HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիան հոգացել է բժիշկների երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հրապարակումներին՝ նշելով, որ ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հրատարակվող «Ֆրանսիա-Հայաստան» (France-Armenie) ամսագրի հուլիսյան համարում լույս է տեսել «Մազ՝ ճաշի մեջ» վերնագրով հոդված, որը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու նպատակով ֆրանսիացի բժիշկների այցին Երեւան, կասկածի տակ է դրել այդ առաքելության մարդասիրական բնույթը՝ նշելով, թե բժիշկները վճարվել են 1800-ական եվրո, իսկ Ֆրանսիայի կառավարության հետ այդ այցը համաձայնեցված չի եղել։

«Այցերի մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով և, ներկա գտնվելով պատվիրակություններին դիմավորելիս, դեսպանությունը վերջիններիս Հայաստանում գտնվելու ընթացքում մշտապես կապի մեջ է եղել նրանց հետ։

Ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի՝ Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին»,- նշված է դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Երեկ «Հետքի» հետ զրույցում բժիշկների առաջին առաքելության ղեկավար Ալեքսանդր Մինյոնը հերքել բուժանձնակազմի վարձատրության մասին տեղեկությունը։

Այցերը կազմակերպած Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սիմոնյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան ասել է, որ բժիշկները չեն վարձատրվել։ «Առաջին խմբի ծախսերն ամբողջությամբ հոգացել է USAID-ին, երկրորդ խմբինը՝ Ֆրանսիայի կառավարությունը: ՀՀ կառավարությունը որևէ ֆինանսական ներգրավվածություն չի ունեցել այս գործընթացներում։ Այդ առաքելությունները մարդասիրական էին»,- հավելել է Զարեհ Սինանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter