիտնականները պարզել են, որ վարակը տարածվում է շնորհիվ այն մարդկանց, որոնք համարվում են վիրուսի փոխանցողներ։ Ավելի վաղ արված հետազոտություններից մեկը պարզել էր, որ SARS-CoV-2 վիրուս ունեցող անձանց մոտ 80 %-ը չեն վարակում ուրիշներին և միայն 20 %-ն են համարվում փոխանցողներ։ Այս բացահայտումները Ճապոնիայի իշխանություններին ստիպել են ձեռնարկել «Խուսափեք երեք «3»-ից» արշավը։ «Կարծում եմ, որ այն ավելի արդյունավետ էր, քան եթե մարդիկ ուղղակի նստեին տանը»,- նշում է պրոֆեսոր Ձինդայը։

Եվ չնայած նրան, որ գրասենյակները չէին ներառվել «վտանգավոր ցանկի» մեջ, իշխանությունները հույս ունեին, որ «Խուսափեք երեք «3»-ից» արշավը կնվազեցնի վիրուսի տարածումն այնքան, որ հնարավոր կլինի խուսափել սահմանափակումներից։ Որոշ ժամանակ գործողություններն ընթացել են նախապես պլանավորված սցենարով, սակայն մարտի կեսերին Տոկիոյում վարակման տարածումն ակտիվացել է և թվում էր, թե այնտեղ կգրանցվի կտրուկ աճ, ինչը եղել էր Միլանում, Մոսկվայում, Լոնդոնում և Նյու Յորքում։ Սակայն դա տեղի չունեցավ։ Կամ Տոկիոն էր հաջողակ, կամ էլ մարդիկ խելամիտ վարքագիծ ցուցաբերեցին։

Ժամանակն ամեն ինչ է

Պրոֆեսոր Կենձի Սիբույան կարծում է, որ Տոկիոյի փորձից կարելի է քաղել նույն դասերը, ինչ այլ երկրների փորձից։ «Ինձ համար այստեղ գլխավորը ճիշտ ժամանակին գործողություններ իրականացնելն է»,- նշում է Սիբույան։ Վարչապետ Շինզո Աբեն ապրիլի 7-ին մտցրել է արտակարգ դրության ռեժիմ, որը մարդկանց չէր ստիպում, այլ խորհուրդ էր տալիս մնալ տներում։ «Եթե այս գործողությունը հետաձգվեր, ապա մենք կունենայինք նույն իրավիճակը, ինչ Լոնդոնում կամ Նյու Յորքում է։ Իսկ Ճապոնիայում մահացությունը ցածր է։ Կոլումբիայի համալսարանի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ եթե Նյու Յորքում կարանտինային ռեժիմ հայտարարվեր երկու շաբաթ ավելի վաղ, ապա դա կօգներ կանխարգելել հազարավոր մահեր»,- նշում է Սիբույան։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի վերջերս հրապարակված հաշվետվության մեջ նշվում էր, որ խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպիսին են սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, ճարպակալումը, կորոնավիրուսի վարակման պարագայում հոսպիտալացման վեց անգամ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, իսկ մահացությամբ ելքը 12 անգամ ավելի բարձր է, քան մյուս մարդկանց մոտ։ Ինչ վերաբերում է սիրտանոթային հիվանդություններին և ճարպակալմանը, ապա ճապոնացիներն այս ցուցանիշներով ամենացածրն են՝ զարգացող երկրների շարքում։ Այդուհանդերձ, գիտնականները պնդում են, որ նույնիսկ այդպիսի վիճակագրությունը չի բացատրում ամեն ինչ։

«Ֆիզիկական այդ տարբերությունները, հնարավոր է, և ունեն որոշակի ազդեցություն, սակայն, իմ կարծիքով, կարևոր է մեկ այլ բան։ Մենք իմացել են Covid-19-ի մասին մի պարզ բան, որ գոյություն չունի որևէ պարզ մեկնաբանություն այն ամենի մասին, որոնք կապված են կորոնավիրուսի հետ։ Բազմաթիվ գործոններ ազդում են վերջնարդյունքի վրա»,- նշում է պրոֆեսոր Ֆուկուդան։

«Չկա որևէ առանձնահատկություն»

Ինչ է ստացվում։ Արդյո՞ք կարիք կա Ճապոնիայում հայտարարել խիստ կարանտին։ Պատասխանը մեկն է և՛ այո, և՛ ոչ։ Պարզապես կարեւոր էր կոտրել վարակի փոխանցման շղթան:

Ճապոնիայում իշխանությունները վստահ են, որ ժողովուրդը հետևում է խորհուրդներին։ Նրանք բնակչությանը չեն արգելել դուրս գալ, սակայն խնդրել են մնալ տանը։ Եվ ճապոնացիները լսել են նրանց։ «Ինչպես է հնարավոր կրճատել շփումը վարակված և չվարակված մարդկանց միջև։ Դրա համար անհրաժեշտ է բնակչության փոխգործակցությունը, իսկ դա հեշտ չէ աշխարհի բազմաթիվ երկրներում»,- նշում է պրոֆեսոր Ֆուկուդան։

Ճապոնական կառավարությունը քաղաքացիներին խնդրել է ցուցաբերել զգուշություն, խուսափել մարդաշատ վայրերից, կրել դիմակներ և լվանալ ձեռքերը։ Ի տարբերություն բազմաթիվ ազգերի, ճապոնացիները խստորեն պահպանել են այս խորհուրդները։ Ստացվում է, որ չկա որևէ առանձնահատկություն, բացի սեփական իշխանությունների նկատմամբ վստահությունից։

Լուսանկարը՝ Issei Kato, Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter