HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կուրորտաբանության ինստիտուտի ճակատագիրն անորոշ է

Պետական գույքի մասնավորեցման ցանկում ներառված Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի ճակատագիրը դեռեւս անորոշ է: 90 տարվա պատմություն ունեցող այս ինստիտուտը ներառված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում: Չնայած 2020-ի ավարտին մի քանի ամիս է մնացել, սակայն պարզ չէ` ինստիտուտը մասնավորեցվելո՞ւ է, և արդյոք մասնավորեցումից հետո պահպանելու է իր պրոֆիլը, թե ոչ: Մայիսի 20-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին նախագիծ  էր ներկայացրել, որով առաջարկում էր մասնավորեցման ցանկում ներառված առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման որոշումը յուրաքանչյուր առանձին դեպքում վերապահել գործադիրին: Պատգամավորներին` թե’ իշխող խմբակցության, թե’ ընդդիմադիր սա դուր չեկավ, եւ նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով: Քննարկվեց նաև ինստիտուտի շենքը որպես հյուրանոց շահագործելու նպատակով վաճառելը:

Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցում գտնվող Կուրորտաբանության ինստիտուտի շենքը ճարտարապետական տեսանկյունից բավականին հետաքրքիր է: Երկթևանի շենքի մի մասնաշենքում հիվանդանոցն է, մյուսում` լաբորատորիան, որտեղ իրականացվում է Հայաստանի հանքային ջրերի ուսումնասիրություն: Այն իր տեսակով Հայաստանում միակն է: Այստեղ է տեղակայված նաև Երևանի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի ամբիոնը: Մասնաշենքներն իրենց բակային տարածքով  1,5 հեկտար են:

Տարածքը գնահատվել է 4 միլիարդ 664 միլիոն դրամ: Արդեն 48 տարի շահագործվող շենքը երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, հիվանդասենյակների վիճակից ակնհայտ է, որ հիվանդանոցը խոշոր ներդրումների կարիք ունի: Հիվանդանոցը 150 մահճակալային ֆոնդ ունի, սակայն երբեմն ապահովում է մինչեւ 200 մահճակալ: Աշխատակազմը` շուրջ 160 անձ: Ծառայությունների 70 տոկոսը պետպատվեր է, մնացածը վճարովի ծառայություններ են: Ինստիտուտն այլ ծառայություններ ևս ունի, որոնց շնորհիվ եկամուտ է ստանում, անհատ բժիշկների տարածքներ է վարձակալության տալիս, շենքում վարձակալության հիմունքներով դեղատուն է գործում:

Գիտությունը տուժում է անորոշության պատճառով

Կուրորտաբանության ինստիտուտի տնօրեն Տիգրան Վահրամյանն այն կարծիքին է, որ վերականգնողական բժշկության բնագավառն այժմ փոքր-ինչ անտեսված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Նրա խոսքով` իրենց խնդիրն է ինստիտուտի ուրույն տեղը որպես գիտահետազոտական ինստիտուտ ապահովելը: Ըստ Վահրամյանի` ինստիտուտով հետաքրքրված ներդրողներ եղել են, սակայն նրանց կաշկանդում է պրոֆիլի պարտադիր պահպանման պահանջը:

«Բնականաբար, էսօր բժշկական համակարգը, հատկապես շենքը կապիտալ ներդրումների կարիք ունի: Իհարկե, ցանկանում են լինի նման կլինիկա, բայց մի կողմից մտավախություն կա, որովհետև բժշկությունը ամենաեկամտաբեր ոլորտը չէ: Միգուցե լինի կիսապետական, կիսամասնավոր, մասնավոր-պետություն համագործակցության տարբերակում»,-ասում է Վահրամյանը:

Կլինիկայի հիմնական խնդիրը ջեռուցումն է, 2014 թվականին ապամոնտաժվել է ջեռուցման նախկին, դեռևս խորհրդային տարիներից գործող կաթսան, որից հետո  չի հաջողվել ջեռուցման նոր համակարգ կառուցել: Ձմռանը շենքը ջեռուցվում է էլեկտրականությամբ, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, քանի որ շենքում հոսանքի լարանցումներ նախատեսված չեն: Սա էլ իր հերթին ազդում է հիվանդանոցի պացիենտների թվի վրա, քանի որ ջրային բուժիչ պրոցեդուրաներ, մերսումներ իրականացնող կլինիկայում ամռան և գարնան ամիսներին հոսքը շատ է, նույնիսկ հերթեր են գոյանում, իսկ արդեն աշնանն ու ձմռանը թիվը կտրուկ նվազում է:

Ինստիտուտի ճակատագրի անորոշությունը բացասաբար է ազդում նաև գիտական աշխատանքների վրա: Տնօրենի խոսքով` գիտական աշխատանքների պոտենցիալ կա, սակայն կարգավիճակի անորոշությունը չի նպաստում դրան: 

«Թե' մեր բուժական ռեսուրսների լաբորատորիան, թե' մեր գիտականները ժամանակին վերահսկում էին սանատորիաների կուրորտային հատվածը: Այժմ բոլոր սանատորիաները սեփականաշնորհված են, ճիշտ է, իրենց հետ տարիների ընթացքում հաղորդակցությունը պահպանվել է, սակայն որպես գիտական  վերահսկողական ինստիտուտ որևէ լծակ չունենք: Օրինակ, կատարվում է հանքային ջրերի հետազոտություն,  վերջին ժամանակահատվածում տարբեր հատվածներում նոր ջրագծերի անցկացմանն առնչվող հարցեր են առաջանում, թե բացվող հանքը ինչ պարունակություն ունի, պիտանի է արդյոք խմելու համար, ինչ հանքայնացում ունի: Մենք Հայաստանում միակ կազմակերպությունն ենք, որը կարողանում է տալ եզրակացություն ոչ միայն ջրի կառուցվածքին, այլ այսպես կոչված բալնեոլոգիական եզրակացություն, որը որոշում է,  թե այդ ջուրը մարդու օրգանիզմի վրա ինչ բուժական էֆեկտներ, ինչ վտանգավորություն կարող է ունենալ: Եվ այն ոչ թե մեկանգամյա է, այլ տարվա ընթացքում պարբերաբար մոնիթորինգ է իրականացվում»,-ասաց Տիգրան Վահրամյանը:

Վահրամյանն այն կարծիքին է, որ օրենսդրական որոշակի փոփոխություններ են հարկավոր, պետք է հստակեցվի «բնական բուժական ռեսուրս» սահմանումը և դրա նկատմամբ կարգավորող գործառույթ լինի, այլապես հանգստյան տներում կարող է իրականացվել ցանկացած պրոցեդուրա` առանց հաշվարկելու առողջությանը հասցվող հնարավոր վնասը:

Վահրամյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին կենտրոնը դասակարգող ֆունկցիա է  ունեցել. առողջական խնդիր ունեցողը եկել է կենտրոն, որոշվել է առողջական վիճակը, և ըստ դրա ուղղորդվել կոնկրետ առողջարան: Ապա ընդգծում է, որ մասնագետների կարծիքով՝ Կուրորտաբանության ինստիտուտը պետք է լինի որպես առաջատար կարգավորող գիտահետազոտական  կենտրոն: Մեր այցելության պահին շենքում մասնակի վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Կլինիկան նախատեսում է մանկական բաժանմունք գործարկել եւ տեղում կազմակերպել սննդի պատրաստումը, որը վստահվել է մասնավոր կազմակերպության: Ըստ տնօրենի` վերահսկման մեխանիզմը բուժառուների գնահատականն է լինելու:

Տնօրենը ուշադրություն է հրավիրում նաեւ ինստիտուտի շենքի կառուցվածքային առանձնահատկությունների վրա, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ցանկացած արհավիրքի դեպքում շատ արագ վերապրոֆիլավորել հիվանդանոցը, մի մասում կազմակերպել բուժական պրոցես, մյուսում` վերականգողական:

Կենտրոնը ռազմավարական նշանակություն ունի

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը կարևորում է ինստիտուտի դերը առողջապահության ոլորտում եւ հիշեցնում, որ կենտրոնում է գործում հանքային ջրերի նյութաբանական հետազոտության լաբորատորիան, որը եզակի է մեր երկրում:

«Կարծում եմ՝ կարևոր և ստրատեգիական նշանակություն ունեցող լաբորատորիա է: Նախ պետք է հասկանալ  լաբորատորիայի ճակատագիրն ինչ  է լինելու`  պրոֆիլը պահպանվելու է, թե ոչ մասնավորեցումից հետո, թե լաբորատորիան մեկ այլ տեղ է տեղափոխվելու և որ գերատեչության ներքո է գործելու: Այս հարցերը քննարկման ենթակա հարցեր են, վերջնական տեսակետ կարելի է կազմել քննարկումից հետո»,-ասաց Զեյնալյանը:

Քաղաքական մեծամանության ներկայացուցիչը մանրամասնեց` մասնավորեցման գաղափարին  դեմ չէ,  բայց յուրաքանչյուր դեպք պետք  է դիտարկել առանձին և ոչ թե փաթեթային լուծում տալ, որ ցանկացած մասնավորեցվող հիմնարկի պրոֆիլի պահպանումը որոշի լիազոր մարմինը:

«Օրենքով ֆիքսված պետք է լինի, և յուրաքանչյուր դեպք դիտարկվի առանձին, թե  որ հիմնարկն է մանսավորեցվում, գնորդն ով է, եթե պրոֆիլը փոխվելու է, նախնական ինչ է լինելու էդտեղ, և ըստ այդմ կազմակերպել մասնավորեցում կամ թույլ չտալ»,-ասաց պատգամավորը:

Պետության համար խնդիր է առողջապահական կազմակերպությունների մասնավորեցումը

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով` 2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ցանկում կան ընկերություններ, հատկապես առողջապահական, որոնց մասնավորեցումը խնդիր է պետության համար: Բաբայանը որպես օրինակ մատնանշում է Կոտայքի մարզի Քասախ համայնքում գործող «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն: Տարածքը գրավիչ չէ, հատկապես պրոֆիլի պահպանման պահանջով, հետևաբար կլինիկայի աճուրդի ժամանակ որևէ հայտ չի եղել, և այն դեռ ներառված է մասնավորեցման ցանկում: Ինչ վերաբերում է Կուրորտաբանության ինստիտուտին, Բաբայանն ասում է` տարածքը գրավիչ չէ նույնիսկ առանց պրոֆիլի պահպանման նախապայմանի:

«Բուժհաստատությունների դեպքում այս հարցն առաջացավ  Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի ինստիտուտի առնչությամբ: Ակնհայտ էր,  որ այն որպես  բուժհաստատություն գրավիչ չէ, նեղ մասնագիտացումը ևս, ժամանակին, երբ այն ստեղծվել է, իր նշանակությամբ յուրահատուկ է եղել, հիմա նման յուրահատկություն չունի:  Զուգահեռաբար ԱՆ-ն ներկայացնում է իր դիրքորոշումը, թե որ որոշ բուժհաստատությունների ֆինանսավորումը` պետպատվերը նպատակահարմար չէ: Եվ եթե այդ հաստատությունները սկսեն վնասով աշխատել, պրոֆիլն էլ պահպանվի ու որևէ հետաքրքրություն չլինի, արդեն խնդիր է առաջանում»,-ասում է Բաբայանը:

Պետգույքի կոմիտեի նախագահի խոսքով` խնդիրներ կծագեն, եթե այդ ընկերություններն ինչ-որ պահի չկարողանան կոմունալ վարձավճարները կամ աշխատավարձերը վճարել: Հետևաբար, եթե լիազոր մարմինը, տվյալ պարագայում՝ առողջապահության նախարարությունը ինստիտուտի շահագործման նպատահարմարությունը չի տեսնում, ապա միգուցե ճիշտ է այն մասնավորեցնել:

Բաբայանն ասում է, որ Կուրորտաբանության ինստիտուտի դեպքում առհասարակ չեն քննարկել պրոֆիլի փոփոխությունը, քանի որ գիտական պոտենցիալի մասին լավատեղյակ են, սակայն չեն բացառում, որ ինստիտուտն այլ տարածքում գործի: Գործադիրի ներկայացուցիչը վստահեցնում է` բազմիցս փորձել են ներդրողներ գտնել` այն որպես վերականգնողական կենտրոն շահագործելու համար, սակայն դեռևս որևէ լուրջ առաջարկ չեն ստացել: Հետաքրքրվողներն էլ շատ ավելի քիչ գումար են առաջարկել, քան շենքի գնահատված արժեքն է` մոտ 3 միլիոն դոլար:

Բաբայանը մատնանշեց նաեւ Կուրորտաբանության ինստիտուտի հարևանությամբ 3,3 հեկտար տարածքով ռուսական նախկին հոսպիտալի չշահագործվող շենքը: Պետական Գույքի կոմիտեն նախատեսում է այն մրցույթի ներկայացնել հյուրանոցային համալիր շահագործելու նպատակով: Ապա հավելեց, որ ինստիտուտի տարածքով հետաքրքրվողներին մատնացույց են անում հոսպիտալի տարածքը՝ ասելով, որ խոշոր ներդրումների պարագայում կարելի է շահագործել որպես վերականգնողական կենտրոն և հյուրանոց, որոնք իրար կապող միջանցքով հնարավորություն կտան հյուրանոցում հանգստացողներին օգտվել վերականգնողական կենտրոնից:

Նա կոչ է անում պետական գույքի մասնավորեցումը չդիտարկել որպես վատ երևույթ, ասում է՝ շատ ավելի արդյունավետ է, օրինակ, վաճառել կամ վարձով տալ Պետական գույքի կոմիտեի շենքը, որը Կենտրոն վարչական շրջանում է և տեղափոխվել մեկ այլ տեղ` օրինակ Աջափնյակ վարչական շրջան: Դա իր հերթին և’ ներդրումներ կապահովի, և’ երթևեկությունը կթեթևանա: Ըստ այդմ՝ շատ ավելի ճիշտ մոտեցում է կենտրոնում տեղակայված գույքն օտարել, ապահովել մասնավոր ներդրումներ և համաչափ բաշխում ամբողջ քաղաքում:

«Մասնավորեցմանը պետք չէ նայել որպես վատ երևույթ, նախորդող տարիներին իսկապես վատ երևույթ է եղել, երբ արվել է ինչպես ասես, օրինակ՝ ինչ-որ մի նախարար իր նախարար եղած ժամանակ նախարարության շենքը սարքել է իր սեփականը, կամ մասնավորեցումների արդյունքում հայտնի իշխանավորներ են վերջնարդյունքում տիրացել այդ տարածքներին: Հիմա, երբ աճուրդով կամ մրցույթով հնարավորինս բարձր այդ մասին հայտնում ենք, որ հնարավորինս շատ մարդ տեղեկանա, ու մրցակցային ադյունավետ գործարք լինի, և շատ ավելի բարձր գնով այն վաճառվի, ու գումարն ուղղվի բյուջե...Կարծում եմ`այն վատ չէ, և մարդիկ պետք է փոխեն իրենց կարծիքը մասնավորեցման վերաբերյալ»,-եզրափակեց նա:

Ինստիտուտի լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter