HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պնդմամբ՝ հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ հանրային քննարկումները կարեւոր են, որովհետեւ փաստաթուղթը ներկայացվում է տարբեր կողմերից։ Այսօր հրավիրված եւս մեկ քննարկման ընթացքում նա ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը. դպրոցից պետության ակնկալիքներն ու պահանջը ձեւավորելը։

Նոր չափորոշիչով սահմանվում է, թե ինչ աշխատանք պետք է կատարեն ուսուցիչը եւ դպրոցը։ «Կարեւոր փոփոխությունը սկզբունքների փոփոխությունն է՝ վերափոխել դպրոցն այնպես, որպեսզի կարողանա դառնալ ստեղծագործ միջավայր, որտեղ ուսուցիչները որոշում կայացնելու դաշտ ունենան, ստեղծագործ աշխատանքի համար հնարավորություն ունենան»,- նշեց փոխնախարարը։

12 տարվա կրթությունից հետո աշակերտները պետք է ունենան այն ութ կարողությունները, որոնք ներկայացվում են չափորոշչում։

Փոխնախարարը պնդում է՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է «վեր կանգնել առարկայական մոտեցումներից եւ զուտ գիտելիքային պահանջների հիման վրա գործն ավարտված համարելուց»։ Չափոորոշիչը հնարավորություն է տալիս առարկաների միջեւ կապ ստեղծել եւ վերառարկայական մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան 12 տարվա ուսուցումից հետո պատրաստել այնպիսի քաղաքացիներ, որոնք կնպաստեն հանրության զարգացմանը։

«Մենք պետք է ոչ թե պահպանենք առարկաների շահերը, այլ պաշտպանենք սովորողի շահերը։ Հասկանանք, որ տարբեր առարկաները, որոնք ինքնանպատակ չեն, պետք է միտված լինեն սովորողի մոտ որոշակի արժեքային, գիտելիքային հմտությունների համակարգ ձեւավորելուն, եւ դրա  շրջանակում պետք է հասկանալ՝ քանի՞ առարկայի կարիք ունեն, ի՞նչ ծավալով, ինչպե՞ս պետք է դրանք փոխլրացնեն միմյանց»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը վստահեցնում է՝ որեւէ առանձին առարկայի ճակատագիրը քննարկելու նպատակ չունեն, չափորոշչի նպատակը առարկայացանկերի ձեւավորման սկզբունքները նկարագրելն է։ Նոր չափորոշիչը հնարավորություն է տալիս ուսուցիչներին եւ դպրոցներին ձեւավորել իրենց ուսումնական պլանները, իսկ պետության վերահսկողությունը լինելու է վերջնարդյունքների միջոցով։

Հանրակրթության չափորոշիչը ներդրվելու է  2022-23 թթ.-ից, հաջորդ ուսումնական տարում կսկսվեն վերապատրաստումները եւ փորձարկումները։

Փոխնախարարը գնահատման համակարգում փոփոխության վերաբերյալ նշեց, որ պետք է գտնել մոտիվացիոն եղանակներ, հաղորդակցության նոր ձեւեր։ Ըստ նրա՝ միավորային գնահատում նախատեսվում է իրականացնել 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, իսկ անբավարար գնահատման համակարգը դուրս մղել դպրոցից։

Ավագ դպրոցում ներդրվելու են նոր գործիքներ, կլինի մոդուլային եւ կրեդիտային ուսուցում, որոնց շնորհիվ կհրաժարվեն հոսքային ուսուցումից եւ անցում կկատարեն անհատականացված դասացուցակների, ուսումնական պլանների կազմմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter