HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ոգու և լեզվի վրա հիմնված կրթության հրամայականը․ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել հանրակրթության չափորոշիչների փոփոխության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«ԿԳՄՍ նախարարությունը համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս խառնակ ժամանակներում շրջանառության մեջ է դրել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի որոշման հույժ խնդրահարույց նախագիծ, որը հանրության լայն շրջանակներում արդեն դժգոհությունների և պառակտումների տեղիք է տալիս, քանզի այս որոշմամբ նախատեսվելու է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև, զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար՝ ռուսերեն, անգլերեն լեզուների ժամերի համադրելիության մասին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենն առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում՝ առանց բացատրելու, թե ինչպե՛ս և ի՛նչ ծավալով:

«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգությամբ արձանագրում է, որ հանրակրթության ռազմավարական ծրագրի բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության այսպիսի գործելակերպը՝ հատվածական քայլերով վերաձևելու ընդունված առարկայացանկն ու ժամաբաշխումը,  Հայաստանում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման և, ամենակարևորը, մասնագիտական ու քաղաքացիական հանրության առճակատման: 

ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի երկրորդ կետում ամրագրված է, որ «հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»: Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ, այլ մեր ազգային ինքնության, մշակույթի մի հզոր բաղադրիչ, մեր ոգու պատմություն իր բոլոր խիզախումներով և անկումներով, ուստի հայոց լեզվի և մեր ազգային ինքնության մշակութային տարբեր բաղադրիչների ուսուցումը և՛ դպրոցներում, և՛ բուհերում պետք է դառնա առանձնահատուկ ուշադրության առարկա: Նշում ենք, որ այս և այլ բոլոր առարկաների ծրագրերի ու դասավանդման ոլորտում առկա են խնդիրներ, բայց այդ խնդիրները չեն կարող հանգուցալուծվել միակողմանի, հապճեպ՝ առանց մասնագիտական հանրության շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքների վերլուծության:

Առանց հանրային լայն քննարկումների նման որոշումների ընդունումը մեզ ավելի կհեռացնի ազգային մրցունակ պետություն զարգացնելու մեծ նպատակից: 21-րդ դարը ազգային կայացած պետությունների մրցակցության ժամանակաշրջանն է, որտեղ հաղթում և դիմակայում են իրենց պատմությամբ ու լեզվով հպարտ, գիտակ պետությունները:

«Ժառանգությունը» համոզված է, որ  այս նախագիծը պետք է նախարարության կողմից հետ կանչվի, և մասնագիտական հանրության հետ ծավալված քննարկումների, համերաշխության, միմյանց կարծիքը հարգելու մթնոլորտում կմշակվեն 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության հանրակրթությանն անհրաժեշտ չափորոշիչներ և ռազմավարություն»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter