HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կանաչ» գաղափարների միջոցով կանաչ ճանապարհ հարթելու նոր բանաձեւ երիտասարդների համար

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ CENN, «Կանաչ արահետ»` Green Lane NGO (Հայաստան ) և KRDF (Վրաստան) կազմակերպությունների կողմից, Հայաստանում ընդգրկում է Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերը: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա փետրվարին: Հայկական կողմում ծրագրի ընթացքն ապահովող կազմակեպության՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի փոխանցմամբ՝ ծրագիրը տեւելու է 3 տարի, ավարտը նախատեսված է 2022թ․-ի հոկտեմբերին:

«Ընտրել ենք այն մարզերը, որոնք սահմանակից են Վրաստանի Հանրապետությանը, որտեղ աղքատության ամենաբարձր տոկոսն է գրանցվել: Գյուղի երիտասարդությունը, որ կարիք ունի սեփական գաղափարների իրականացման, չի կարողանում համապատասխան աջակցություն գտնել՝ հույսը կապելով քաղաքի կամ երկրից դուրս գալու հետ,- ասում է Նունե Սարուխանյանը,- պիտի ասեմ, որ սոցիալական ձեռներեցությունը շատ լավ միջոց է սեփական գաղափարներն իրականացնելուն միտված առաջին քայլերն անելիս, ընդամենը պետք են գիտելիքներ, հավատ սեփական ուժերի նկատմամբ եւ որոշակի դրամական աջակցություն: Մենք այս տարիների ընթացքում բազաթիվ ծրագրեր ենք արել եւ տեսել ենք, թե ինչպես անձը, որ սկզբում անվստահ է, առաջին իսկ փոքր հաջողությունից ոգեւորվել եւ արել է ավելին»:

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շահառուների տարիքը 15-29 է: Հաջողության հասնելու համար տարիքը խոչընդոտ չէ, ինչպես նաեւ մասնագիտություն ընտրելու կամ փոխելու հարցում: Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող փոքր բիզնեսի զարգացմանը միտված ծրագրերը դա են փաստում:

«Ընտրվել է տարիքային մի հատված, որն առավել ընկալունակ է նոր գիտելիքների յուրացման առումով եւ գաղափարներ, ծրագրեր առաջ քաշելու տեսանկյունից էլ առավելություն ունեն: Առաջարկվող նախագիծը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում սոցիալական ձեռներեցության եւ կանաչ նորարարության համար, կխթանի այս ոլորտների՝ սահմանամերձ գյուղական համայնքների անապահով երիտասարդների ներուժը»,- նկատում է Նունե Սարուխանյանը:

Ընտրված 3 մարզերից ծրագրին միանալու մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 450 հոգի: COVID-19-ով պայմանավորված՝ հանդիպումների հիմնական մասն իրականացնում են առցանց՝ օնլայն դասեր, քննարկումներ եւ այլն: Սեպտեմբերին հայտարարելու են փոքր դրամաշնորհների մրցույթ: 

«Դրամաշնորհները հատկացվելու են երիտասարդական նորարարական գաղափարների իրականացման համար եւ ստարտափերի համար տրամադրվող գումարները դեռ ճշտվում են: Ծրագիրը գործելու է բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման, խելամիտ գյուղատնտեսության, մեդիա, IT, տուրիզմի ոլորտներում»,- նշում է զրուցակիցս:

Նունե Սարուխանյանը բերում է փոքր դրամաշնորհների շրջանակներում իրականացվող ծրագրի օրինակ. «Երիտասարդը կարող է կոմպոստի պատրաստման, փաթեթավորման եւ վաճառքի ծրագիր ներկայացնել: Դա կբերի արագ եկամուտ, բայց միաժամանակ կունենա բնապահպանական նշանակություն, կկառավարի ենթափոնները, աշխատանքներում կներգրավվեն նաեւ սոցիալապես անապահով գյուղաբնակներ, ովքեր կարող են փոքրիկ եկամուտ ստանալ գոմաղբի վաճառքից: Ցանկացած «կանաչ» գաղափարի մենք պատրաստ ենք տալ կանաչ ճանապարհ, որը կունենա եւ ուսուցողական, եւ գործառնական նշանակություն»:

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվան ընդառաջ, մայիսի 21-ին, ծրագրի շրջանակներում, կազմակերպությունը հայտարարել էր «կանաչ» գաղափարների մրցույթ: Երեք մարզերից ստացել էին 80 հայտ: Հունիսի 5-ին հրապարակվել էր ընտրված լավագույն 15 գաղափարը: Նունե Սարուխանյանն ասում է, որ դրանք առայժմ գաղափարներ են, որոնք կարող են սոցիալական ձեռներեցության հիմք հանդիսանալ հետագայում: 

Օրինակ՝ Տավուշի մարզի Աղավնավանք համայնքից 16-ամյա Մարգարիտա Մկրտչյանին անհանգստացնում են անկանոն անտառահատումները: Նա պատրաստ է կազմակերպել տեղեկատվական արշավ, ծառատունկ եւ այլ միջոցառումներ, որոնք կկանխեն բնապահպանական աղետը: Լոռու մարզի Այրում համայնքից 19-ամյա Տաթեւ Նազարյանը պլաստիկի վերամշակմամբ ուզում է լուծել մի շատ կարեւոր հարց՝ զերծ պահել շրջակա միջավայրն աղտոտումից, եւ ուզում է սկսել հենց իրենց համայնքից: Նոյեմբերյանից 16 -ամյա Լևոն Բուդաղյանի համար տարածաշրջանում մեղուների զգալի պակասելը ոչ միայն տեղական, այլ նաեւ համաշխարհային պրոբլեմ է։ Նրա առաջարկած գաղափարները բարենպաստ միջավայր կստեղծեն առկա խնդիրները մեղմելու համար։

«Մենք հաղթողների համար արդեն իսկ սկսել ենք օնլայն դասընթացներ, ասենք՝ խելամիտ գյուղատնտեսություն, շրջանաձեւ տնտեսություն, թափոնների կառավարում եւ այլն: Սրա շնորհիվ մենք ստեղծում ենք նաեւ «Գաղափարների բանկ»,- նկատում է Նունե Սարուխանյանը։-Ընտրված երեք մարզում ստեղծել ենք աջակցող խմբեր՝ ենթազգային խորհուրդներ, հետագայում այդպիսի խմբեր կլինեն նաեւ նախարարություններին կից: Փորձելու ենք տեսանելի դարձնել խնդիրները երիտասարդների միջոցով, լուծումները եւս առաջարկել նրանց միջոցով, ուսուցանել, կրթել եւ պատրաստել կյանքի մարտահրավերներին դիմակայող սերունդ»:

Ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանի փոխանցմամբ, իրենք անում են հնարավորը ծրագրում ավելի շատ երիտասարդների ընդգրկելու համար: «Համոզված եմ, որ այս ծրագրով մենք նաեւ կարծրատիպեր ենք կոտրելու, հասնելու ենք նրան, որ յուրաքանչյուր պատանի ունենա ինքնավստահություն սեփական գաղափարը բիզնեսի վերածելու ճանապարհին»,- նկատում է Լուսինեն:

«Սոցիալական ձեռներեցության էկո համակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում նախատեսվում են իրազեկման եւ հաղորդակցման արշավներ, աշխատաժողովների, աշխատանքի տոնավաճառների կազմակերպում, կարիերայի կողմնորոշման միջոցառումներ, փորձի փոխանակման նպատակով փոխայցելություններ Վրաստան եւ Ավստրիա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter