
Մղարթի և Արդվիի ջրամատակարարման համակարգի նախագծման աշխատանքերը փակուղում են. նախագծողները չեն մասնակցում մրցույթին
Կառավարությունը 2019թ.-ի սեպտեմբերի 19-ի որոշումով` Օձուն համայնքի մեջ մտնող Մղարթ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին ու ներքին ցանցի կառուցման և օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) նորոգման համար Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է անցկացնել նախագծողների մրցույթ: Երեք ամիս անց՝ 2019թ.-ի դեկտեմբերի 24-ին, Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշման 48-րդ տողում՝ Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է իրականացնել ոչ միայն Մղարթի խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին ու ներքին ցանցի կառուցման, այլ նաև օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման նախագծերի պատրաստման մրցույթ: Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը «Հետք»-ին ասել, որ նախատեսված ծրագրով Ագարակի ջուրը Մղարթ հասցնելու համար Կարմիր Աղեկ գյուղի մոտ գտնվող Մղարթի նախկին պոմպակայանի տեղում կառուցվելու է նոր պոմպակայան, որտեղից խմելու ջուրը պոմպերով 3 կմ մղվելու է նոր կառուցված Մղարթի օրվա կարգավորիչ ջրամբար, ապա բաշխվելու է գյուղացիներին:
Մղարթի խմելու ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի ու օրվա կարգավորիչ նոր ջրամբարի նախագծման համար կառավարությունը հատկացրել է 3,6 մլն դրամ: Արսեն Տիտանյանի խոսքով՝ Մղարթում կառուցված նոր ջրամբարից ինքնահոս ճանապարհով խմելու ջուր է տրվելու նաև Օձուն համայնքի մեջ մտնող Արդվի գյուղին:
«Վերջինիս ջրագծի նախագծման աշխատանքերի համար Կառավարությունը հատկացրել 2,6 մլն դրամ»,- հայտնեց Ա. Տիտանյանը:
Կառավարության որոշումից անցել է գրեթե 10 ամիս: Տարածքային զարգացման հիմնադրամը 5 անգամ նախագծողների մրցույթ է հայտարարել, սակայն մրցույթներին որևէ հայտ չի ներկայացվել՝ Մղարթի և Արդվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման նոր համակարգի նախագծման համար:
Նախկինում հարևան Կարմիր Աղեկ գյուղի մոտ գտնվող պոմպակայանից Ագարակի ջուրը մոտ 3կմ հեռվից մղվել է Մղարթի օրվա կարգավորիչ ջրամբար, այնտեղից էլ տրվել է գյուղացիներին:
«Ինձ համար հանելուկ է սա: Մտածում եմ՝ կամ էստեղ սաբոտաժ են անում, կամ կառավարության կողմից հատկացված նախագծման գումարը քիչ է, չգիտեմ, չեմ կարող ասել, թե նախագծողները մրցույթին ինչու չեն մասնակցում: Մրցույթին մասնակից չի լինում, որ գան նախագիծն անեն, տեսնենք հլա Մղարթի ջրագծերի և ջրամբարի կառուցման գումարը ինչքան է կազմում, որ Կառավարությունը 2-րդ քայլն անի»,-ասում է Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը:
Նա որոշել է, զանգել Երևանի նախագծային ինստիտուտներից մեկին ու խնդրել, որ գնան մրցույթին մասնակցեն. «Մենք էդ նախագծողներին գյուղում կպատվենք և լավ կհյուրասիրենք՝ մեր ջրագծերի ու ջրամբարի կառուցման նախագծման աշխատանքները կատարելիս»,- ասում է Ավագ Մոսինյանը:
Տարածքային զարգացման հիմնադրամի գնումների բաժնի պետ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ Մղարթի ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցերի և օրվա կարգավորիչ նոր ջրամբարի կառուցման նախագծողների մրցույթը օրենքով սահմանված ընթացակարգով է գնում: Քանի դեռ հայտատու չկա, մրցույթը վերահրապարկվելու է:
«Ես կարող եմ միայն գնումների մասով ասել, որ 50-ից ավելի ծրագրերի մրցույթ ենք հայտարարել նախագծման համար, սակայն նախագծողները մրցույթին մասնակցելու հայտ չեն ներկայացնում, որովհետև ծանրաբեռնված են աշխատում: Օրենքն էլ թույլ չի տալիս առանց մրցույթի նախագծման պայմանագրեր կնքելու: Եթե շուկան չի արձագանքում, թերթերում և էլեկտրոնային հարթակներում նոր հայտարարություններ պետք է հրապարակենք: Մեզ համար էլ շատ մտահոգիչ է, բայց կարծում եմ ժամանակի մեջ խնդիրները կլուծվեն»,- հեռախոսով բացատրում էր հիմնադրամի գնումների բաժնի պետ Արթուր Սողոմոնյանը:
Երեկ՝ հուլիսի 9-ին 5-րդ մրցույթի բացված փաթեթում նույնպես հայտատու չի գրանցվել:
«Առաջիկայում հիմնադրամի կողմից կվերահրապարակվի 6-րդ մրցույթը: Պետք է հորդորել ծանոթ նախագծողներին մասնակցել մրցույթին»,- խորհուրդ տվեց Արթուր Սողոմոնյանը: Արսեն Տիտանյանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ հայտարարաված մրցույթներին նախագծողների հայտ չներկայացնելու դեպքում, Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրամատակարարման համակարգի նախագծման աշխատանքները կարող են ձախողվել: Այդ դեպքում Կառավարոությունը հետ կվերցնի նախագծման համար հատկացված 6,2 մլն դրամը, գյուղացիները խմելու ջրամատակարարման հարցում նորից կմնան փողոցի աղբյուրների հույսին:
«Էս որ թիվն է, մարդիկ տանը լողանալու ջուր չունեն: Ես պատրաստվում եմ գրություն ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել, որ բացառության կարգով թույլատրի Տարածքային զարգացման հիմնադրամին Մղարթի խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին ու ներքին ցանցերի և նոր ՕԿՋ-ի նախագծման աշխատանքերը պայմանագրային եղանակով իրականացնել որևէ նախագծային կազմակերպության միջոցով»,- ասաց Օձուն համայնքի ղեկավար Ա. Տիտանյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել