HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահին

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային (Sergio Mattarella):

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Համբարձումյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Համբարձումյանը նախագահ Սերջո Մատարելլային փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ: Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու և առկա քաղաքական գերազանց հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը։

Դեսպան Համբարձումյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter