HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ իշխանությունների օրոք չխիզախեցին դիմել ՍԴ, իսկ այսօ՞ր…

Մհեր Ենոքյան,
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Դեռ նախորդ իշխանությունների օրոք, երբ դեռ իրավագիտություն էի սովորում, գրավոր դիմեցի թե՛ այն ժամանակվա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, թ՛ե Սլավոնական համալսարանի իմ դասախոսներից, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանին` բարձրացնելով իրավական հարց՝ անարդար է, որ քաղաքացին իրավունք չունի դիմելու Սահամանադրական դատարան, երբ երկրի Նախագահի կամ Վարչապետի որևէ հրամանագրով, որոշմամբ է խախտվում քաղաքացու իրավունքը: Փոխարենը միայն հենց իր իրավունքը խախտած մարմինը (մարմինները) կարող են դիմել այդ ատյան: Այսինքն` արգելված է քաղաքացուն ՍԴ դիմելու միջոցով պաշտպանել իր իրավունքները, երբ հարցը վերաբերում է ոչ թե կիրառված օրենքի հակասահմանադրականությանը, կամ դրա մեկնաբանության հակասահմանադրականությանը, այլ հենց հրամանգիրը կամ որոշումն են հակասում ՀՀ Սահմանադրությանը: 

Ահա այդպես՝ արդեն 17 տարի մահապատժի դատապարտվածներս չենք կարողանում դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահով:  

Ապշում եմ, երբ հեռուստացույցով լսում եմ, թե ինչպես են որոշ իրավագետներ ու իրավապաշտպաններ Նիկոլ Փաշինյանին մեղադրում սահմանադրական կարգի տապալման մեջ: Լու՞րջ եք ասում` ներկայիս վարչապետ Փաշինյա՞նն է տապալում սահմանադրական կարգը: Այդ որտե՞ղ էիք, երբ ՀՀ նախագահ Քոչարյանը ինքն իրեն «դատավոր էր կարգել» ու մարդկանց ճակատագրեր էր լուծում` «դատավորի մուրճը ձեռքին»: ՀՀ նախագահը 2003թ. օգոստոսի 1-ին իր հանրահայտ 103-Ա հրամանագրով խախտեց  այն ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 5-րդ և 91-րդ հոդվածները` «հագնելով դատավորի պատմուճանը»`վերացրեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը և Հայաստանի Հանրապետության 42 քաղաքացու դատապարտեց ցմահ ազատազրկման` de facto և de jure իրացնելով  ՀՀ Սահմանադրությամբ միայն դատարաններին վերապահված` դատապարտելու` պատիժ նշանակելու գործառույթը: 

Հայտարարում եմ` մինչ օրս ես ապօրինի եմ պահվում բանտում, քանի որ 2003թ. օգոստոսի 1-ից ի վեր բանտում եմ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով իմ նկատմամբ ցմահ ազատազրկում պատժատեսակի սահմանված լինելու պատճառով: Այսինքն`դատարանի կողմից ես երբեք չեմ դատապարտվել ցմահ ազատազրկման: Նախորդ իշխանությունների ժամանակ դատարանները վախենալով քաղաքական իշխանության գլուխ կանգնած անձին դեմ գնալ` հրաժարվեցին արդարադատություն իրականացնելուց, քանի որ ցմահ պատժատեսակի սահմանումը 42 անձանց նկատմամբ ապօրինի էր` հակասում էր մի շարք օրենքներին և քրեական իրավունքի սկզբունքներին:

Պարոն Քոչարյան, որպես իրավաբան այն կարծիքին եմ, որ հենց Դուք եք տապալել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը ՀՀ նախագահ եղած ժամանակ 2003թ. օգոստոսի 1-ին, և ձեր խղճի վրա է 42 ցմահականներից արդեն զգալի մասի մահը: Դուք 42 անձի ենթարկել եք քրեական պատժի, այն էլ օրենքներին և քրեական իրավունքի սկզբունքներին հակասելով`ցմահ ազատազրկում պատիժ եք սահմանել մեր նկատմամբ և մինչ օրս այս հարցը մնում է մեր պետության դատաիրավական համակարգի խարանը:

Վրաստանում մահապատժի դատապարտված բոլոր անձինք վաղուց ազատության մեջ են. նրանց պատժատեսակները փոխարինեցին 15 տարվա ազատազրկմամբ, և նախկին  Խորհրադային միության երկրներից միայն Հայաստանը և Ադրբեջանը այս հարցի լուծման մեջ գնացին ապօրինի և մարդասիրությանը դեմ ճանապարհով: 

Ուշադիր կարդացեք այս օրենքը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Արդարադատության իրականացումը միայն դատարանների կողմից» հոդված 24-ի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, ոչ ոք չի կարող հանցագործության համար մեղավոր ճանաչվել, ինչպես նաև ենթարկվել քրեական պատժի այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան, դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է քրեական օրենքով, դատարանի իրավասությունը, նրա կողմից քրեական դատավարության իրականացման կարգը չեն կարող կամայականորեն փոփոխվել առանձին գործերի կամ անձանց կամ որոշակի իրավիճակի համար կամ որևէ ժամանակահատվածով…»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի այս տխրահռչակ հրամանագիրը Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել միայն ՀՀ նախագահը, ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն և Մարդու իրավունքների պաշտպանը: Նախորդ իշխանությունների օրոք նշված պետական մարմինները չխիզախեցին դիմել ՍԴ: Իսկ այսօ՞ր…

Հեղափոխությունը շարունակվու՞մ է… 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter