HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղավիացիայի դեմ ուղղված անօրինական գործողությունների և փորձերի համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված այնպիսի անօրինական գործողությունների և փորձերի նկատմամբ, որոնք կվտանգեն ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգության գործունեությունը:

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նման նախագիծ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում:

Այս նախագծով առաջարկվում է 4-8 տարի ազատազրկում նախատեսել օդանավ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելու համար։ Իսկ եթե այդ արարքը կատարված կլինի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ կնախատեսվի 7-12 տարի ազատազրկում: Եթե այս արարքները կատարված կլինեն կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրած կլինեն մահ, այլ ծանր հետևանքներ կնախատեսվի ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով:

Մեկ այլ փոփոխությամբ՝ 4-6 տարի ազատազրկում կնախատեսվի շահագործման մեջ գտնվող օդանավը ոչնչացնելու համար: Եթե այն կկատրվի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով կնախատեսվի ազատազրկում՝ 6-8 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքն առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ կնախատեսվի ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Առաջարկվող փոփոխությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր օդանավում, օդանավակայանում տեղադրելու, պահելու համար նախատեսվում է ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով։ Եթե այդ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով՝ 5-8 տարի ժամկետով։

Շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին, շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելու համար կնախատեսվի ազատազրկում՝ 8-10 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կնախատեսվի ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։

Առաջարկվում է օդանավ, օդանավակայանի կամ աէրոնավիգացիոն ծառայություններ, ծառայությունների օբյեկտներ բռնի ներթափանցելու համար նախատեսել ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով: Եթե այդ արարքը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով նախատեսել ազատազրկում՝ 5-8 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքը առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ նախատեսվելու է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մեկ այլ փոփոխությամբ՝ 5-8  տարի ազատազրկում կնախատեսվի կեղծ տեղեկություններ հաղորդելու համար, որը վտանգել է օդանավի, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակայնության անվտանգությունը՝ օդանավակայանում, քաղաքացիական ավիացիայի ծառայություններում։

«Հայաստանի կողմից Քրեական օրենսգրքով հստակ կսահմանվեն և լիարժեքորեն կկիրառվեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներով սահմանված այնպիսի անօրինական միջամտության ակտերի իրականցման համար, որոնք սպառնում են քաղաքացիական ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգության գործունեությանը, ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների կյանքին ու առողջությանը, հասարակական անվտանգությանը»,-որպես այս նախագծի հիմնավորում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ 2019 թվականին ԻԿԱՕ-ի տեսչական խումբը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի համակարգում իրականացրել է ավիացիոն անվտանգության աշխատանքների աուդիտ, ներկայացրել առաջարկություններ՝ անօրինական միջամտության ակտերի հետ կապված յուրաքանչյուր հանցագործությունների համար առանձին քրեական պատասխանատվություն սահմանել, քաղավիացիայի դեմ ուղղված  իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականություն իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter