HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիճը

Սպարտակ Ղարաբաղցյան

Մեր թաղն ավելի շատ չգրված օրենքներով էր ապրում, և որքան էլ զարմանալի էր, չգրված օրենքների երդվյալ պահապանները ՕՐԵՆՔԻ մարդիկ էին` ԹԱՂԱՅԻՆԸ, ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԸ, ՖԻՆԲԱԺՆԻ ներկայացուցիչը։ Ամիսը մեկ Թաղայինը գալիս էր բաստուրմաջի Հակոբից, կահագործ Դերոյից, կոշկակար Մխոյից, դերձակ Հակոբից իր սահմանած հարկը, տուրքը առնում։ Հետո, իբր վերևներին գոհացնելու, վերևինների աչքը քաղցր պահելու պատրվակով, ամիսը մեկ բարձրացնում էր տուրքի չափը։ Նույնը ֆինբաժնի աշխատողն էր անում։ Լույսի մարդն էլ գալիս էր ու իբր լավություն հաշվիչների ցուցմունքները ետ պտտելով՝ իր հասանելիքն էր առնում։ Էս ամեն ինչը տեսնելով՝ մեր թաղեցի Վահեն, որ Բեյրութից էր ներգաղթել, ասել է. «ՍՈՎԵՏՈՒՄ առանց գողնալու անհնար է ապրել»...

Խանութպան Աբոն էլ իր հերթին էր գողանում, բայց դե փորձեիր ծպտուն հանել, կասեր՝ «Էս է, ուզում ես՝ առ, չես ուզում՝ մի առ...»։ Մի օր էլ թաղեցիներից մեկը փորձում է բարեկամաբար հասկացնել Աբոյին, ասում է՝ «Ախր Աբո ջան, ամոթ է, լավ բան չես անում․․․ Հորդ գներն ես դրել...»։

- Ո՞ւմ գները,- իբր չհասկանալով՝ հարցնում է Աբոն։

- Հո՛րդ,- շեշտված պատասխանում է հաճախորդը։ Աբոն մի պահ լռում է։ Պատճառը, երևի, ներս մտած նոր հաճախորդն էր, որն ակամայից պիտի դառնար երկխոսության վկան ու մասնակիցը։

-Ես ոչ հեր եմ տեսել, ոչ էլ մեր,- արհամարհական պատասխանում է Աբոն ու փորձում թաքնվել վաճառասեղանի ետևում։

«Հա, դու ՔՐԻՍՏՈՍԻ պես սուրբ ես» ․․․«ՔՐԻՍՏՈՍԸ գոնե մայր ուներ», - երկխոսությանը փորձում է խառնվել ներս մտած հաճախորդը, երկար ժամանակ զսպված դժգոհությունը դուրս շպրտելու առիթը բաց չթողնելով։ «ԵՍ ԲԻՃ եմ, պրծա՞նք...»,- հաղթվածի պես գրեթե բղավեց Աբոն, ու քիչ դադարից հետո ավելացրեց,- Ինձ մանկատանը ԲԻՃ ԱԲՈ էին ասում, դուք էլ ասեք, հանգստացեք... ։ Արդեն Աբոյի ձայնի մեջ անսովոր տխրություն կար, չապրված մանկության, մայրական գորովանքի, հայրական խրատ-ապտակի պակաս, դատարկություն, որը ոչ մի կուտակած հարստությամբ չես լցնի․․․։ «Մենք էլ ենք որբանոցում մեծացել, մե՞նք էլ ենք բիճ»,- տխուր հարցրեց հաճախորդը։ «Եղբորս, քրոջս Լենինականի որբանոցից ամերիկացիները տարան, ինձ թողեցին, հիվանդ էի...»,- շարունակեց մյուսը։ Աբոն նայեց հոգնած, ժամանակից շուտ ծերացած մարդուն ու պատասխանն ասես նրա դեմքին կարդալով՝ ասաց. «Քեզ տանեին, ի՞նչ անեին, գլխներին խաթա՞ սարքեին... Գիտես՝ քրոջդ, եղբորդ սիրուն աչքեր համա՞ր տարան.... Ամերիկայի դարդ ու ցավը կտրվե՞լ էր...»։ Աբոն մի պահ լռեց. երևի հիշեց, թե ինչպես էին իրենց որբանոցում էլ Ամերիկա գնացողներին ջոկում տկարներից, հիվանդներից ու տխուր եզրակացրեց․ «ԱՄԵՐԻԿԱՆ հենց ընենց որբին հաց չի տա...»։ «Դու ո՞ր որբանոցում ես եղել»,- հարցն Աբոյին էր ուղղված։ «Ի՞նչ տարբերություն, ՈՐԲԱՆՈՑԸ որտեղ էլ լինի, ՈՐԲԱՆՈՑ է մնում»,- տխուր ասաց Աբոն։ Ասես ուրիշ մարդ էր դարձել.... Թվում էր, երեք կորսված հարազատներ են գտել միմյանց, նույն ճակատագրի, նույն բախտի, նույն հոր ու մորից ծնված։ Աբոն ասես ամաչեց աչքաբաց լինելու համար ՈՐԲԱՆՈՑՈՒՄ ստացած «ԲԻՃ» մականունից ու մեղավորի պես ասաց. «Ախր էս անտերները,- ցույց տալով խանութի ապրանքները,- որ իրանց գնով ծախեմ, բա ՖԻՆԲԱԺՆԻ բերանը ո՞նց եմ փակելու...»:

30. 03. 2020

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter